Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որի նպատակը անավարտ շինարարությունները ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացումն է:
Ըստ նախարարի` պետք է մի քանի կարգավորում մտցվի: Առաջին կարգավորումը վերաբերում է նրան, որ երբ առաջին շինթույլտվության ժամկետն ավարտվում է, պետք է այդ անավարտ շինարարության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր ավարտված շինության համար:
Երկրորդը, ըստ նախարարի, այն է, որ պետք է բարձրացվի շինթույլտվության համար վճարվող տեղական տուրքի չափը:
«Օրինակ` Երևան քաղաքի ցանկացած գոտում 5000 քմ շինարարության համար տեղական տուրքի չափը կարող է կազմել 500 հազար դրամ: Եւ մենք առաջարկում ենք երկու կարգավորում, առաջինը` առաջարկում ենք այդ տուրքի դրույքաչափերը բարձրացնել` տարբերակելու ըստ գոտիականության, այդ բարձրացումը կարող է կազմել 2-10 անգամ: Այսինքն` Երևանի առաջինից չորրորդ գոտիներում 5000 քմ շինության համար շինթույլտվության ստանալու տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 մլն դրամ: Նախատեսում ենք նաև, որ սահմանված ժամկետում շինարարությունն ավարտին չհասցնելու համար, երբ որ դիմի նորից երկրորդ կամ երրորդ անգամ դիմի շինթույլտվության ժամկետը երկարացնելու համար, պետք է վճարի ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
Նախարարը նշեց նաև, որ այս կարգավորումը Երևանում վերաբերելու է բոլոր տիպի շենքերին և շինություններին, Երևանից դուրս վերաբերելու է բացառապես բնակելի շենքերին, հասարակական և արտադրական շինություններին, այսինքն` բնակելի տներին չի վերաբերելու, իսկ սահմանամերձ համայնքներում որևէ փոփոխություն չի լինի: