Առողջապահության նախարարությունը վերացրեց փակ տարածքներում դիմակներ կրելու պահանջը ու կամաց գնում է կորոնավիրուսային սահմանափակումները հանելու ուղղությամբ։ Փոխարենը՝ սննդային անհասկանալի սահմանափակումներ են հիմա էլ մտցնում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ այդ սահմանափակումները գործում են միայն թղթի վրա՝ ոչ ոք չի հետեւում դրանց կատարմանը։ Բայց առողջապահության նախարարը համառությամբ շարունակում է դրանք մտցնել, հանել, հետո նորից մտցնել՝ չկարողանալով ապահովել դրանց կատարումը, քանի որ դա իր գործը չէ, դրանով պետք է ոստիկանությունը զբաղվի։
Օրինակ՝ աշխատավայրերում 2 շաբաթը մեկ թեստավորման, ռեստորաններում եւ ժամանցի վայրերում QR կոդով մուտք գործելու պահանջներն օրենքով սահմանված են, բայց անտեսվում են ինչպես կատարողների, այնպես էլ վերահսկողների կողմից։ Ինչ վերաբերում է քովիդին, այն կարծես ուզում է նահանջել, թեեւ ԱՀԿ-ից ասում են՝ նման հեռանկար դեռ չեն տեսնում։ Երեկվա տվյալներով, Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսի 128 նոր դեպք եւ 5 մահ, կա 3 հազար 707 բուժվող հիվանդ։ Կորոնավիրուսի հետեւանքով առաջացած մահերի թիվը Հայաստանում երեկվա դրությամբ 8 հազար 568 էր։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրինք՝ փակ տարածքներում դիմակների կրման պահանջը վերացնելուց հետո թվերի փոփոխություն նկատվո՞ւմ է, հնարավո՞ր է դինամիկան այնպիսին լինի, որ նորից վերադառնանք սահմանափակումների խստացմանը։
«Այս պահին դեռ պահպանվում են նվազ թվերը՝ օրական, որը 2 շաբաթ է՝ արդեն գրանցում ենք եւ որեւէ աճման դինամիկա չենք նկատում։ Գիտե՞ք, մի փոքր բարդ էր կանխատեսելը, մենք երկու տարվա ընթացքում հասկացանք, որ այս վիրուսը երբեմն շատ անկանխատեսելի շրջապտույտներ է ունենում։ Եթե շտամի փոփոխություն չունենանք, պետք է որ այս իրավիճակը պահպանվի»,- ասաց Ավանեսյանը։
- Հիմա ռեստորաններում QR կոդի պահանջը պահպանվո՞ւմ է։
- Այո, QR կոդի կարգավորումը դեռ ուժի մեջ է։
- Իսկ Հայաստան մուտք գործելու մասով փոփոխություններ կա՞ն, որոշ երկրներ, օրինակ, հանել են մուտք գործելիս պարտադիր թեստավորման պահանջը։
- Ոչ, դեռ ուժի մեջ են բոլորը՝ կտեսնենք, ընթացքում մենք էլ կվերանայենք։ Պետք է պահը ճիշտ ընտրել, թե երբ ես հանում սահմանափակումը, եւ մենք այդ դիմակների կրման սահմանափակումը հանեցինք այն ժամանակ, երբ որ բոլոր հետազոտությունները եւ այլ երկրներում կիրառված փորձը ցույց են տալիս, որ հիմա ավելի անվտանգ շրջան է։
- Օրինակ՝ ընդդիմությունը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանի կառավարությունը տապալել է քովիդի դեմ պայքարը։ Հիմա Հայաստանը որքանո՞վ է տապալել կամ որքանո՞վ է հաջողել այդ պայքարում։
- Ես կարծում եմ՝ ընդհանրապես նման որակումներ տալը, թե տապալել է կամ հաջողել, թե՛ ժամանակավրեպ է եւ թե՛ անիմաստ, որովհետեւ ես հարց կարող եմ ուղղել՝ իսկ ո՞ր երկիրը հաջողեց կամ՝ իսկ ո՞ր երկիրը տապալեց։ Մենք պետք է ամեն բան համեմատության մեջ նայենք։ Հայաստանն իր համեստ ռեսուրսներով կարողացավ մոբիլիզացնել, կարողացավ ճիշտ կարգավորումներ ժամանակին կիրառել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների կյանքը, ապահովեց նրանց ամբողջական բժշկական օգնությամբ, թեստավորումների հնարավորություններով։ Մեր հիվանդանոցները լավագույն կերպով ծառայեցին, որպեսզի մեր պացիենտները, ովքեր որ հիվանդացել են, ստանան լիարժեք բուժում եւ առողջանան։ Էստեղ ամբողջական գնահատականներ, նման որակումներ տալը, կարծում եմ, լրիվ անիմաստ է։
- Ձեր պաշտոնավարման առաջին ամիսներին քովիդի թվերի կտրուկ աճ եղավ, եւ ճգնաժամային իրավիճակ ստեղծվեց։ Այդ ժամանակ Ձեր դեմ քննադատությունների ալիքը մեծ էր, պահանջում էին Ձեր հրաժարականը։ Երբեւէ Ձեր մտքով անցե՞լ է հրաժարական տալ եւ հեռանալ։
- Չէ, իհարկե, նման պաշտոն ստանձնելը շատ լուրջ որոշում է, եւ ես այդ որոշումը կայացրել եմ ու չեմ պատրաստվում ինչ-որ թեթեւ գնահատականների կամ ընդդիմության, կամ այլոց կողմից հնչեցված որակումների պատճառով հրաժարական տալ։
- Այդ «թեթեւ գնահատականները», սակայն, ուղեկցվում էին մարդկային ծանր կորուստներով եւ էմոցիոնալ ֆոն էին ստեղծում։
- Նորից եմ կրկնում՝ այո, ցավոք սրտի, այս համավարակի հետեւանքով ամբողջ աշխարհում գրանցվել է մոտ 6 մլն մահ, եւ դա համավարակի այդ ավերիչ հետեւանքն էր։ Բայց պետք է նայենք, թե ինչպես ենք մենք կարողացել մեր համեստ ռեսուրսներով, մոբիլիզացվելով, մեր բժիշկների, բուժաշխատողների նվիրումով, նաեւ առողջապահական համակարգի շատ կենտրոնացած եւ արագ արձագանքման պայմաններում անել հնարավորինը՝ պաշտպանելու մեր քաղաքացիների առողջությունը։