Ռուսաստանն ամենայն հավանականությամբ պատրաստ է ձգձգվող պատերազմի ռուս-ուկրաինական ճակատում, գրում է չինացի փորձագետ Մա Սյաոպինը Global Times-ում։ Ըստ նրա, ռուսական բանակն ըստ էության համբերատար պաշտպանական մարտավարություն է որդեգրել, պարբերաբար օդային հարվածներ հասցնելով ուկրաինական բանակի դիրքերին։ Մյուս կողմից, ըստ չինացի փորձագետի, Ուկրաինայի դաշնակիցներն Արեւմուտքում այլեւս չեն կարողանում թաքցնել հիասթափությունն ու ձգձգվող հակամարտության հանդեպ ունեցած դժգոհությունը։
Չինացի փորձագետը վերլուծել է ամառվա ընթացքում ուկրաինական բանակի իրականացրած «հարձակողական գործողություններն» ու եկել այն եզրակացության, որ եթե դրանց արձանագրած արդյունքները համադրվի ունեցած կորուստների հետ, ապա կարելի է ասել, որ արդյունքը շատ փոքր է։ Մասնավորապես, ուկրաինական կողմը չի կարողացել որեւէ ռազմավարական նշանակություն ունեցող որեւէ օբյեկտի հանդեպ վերահսկողություն հաստատել, սակայն դրա փոխարեն կորցրել է ՆԱՏՕ-ի կողմից տրամադրված սպառազինությունների մոտ 30 տոկոսը։ Չինացի մասնագետը նաեւ արձանագրել է, որ Արեւմուտքում նկատվում է ակնհայտ հոգնածություն ռուս-ուկրաինական պատերազմից, որը դառնում է արդեն «անտակ հոր» Արեւմուտքի համար։