Հասարակություն

Գեղարքունիքի մարզպետարանը հույժ գաղտնի է պահում մրցույթի մասնակիցների թիվը  

Գեղարքունիքի մարզպետարանը հույժ գաղտնի է պահում մրցույթի մասնակիցների թիվը  

Ապրիլի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի կունենա մրցույթ Գավառի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Նշենք, որ մրցույթը դեռ 2020 թվականին էր հայտարարվել, սակայն կասեցվել էր: Մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մրցույթը կասեցվել էր կորոնավիրուսի եւ ռազմական դրության պատճառով. «Ռազմական դրությունը հանվեց, եւ մենք որոշեցինք մրցույթը վերսկսել»: Այն հարցին, թե քանի դիմում են ստացել մրցույթին մասնակցելու համար,Մանուկյանը ասաց, որ այդ հարցով զբաղվում է կադրերի բաժինը: 

Մարզպետարանի թե՛ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, թե՛ անձնակազմի կառավարման բաժնից մեզ ասացին, որ գաղտնի տեղեկավություն է, որը հրապարակման ենթակա չէ, եւ իրավասու չեն որեւէ ինֆորմացիա տալ մրցույթի մասնակիցների թվի վերաբերյալ, առավել եւս ասել, թե ովքեր են մասնակցում մրցույթին: Երկու բաժնին էլ հարցրեցինք` եթե բաց մրցույթ է տեղի ունենալու, ապա օրենքի ո՞ր տարրով է արգելվում մեզ ինֆորմացիա չտրամադրել, թե քանի անձ է դիմել մրցույթին մասնակցելու: «Չգիտենք որ օրենքով, բայց մենք չենք կարող Ձեզ ինֆորմացիա տալ»,-եղավ նրանց պատասխանը: 

Մեր տեղեկություններով՝ տնօրենի թափուր տեղի համար չորս անձ է դիմել, որոնցից մեկը Գավառի բժշկական կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Կարապետյանն է, ով փորձում է բարիդրացիական հարաբերություններ ստեղծել Գեղարքունիքի մարզպետի հետ, որպեսզի կրկին մնա իր «փոստին»:  

Աշոտ Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ կմասնակցի՞ մրցույթին, եւ որքանո՞վ իրեն կհաջողվի հաղթահարել մրցույթի փուլերը: «Մրցույթին մասնակցելուեմ, դե, այսքան ժամանակ կարդում եմ: Անցած մրցույթին հաղթահարեցի, բայց բանավոր փուլը չանցա, մնացի ԺՊ»:  

Մարզպետի կողմից հովանավորություն ունե՞ք: «Չէ, նման բան չկա, մեր մոտ մրցույթները նորմալ անցնում են, էդպիսի բաներ չկան»: Հարցին՝ ովքե՞ր են մրցույթի մյուս 3 մասնակիցները, Կարապետյանն ասաց. «Գիտեմ, որ բժիշկներ են Երեւանից, բայց չեմ ճանաչում»: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image