Հասարակություն

Ի՞նչ է կատարվում Ջրային կոմիտեում 

Ի՞նչ է կատարվում Ջրային կոմիտեում 

«Հրապարակի» խմբագրությունն էլեկտրոնային փոստով այսօր նամակ էր ստացել, որտեղ ասվում էր, որ նոյեմբերի 1-ին աշխատանքից ազատվել է Ջրային կոմիտեի մամուլի եւ տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու Վարսենիկ Դավթյանը։ Նշվում էր նաև, որ նա վերջերս նշանակվել էր նաև Ջրային կոմիտեի ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու։ Եւ նամակում խնդրանք կար՝ ուղղված լրագրողներին, որ անպայման գնան այս ազատման հետքերով և լրագրողական հետաքննությամբ բացահայտեն, թե ինչ կադրային ջարդ է սկսվել Ջրային կոմիտեում։ 

Եւ քանի որ «Հրապարակը» միշտ արձագանքում է ընթերցողների խնդրանքներին, մենք նախ ուսումնասիրեցինք Վարսենիկ Դավթյանի ֆեյսբուքյան էջը, որտեղ տեսանք հայտարարություն այն մասին, որ Ջրային կոմիտեում 13 տարի աշխատելուց հետո նա հեռացել՝ շնորհակալություն հայտնելով բոլորին։ Ապա կապ հաստատեցինք Վարսենիկ Դավթյանի հետ, ով ասաց, որ ազատվել է աշխատանքից կամովին՝ իր դիմումի համաձայն։ Նա նշեց նաեւ, որ ինքն իշխանության համակիրներից է՝ դա է եղել աշխատանքից ազատման պատճառը։ 

«Իմ նախաձեռնությամբ եմ աշխատանքից հեռացել, բայց իմ մասով դա քաղաքական ենթատեքստ է կրում, քանի որ հանդիսանում եմ իշխանության համակիրներից։ Պետական համակարգում ենք աշխատում ու այն, որ կարող է համակիր լինել, էջին հետևելն ու լայքը իրենց վրա կարող էր ադեցություն ունենալ, գնալով ինքս էլ եմ համոզվում, որ այո՝ քաղաքական ենթատեքստ ուներ։ Ինձ իշխանության համակիր կարծելով ինքը այդպես համարելով ոնց որ բլոկ արեց ու հետո տարավ դեպի ազատման։ Նախաձեռնությունն իհարկե իմն է եղել, բայց որ այլևս չես կարողանում աշխատել՝ այդպես ստացվեց»,-խառնաշփոթ բացատրություն տվեց Դավթյանը։ Մեզ թվաց, թե դժգոհությունը Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանից է՝ Աբովյանի նախկին քաղաքապետից, որը նրան «հալածել է» իշխանության համակիրը լինելու համար։ Սակայն Վարսենիկն ասաց, որ Կոմիտեի նախագահի հետ շատ քիչ է շփվել՝ ամսական երկու-երեք անգամ։ 

«Հրապարակի» զանգին պատասխանեց Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռուզան Հարությունյանը, ով ժխտեց Դավթյանի՝ քաղաքական ենթատեքստով աշխատանքից հեռացվելու մասին հայտարարությունը․«Զարմանում եմ, որ ինքը նման միտք է արտահայտել, ով-ով, բայց ինքը լավ գիտի, որ նման խնդիր ընդհանրապես չկա կոմիտեում»,-ասաց Հարությունյանը։

Հարցին, արդյոք կոմիտեից այլ աշխատակիցներ եւս հեռացվե՞լ են՝ «կադրային ջարդ» կա՞։ Ասաց, որ նման բան չկա։ Ջրային կոմիտեի աշխատակիցը նշեց, որ մարդիկ տարբեր պատճառներով են հեռանում աշխանքից, իսկ կադրերի ջարդի մասին տեղեկությունները բացարձակապես հիմք չունեն։ Ինչ վերաբերում է Վարսենիկ Դավթյանի աշխատանքից հեռացմանը, Հարությունյանն ասաց, որ վերջինիս պայմանագրի ժամկետն էր լրացել։ Մենք նաեւ տեղեկացանք, որ վերջին շրջանում մի քանի աշխատակից է հեռացել Կոմիտեից՝ խորհրդականներ եւ այլք, բայց հստակ տեղեկություն չունենք՝ իրենց կամքով են հեռացել, թե՞ ստիպել են, որ հեռանան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image