Այլ

Ո՞վ է դեմ և ո՞վ՝ կողմ ՌԴ-ի՝ միջազգային մրցաշարեր վերադարձին. Բաքուն հերքեց, իսկ Հայաստա՞նը

Ո՞վ է դեմ և ո՞վ՝ կողմ ՌԴ-ի՝ միջազգային մրցաշարեր վերադարձին. Բաքուն հերքեց, իսկ Հայաստա՞նը

Սեպտեմբերի 11-ին Տիրանայում տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Ռուսաստանի՝ միջազգային մրցաշարերին վերադառնալու հարցը։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, ռուսաստանյան թիմերի՝ եվրոպական մրցաշարերին վերադառնալու գաղափարին կողմ են արտահայտվել Ադրբեջանը, Բուլղարիան, Սերբիան, Բոսնիա և Հերցեգովինան, Հունաստանը, Հունգարիան և Ղազախստանը։

Սկանդինավիան կողմ են եղել գործող սահմանափակումների մեղմացմանը. Շվեդիան, Ֆինլանդիան և Նորվեգիան առաջին անգամ չեն բացառել կանանց և երիտասարդական հավաքականների վերադարձը։

Պորտուգալիան, Իսպանիան, Իտալիան, Շվեյցարիան, Սլովակիան, Սլովենիան և Չեխիան պատրաստ են քննարկել այս տարբերակը ՈՒԵՖԱ-ի համաձայնությամբ։

Դեմ են հանդես եկել Լեհաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Ուկրաինան, ինչպես նաև Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Դանիան, Բելգիան, Անգլիան, Իռլանդիան, Շոտլանդիան և Իսլանդիան։ Լեհաստանը և Բալթյան երկրները հատկապես կոշտ դիրքորոշում ունեն։

Հիշեցնենք, որ ռուսական թիմերը որակազրկվել են ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի մրցաշարերից 2022 թվականի փետրվարի 28-ին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից անմիջապես հետո։

Ավելի ուշ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան /ԱՖՖ/ հերքել է այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ Ադրբեջանը աջակցել է Ռուսաստանի վերադարձին եվրոպական ֆուտբոլային մրցաշարեր։

Կառույցից հայտնել են, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Նշվում է, որ ԱՖՖ-ն այս հարցի վերաբերյալ ՈՒԵՖԱ-ից որևէ հարցում չի ստացել։ Ավելին, ֆեդերացիայի ներկայացուցիչները չեն մասնակցել վերոնշյալ հանդիպմանը։ Ընդգծել են նաև, որ առանց ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ ունենալու, կազմակերպությունը լիազորություններ չունի միջամտելու այս հարցերին։

Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այս տարվա ապրիլին քառամյա ժամկետով ընտրվեց ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում: Հետևաբար, ենթադրվում է, որ ՀՖՖ-ն կարող էր մասնակցել ՈՒԵՖԱ-ի վերոնշյալ քննարկմանը:

«Հրապարակ»-ն առաջիկայում կփորձի համապատասխան պարզաբանում ստանալ ՀՖՖ-ի ղեկավարությունից՝ արդյո՞ք մասնակցել են Տիրանայի հանդիպմանը և ի՞նչ դիրքորոշում են հայտնել ռուս ֆուտբոլիստների՝ եվրոպական մրցաշարերին լիարժեք վերադառնալու հարցով: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image