Նարեկ Սամսոնյանի հացադուլի առումով համարյա ոչինչ չեմ գրել նույնիսկ ՖԲ-ում, որովհետև չգիտեի ինչ գրել: Հասուն և գիտակից տղամարդը կայացրել է բարդ որոշում և կյանքի է կոչում այն: Ինչն, ի դեպ, չէր կարող արվել Նիկոլի կողմից, չնայած ինքը ևս չի խուսափել հայաստանյան բանտային կյանքից: Բայց եթե իր առումով բանտում հայտնվելն արդարացված էր՝ հիշենք հոգին փառավորվելու վերաբերյալ նրա ելույթը, ապա այն բացարձակ արդար չէ Նարեկի և մնացած քաղաքական բանտարկյալների առումով: Ու եթե նախկինների օրոք Նիկոլի թիկունքին էր ողջ քաղաքացիական հասարակությունը, արևմտյան ժողովրդավարությունը և նույնիսկ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի նշանակած ՄԻՊ-ը, այսօր դրանք չկան՝ մեռած ու թաղված են, կամ էլ մեռած՝ թաղված չեն: Համենայն դեպս, կենդանության նշաններ չեն ցուցաբերում: Ու մեկ-մեկ մտածում եմ, թե ինչու ես ու ինձ նմանները նախկին իշխանությունների դեմ պայքարում փողոցներում մաշեցինք մեր հասուն (իմ դեպքում) ու երիտասարդական (ուրիշների դեպքում) տարիները:
Ինչևէ, որպես թոշակառու տարիքի անձնավորություն՝ դարձել եմ պահպանողական ու չեմ կիսում Նարեկի լավատեսությունը գործող իշխանության, իմա՝ ՀՀ «մեծարգո» վարչապետի վարքագծի առումով: Վերջինս, իհարկե, կթույլատրի, որպեսզի վատանալու դեպքում Նարեկին հիվանդանոց հասցնեն, սակայն դժվար թե նրան ազատի մինչև հունիսի 8-ը, մինչև իշխանափոխությունը: Իսկ այդքան ժամանակ Նարեկը չի կարող դիմանալ: Մեկ-երկու տարի առաջ, հերթական հացադուլի օրերին ուսումնասիրել էի բանտարկյալների հացադուլային պատմությունը: Դա դաժան պատմություն էր՝ իշխանության կողմից մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի դրսևորումներով: Դրա տիպիկ օրինակը 1981 թվականի հյուսիսիռլանդացի բազմաթիվ հացադուլավորների պայքարն էր ընդդեմ անգլիական իշխանության: Ինչն ավարտվեց մեկ տասնյակ հացադուլավորի մահով՝ տարբեր անձանց առումով տևելով 46-ից 73 օր:
Ասեմ, որ միակ ընդունելի հացադուլն, իմ տեսակետից, ամերիկյան հայտնի աստղաֆիզիկոս Չարլզ Հայդերի նախաձեռնածն էր 1986-87 թթ.-ին. այն տևեց 218 օր: Ով խնդիր էր դրել դրանով հանրային կարծիք ձևավորելու ընդդեմ սպառազինության մրցավազքի ու միջուկային զենքի օգտագործման: Բայց ավելի ուշ, երբ ինքնառաջադրվել էր ԱՄՆ նախագահի թեկնածու, Հայդերը խոստովանել էր, որ որոշել էր երկարատև ծոմ պահել, քանի որ ավելորդ քաշ ուներ և կուտակել էր ճարպ, որը կօգներ նրան գոյատևել առանց սննդի։ Հացադուլի ընթացքում նա կորցրել էր 136 կգ կազմող քաշի կեսը՝ միայն ջուր խմելով և իմունային համակարգն ամրապնդելու նպատակով վիտամիններ ընդունելով: Ի դեպ, Հայդերի հացադուլի վերաբերյալ աշխարհում ամենից ավելի տեղյակը խորհրդային հեռուստադիտողն էր՝ ավելի, քան ամերիկացիները: Քանի որ համարյա ամենօրյա կտրվածքով կենտրոնական հեռուստատեսությունը ռեպորտաժներ էր պատրաստում Վաշինգտոնի Սպիտակ տան առջև տեղակայված վրանի բնակչի մասին. այդտեղ է անցկացվել հացադուլը:
Բայց մեր Նարեկը ո՛չ ավելորդ քաշի խնդիր ունի և ո՛չ էլ կարող է բանտում անընդհատ վիտամիններ ստանալ: Ու որպես համարյա կրկնակի նրանից տարիքով անձնավորություն՝ խորհուրդ կտայի պահպանել իրեն ու առողջությունն ավելի ծանր պայքարի համար, որ շուտով բախելու է մեր դռները հունիսի 7-ին ընդառաջ: Որովհետև այդ օրն է որոշվելու՝ Հայաստանը, որպես պետություն, կունենա իրական ապագա՝ նորմալ քաղաքացիներով: Թե «թուրանական ջուր» խմելուն (նիկոլական ձևակերպումով) պատրաստ մանկուրտների հավաքածուով բնակեցված տարածքի կարգավիճակով: Առաջին տարբերակի կոմնակիցը բոլոր գրագետ ու հայրենասեր հայորդիներն են, երկրորդինը՝ թուրքական պաշտոնատար անձինք ու նրանց կամքը կյանքի կոչողները: