Քաղաքականություն

Խամենեին չի կարող ռազմական հարվածի թիրախ լինել, որովհետև դա Արևմուտքին ոչինչ չի տա

Խամենեին չի կարող ռազմական հարվածի թիրախ լինել, որովհետև դա Արևմուտքին ոչինչ չի տա

«Հրապարակի» զրուցակիցն իրանագետ Տիգրան Դավուդյանն է։ 

- Թեև Իրանի իշխանությունները վստահեցնում են, որ երկրում բողոքի ալիքը նվազել է, ցույցեր գրեթե չեն լինում և վիճակը երկրում կայունացել է, ընդդիմադիր կայքերն ու ՏԳ ալիքները հակառակն են պնդում։ Գերագույն առաջնորդ Խամենեին, պարզ է, անկարգությունների և արյունահեղության գլխավոր մեղավորներ համարում է ԱՄՆ-ին և Իսրայելին։ Իրականում ի՞նչ վիճակ է հիմա հարևան Իրանում։

- Իսլամական հանրապետությունն իր հիմնադրման առաջին իսկ օրվանից, այսինքն՝ 1979 թ․ փետրվար, ունեցել է խնդիրներ հատկապես Իսրայելի և արևմտյան երկրների հետ։ Պետք է նկատի առնել, որ շահական ժամանակներում Իրանը համարյա ԱՄՆ կարևոր զինակիցներից էր և մեծ պատվար էր ընդդեմ ԽՍՀՄ թափանցման։ Վերջին ցույցերը նորություն չեն ԻԻՀ պատմության մեջ, քանի որ Իրանի առճակատումն Արևմուտքի հետ բերել է մի շարք դժվարությունների, մի շարք պատժամիջոցների, որոնք դժվարացնում են Իրանի, հատկապես՝ տնտեսական կյանքը։ Հիմա, քանի որ Իրանը ենթակա է խիստ պատժամիջոցների, ԱՄՆ-ի պատժամիջոցներին միացել են ՄԱԿ ԱԽ-ի սանկցիաները, դրա համար արդեն տարիներ ի վեր Իրանը չի կարողանում իր վաճառած նավթի գումարը կանխիկ արժույթի տեսքով ստանալ, սառեցված միլիոնավոր դոլարներ ունի մի քանի երկրներում։ Դա բերում է ժողովրդական դժգոհության և քանի տարին մեկ, քանի ամիս մեկ մենք ականատես ենք լինում նման ցույցերի։ Եղել են ցույցեր վառելիքի թանկացման դեմ, կանանց իրավունքների՝ գլխաշորի կրելու հետ կապված հարցերի դեմ, այժմ էլ՝ հատկապես տնտեսական ահավոր վիճակի և Իրանի ազգային արժույթի՝ ռիալի գահավեժ անկման դեմ։ Ցույցերը, կարծում եմ, կշարունակվեն տարբեր տեսքով։ Հիմա եթե իշխանությունները հալածում են, կարող են ժամակավորապես մարել, բայց վստահ եմ հետո նորից կսկսվեն, քանի որ տնտեսվարողները շատ դժգոհ են։

- Օրերս Դոնալդ Թրամփը, կարծես, ուրախալի լուրերով կիսվեց Իրանի վերաբերյալ՝ նշելով, որ ԻԻՀ իշխանությունները հրաժարվել են հարյուրավոր ցուցարարների կախաղանի միջոցով մահապատժի ենթարկելուց։ Ավելի վաղ նա նշեց, որ Իրանում սպանությունները դադարել են, ինչը, ըստ էության, ազդել է նրա՝ Իրանը ռմբակոծելու որոշումից հետ կանգնելու վրա։ Սակայն վերջին օրերին Թրամփ-Խամենեի «փոխհրաձգությունը» կրկին սրվել է․ ԱՄՆ առաջնորդը պնդում է, որ ժամանակն է վերջ դնել նրա երկարամյա կառավարմանն ու պետք է նոր ղեկավար փնտրել Իրանի համար։ Սա ռազմական ուժի կիրառման նոր սպառնալիք չէ՞։

- Այո, ԱՄՆ նախագահն այս երկու շաբաթվա ընթացքում շատ հակասական հայտարարություններ է արել։ Իհարկե, Իրանի ընդդիմության շարքերում մեծ ոգևորություն կար, որ ԱՄՆ-ն Իրանում կկրկնի Վենեսուելայի խնդիրը։ Ես առաջին օրվանից ասել եմ, որ Իրանում նման դեպք չի պատահելու։ Մասնագետներն այն կարծիքին են, որ ԱՄՆ-ն ունի բավականին դժվարություններ և խնդիրներ՝ Իրանում ռազմական միջամտություն կատարելու համար։ Եթե այդ երկիրն ուներ բավարար պատճառներ Վենեսուելայի վրա հարձակվելու համար՝ նախագահ Մադուրոյին մեղադրելով Միացյալ Նահանգներ թմրանյութեր ապօրինի ներմուծելու մեջ, Իրանի դեպքում նրանք նման հիմնավորումներ չունեն, որովհետև նման հարվածի համար պետք է միջազգային հանրային կարծիքի դրական մոտեցումը։ Իսկ մենք գիտենք մի շարք հարևան երկրներ դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի ռազմական միջամտությանը։ Արաբական 5 երկրներ՝ Սաուդյան Արաբիան, Իրաքը, Բահրեյնը, Կատարը և ԱՄԷ-ն, ինչպես նաև Եգիպտոսը, որն արաբական մեծ երկիր է։ Սրանք բոլորը ԱՄՆ-ին խնդրել են Իրանի հարցով չդիմել ռազմական ուժի։ Ի զարմանս մեզ, Թուրքիան ևս միացել է այդ պահանջին և պաշտպանում է Իրանին։ Հարևան երկրները մտահոգ են, որ մեծ թվով գաղթականների հոսքի դեմը չեն կարողանա առնել, տարածաշրջանում ապակայունություն կտիրի, և Իրանը կարող է հակահարված հասցնել նույն այդ հարևան երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։

- Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զգուշացրել է անբարյացակամ երկրներին, որ Խամենեիի դեմ մահափորձը հավասարազոր է Իրանի դեմ պատերազմի, ուստի երկիրն ինքը նման ցանկություն ունեցողների դեմ պատերազմ կսկսի։ Որքանո՞վ է հավանական, օրինակ, Մադուրոյի ճակատագրի կրկնությունը ԻԻՀ գերագույն առաջնորդի դեպքում։ Ավելի վաղ խոսվում էր, որ Խամենեին պատրաստ է լարվածության ու սպառնալիքի դեպքում իր մերձավոր շրջապատի հետ լքել Իրանը, նույնիսկ խոսվում էր Ասադի օրինակով Ռուսաստանում ապաստանելու մասին։

- ԻԻՀ առաջնորդ Խամենեին չի կարող ռազմական հարվածի թիրախ լինել, որովհետև դա Արևմուտքին ոչինչ չի տա։ Իրանցիները շատ արագ կերպով կվերակազմակերպվեն։ Բացի այդ, Խամենեին վերացնելով չի վերանա իրանական հրթիռների վտանգ, որով այդքան մտահոգ են Իսրայելը, արաբական և անգամ եվրոպական երկրները, քանի որ Իրանում կգտնվեն շատ անպատասխանատու ուժեր, զինվորականներ, որոնք նույնիսկ Խամենեի հավանական սպանությունից հետո էլ կշարունակեն իրենց աշխատանքը և չի բացառվում, որ հրթիռներ կարձակեն այդ թիրախների վրա։ Դրա համար Թրամփը ամեն անգամ ԱՄՆ-ի ԳՇ-ի հետ խորհրդակցության ժամանակ մշտապես շեշտում է, որ պետք է իրեն ներկայացնեն ռազմական միջամտության գերազանց պլան, որը զերծ կլինի ձախողումից։ Ամերիկացիները գիտեն, որ մեկ կամ երկու առանցքային գործչի վերացնելով չեն հաղթահարի այդ խնդիրները։

- Առհասարակ, բողոքի ցույցերը կարծես տնտեսականից վերածվել են դասակարգային հակամարտության․ գահընկեց շահի աքսորյալ որդին՝ ընդդիմության պայքարն առաջնորդող Ռեզա Փահլավին բաց տեքստով մեղադրում է Խամենեիին և կոչ անում տապալել նրա ու այաթոլանների իշխանությունը՝ վերադառնալով շահի օրոք եղած իշխանակարգի։ Զուգահեռաբար, ցուցարարները հանդգնում են այրել առաջնորդի նկարը, անարգող վանկարկումներ և արտահայտություններ անել նրա հասցեին։ Ինչ է, երկրի թշվառ սոցիալ-տնտեսական վիճակի միակ մեղավորը նա՞ է։

- Սոցիալ-տնտեսական վիճակը շատ վատ է, գործարանները չեն աշխատում, էլեկտրաէներգիայի սաստիկ պակաս կա, հովհարային անջատումներ են, ինչպես նաև ազգային արժույթի տատանումների պատճառով տնտեսավորղները չեն կարողանում կազմակերպել իրենց աշխատանքը։ Այս իրավիճակից լավագույնս օգտվում են իշխանությունների ընդդիմախոսները։ Նրանց մի մասը ներսում է՝ հենց իշխանության մեջ, մի մասը՝ դրսում․ նրանց մեջ որոշ նախագահներ՝ Ռոհանի, Խաթամի և այլն, որոնք ավելի շատ ճանաչված են որպես բարեփոխականներ։ Խոսվում է նաև Ազգային անվտանգության քարտուղար Լարիջանիի մասին, ով ուզում է ավելի շատ լծակներ ստանալ և բարեփոխումներ անել երկրում։ Դրսում էլ ավելի մեծ թափ է հավաքում գահընկեց շահի 68-ամյա որդին՝ Փահլավին, ով առաջնորդում է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը։ Նա հայտարարել է, որ պատրաստ է անցումային կառավարության ղեկավարը դառնալ, ապա սահմանադրությամբ ու հանրաքվեով որոշել՝ իրանցիները թագավորական, նախագահական, թե վարչապետական համակարգ են ուզում։ Նրանից բացի արտասահմանում կան նաև ուրիշ ընդդիմախոսներ, որոնցից մեկը շատ հայտնի զինված խմբավորման ղեկավար է, ով մտադիր է վերադառնալ երկիր և անցնել իշխանության։ Նրանք հիմնականում իսլամական արմատականներ են։

- Ցավոք, հակակառավարական ցույցերի ընթացքում նաև Իրանի հայ քաղաքացիներ են սպանվել։ Ինչպիսի՞ն է հայ համայնքի դիրքորոշումն այս իրավիճակում։ Բնական է, որ մոտեցումները կարող են տարբեր լինել, բայց որպես կանոն, որքան գիտենք, Իրանի հայությունը հավասարակշիռ է ու քաղաքականապես վերապահ։

- Իրանում ունենք հազարավոր հայ քաղաքացիներ, և շատ բնական է, որ նրանք քաղաքական տարբեր հայացքներ ունենան։ Չպետք է զարմանալ, որ իրանահայության մի հատվածը պաշտպանի Իսլամական հանրապետությունը, իսկ որոշ հատված էլ՝ սատարի աքսորյալ թագաժառանգին, ով հավակնում է վերադառնալ Իրան։ Իմ տեղեկություններով, փոքրաթիվ իրանահայեր են մասնակցել վերջին ցույցերին, հաստատված է մեկ զոհի մասին, դա փաստ է, դրանց ավելի թվերին չեմ հավատում։ Բնական է, որ իրանահայերն էլ՝ որպես Իրանի քաղաքացիներ, պետք է կատարեն իրենց քաղաքացիական պարտքը։ Չի կարելի ասել, որ համայնք ես՝ պետք է միատեսակ կարծիք ունենաս։

- Ակնհայտ է նաև, որ Իրանում տեղի ունեցող զարգացումները չեն կարող մարտահրավերային չլինել Հայաստանի համար․ հնարավոր մարդկային հոսքից մինչև անվտանգային այլ գործոններ։ Այս պահին դուք ի՞նչ ռիսկեր եք տեսնում, ինչպիսի՞ն պիտի լինեն պաշտոնական Երևանի մոտեցումներն ու կանխարգելիչ գործողությունները։

- Իրավացի եք, մի շարք խնդիրներ ունենք․ նախ, եթե պատերազմական անցանկալի իրավիճակ լինի, Հայաստանը կունենա գաղթականների մեծ հոսք։ Մենք Իրան-Իսրայել հունիսյան 12-օրյա պատերազմի օրերին այդ հոսքին մասամբ ականատես եղանք։ Իրանահայերի մեծ մասը ՀՀ-ում բնակարաններ ունեն, և տեղափոխվելու դեպքում այստեղ մեծ խնդիր չեն ունենա։ Կան նաև ազգությամբ իրանցիներ, որոնք ևս Հայաստանում անշարժ գույք ունեն։ Մի մասն էլ, ինչպես պարզվեց նախորդ անգամ, մտադիր էին ՀՀ-ի միջոցով երրորդ երկիր մեկնել, քանի որ օդային ճանապարհը փակ է և միջազգային թռիչքներ չկային։ Այս խնդրին նորից կառնչվենք, ուստի պետք է պատրաստ լինել նրանց օգնել, օժանդակել։ Ըստ իս, Հայաստան-Իրան հարաբերությունների և մեր ռազմավարական շահերի տեսակետից նախընտրելին կայուն, ինքնիշխան Իսլամական հանրապետությունն է՝ իր տարածքային ամբողջականությամբ։ Եթե անգամ փոփոխություններ էլ լինում են, դրանք պետք է լինեն դանդաղ, հանդարտ՝ նախընտրելի է Իրանի ներքին ընդդիմության, ինչպես ասացի՝ նախկին նախագահների և նրանց համախոհների միջոցով, առաջնորդի փոփոխություն, սահմանադրության վերամշակում և այլն։ Եթե դրսից իշխանության գան, հնարավոր է վտանգվի TRIPP նախագիծը։ Վելայեթիի՝ գերագույն առաջնորդի կարծիքը հայտնի է, ըստ որի՝ Թեհրանը դեմ է Թրամփի նախագծին։ Մյուս ուժերը, որոնք ավելի շատ արևմտամետ են, Փահլավին նույնպես, եթե գան իշխանության, Իրանն այլևս դեմ չի արտահայտվի TRIPP-ին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image