Քաղաքականություն

Եթե մենք չլուծենք, մեր փոխարեն չեն լուծի

Եթե մենք չլուծենք, մեր փոխարեն չեն լուծի

Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը, որն իր մի խումբ համախոհներով տեւական ժամանակ է՝ գերեվարված է Փաշինյանի ռեժիմի կողմից եւ մեղադրվում է իբրեւ թե ահաբեկչություն եւ իշխանազավթում իրականացնելու փորձի մեջ, դիմել է հաջորդ շաբաթ Հայաստան այցելող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, որպեսզի նա միջամտի եւ վերջ դնի Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքներին ու հետապնդումներին։ Այդ մասին տեղեկացրել է Հայաստանում գտնվող Քրիստոնեական համաշխարհային համերաշխություն կազմակերպության նախագահը։ Թե ինչու ԱՄՆ փոխնախագահը պետք է նման առաքելություն ստանձնի, որն է նրա անձնական կամ ԱՄՆ պետական շահը Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի կասեցման հարցում, հայտնի չէ։ Ենթադրում եմ, որ պարզապես Գալստանյանը մտածում է, թե ամերիկացի պաշտոնյան կարող է առաջնորդվել քրիստոնեական գթասրտությամբ եւ համերաշխությամբ, բայց հազիվ թե։

Երբ տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ երկրում ապօրինությունների, մարդկանց անօրեն կալանավորումների, քաղբանտարկյալների առկայության, բռնաճնշումների հարցերով դիմում են տարբեր միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների ղեկավարներին, այդ երկրների հայաստանյան դեսպանատներին, նրանց մեղադրում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ չարձագանքելու, այդ անօրեն ու ապօրինի գործողությունները չտեսնելու մեջ, դարձյալ առաջանում է նույն հարցը՝ իսկ ինչո՞ւ նրանք դա պետք է անեն, ո՞րն է նրանց շահագրգռվածությունը, հանուն ինչի՞։ Նույն բանը կարելի է ասել այն դեպքում, երբ պահանջ է դրվում Բաքվի բանտերում պահվող եւ ապօրինի դատվող հայերի, ՀՀ քաղաքացիների մասով, նրանց նկատմամբ իրականացվող ապօրինություններին չարձագանքելու առումով։

Տեսակետը, որ այդ կառույցներն ունեն հումանիտար առաքելություն, որ այդ երկրներն իրենց հռչակել են միջազգային հանրություն եւ աշխարհում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպաններ, ունեն ստանձնած մարդասիրական հանձնառություն, նույնպես որեւէ հիմք չէ այդ կառույցներից կամ պետություններից որեւէ աջակցություն ակնկալելու համար։ Նույն տրամաբանությամբ՝ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի իշխանություն կոչվածները եւս ունեն որոշակի հանձնառություններ, ստանձնած առաջին հերթին սեփական հասարակության առաջ՝ պահպանել Սահմանադրությունը, առաջնորդվել օրենքով, պաշտպանել քաղաքացիների ազատություններն ու իրավունքները, սպասարկել հանրային շահը, բայց դա չեն անում։ Ինչո՞ւ այն, ինչ չեն անում Հայաստանի իշխանությունները, պետք է անի ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի կամ որեւէ այլ երկրի իշխանություն, տարբեր միջազգային կազմակերպություններ։ Ինչ է՝ նրանք ավելի՞ արդար են, ավելի՞ մարդասեր, թե՞ մեր մասին ավելի շատ են մտածում։ Այդ երկրների հասարակությունները եւս բազմաթիվ խնդիրներ ունեն, դժգոհություններ՝ սեփական իշխանություններից, բայց լսե՞լ եք որեւէ անգամ, որ ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի քաղաքական կամ հասարակական գործիչ դիմի Հայաստանի իշխանությանը կամ դրա առանձին ներկայացուցչի։

Բոլոր պետություններն առաջնորդվում են սեփական շահերով, եւ այդ միջազգային կազմակերպությունները եւս առաջնորդվում են այն պետությունների շահերով, որոնք դրանք ստեղծել, ֆինանսավորում եւ ուղղորդում են։ Եթե նրանց շահերից բխի՝ ճնշում գործադրել Հայաստանի իշխանության վրա, նրանք դա կանեն առանց Հայաստանի քաղաքացիների կամ հանրային գործիչների դիմումների, ինչպես անում էին նախկինում, երբ ամեն առիթով հարձակվում էին իշխանության վրա՝ մեղադրելով մարդու իրավունքների եւ այլ միջազգային սկզբունքների ոտնահարման մեջ, սպառնում պատժամիջոցներով։ Եթե դա իրենց չի հետաքրքրում, ապա Հայաստանի բոլոր քաղաքացիները մի խնդրագրի տակ էլ եթե ստորագրեն, նրանք դա չեն անի։ Սա պարզ ճշմարտություն է, որը նույնիսկ քննարկման առարկա չէ։

Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր անգամ, երբ մենք դիմում ենք որեւէ երկրի կամ միջազգային կազմակերպության՝ խնդրելով լուծել այն հարցերը, որոնք, որպես հասարակություն, մեր լուծման իրավասության տիրույթում են, մենք նախ ընդունում ենք, որ այդ երկրները եւ կազմակերպությունները գերիշխանություն ունեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ, կարող են ինչ-որ բան թելադրել կամ պարտադրել Հայաստանի թեկուզ ապօրինի եւ անօրեն իշխանություններին։ Դիմելով այդ երկրներին, նրանց ղեկավարներին եւ միջազգային կառույցներին, խնդրելով լուծել Հայաստանի եւ նրա քաղաքացիների խնդիրները՝ մենք ակամա խոստովանում ենք, որ մենք՝ որպես հասարակություն, անընդունակ ենք լուծելու այդ խնդիրները, անզոր ենք ոչ միայն ազդելու իշխանությունների կողմից կայացվող որոշումների վրա, որն այդպես է, մենք նաեւ անզոր ենք ապօրինի եւ հակազգային իշխանություններին փոխարինել ավելի օրինական, արդար եւ ազգային իշխանությամբ, եւ մեր միակ հույսն արտաքին միջամտությունն է։

Հայաստանին եւ նրա հասարակությանը հուզող խնդիրների լուծումը հնարավոր է միայն մեր միջոցով, երկրում լեգիտիմ եւ օրինական իշխանության ձեւավորման պայմաններում։ Մյուս բոլոր տարբերակները եւ փորձերը ոչ միայն արդյունավետ չեն եւ չեն կարող հանգեցնել որեւէ արդյունքի, այլեւ բարոյապես վնասակար են, կասկածի տակ են դնում մեր պետական ինքնիշխանությունը, մեզ վերածում են մի հաշմանդամ հասարակության, որն իր բոլոր հարցերի եւ խնդիրների լուծումը փորձում է գտնել դրսում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image