«Ինֆորմացիայի այդ արտահոսքը եթե սպոնտան է եղել ու չծրագրված, ուրեմն համակարգում եղել է մեկը, ով շատ լավ հասկացել է, որ նման արտահոսք պետք է կազմակերպել, որպեսզի հասարակությունը գոնե տեղեկանա, թե ինչ է կատարվում»,- անդրադառնալով ակադեմիական քաղաքի ծրագրի շրջանակներում միավորվող եւ խոշորացվող բուհերի ու գիտական կազմակերպությունների ցանկին, որը մի քանի օր է՝ փոթորկել է մամուլն ու սոցիալական ցանցերը, ասում է երաժիշտ, երգահան Վահան Արծրունին։
«2-րդ վարկածն այն է, որ սա մաքուր քաղաքական տեխնոլոգիայի դրսեւորում է` հասարակության ընդհանուր տրամադրությունը շոշափելու համար: 2 վարկածներն էլ արդարացված են, որովհետեւ նպատակին հասան, ու չնայած տոների հետ համընկավ, բայց հասարակական կարծիքի բանաձեւումը շատ բուռն էր եւ հստակ, հատկապես՝ մասնագիտական համայնքներում։ Այս պարագայում հատուկ պետք է նշեմ Կոնսերվատորիայի դասախոսական կազմի ներսում եղած քննարկումներն ու վերաբերմունքի արտահայտումը: Սա շատ կարեւոր է, որովհետեւ Կոնսերվատորիան առավել անհեթեթ իրավիճակում է հայտնվել, 100 տարվա ճանապարհ անցած բուհը չի կարող ֆակուլտետ դառնալ..., սա ուղղակի ծիծաղելի է»,- ասում է Վ․ Արծրունին ու ընդգծում, որ այդ խոշորացման հետ կապված, ցավալիորեն, ոչ մի տրամաբանված հիմնավորում չի տեսել։
«Ես դրա հիմնավորումը ոչ մի տեղ չեմ գտնում, բացի այսպիսի իռացիոնալ ցանկությունից, որն արտահայտվում է հիմնականում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում, քանի որ իրենց հիմնական մոդերատորը, այսինքն՝ բոլոր «գաղափարների» գեներատորն ինքն է, որից հետո ամբողջ համակարգն ընկնում է կրակը, որովհետեւ ինչ-որ ձեւով պետք է բանաձեւի եւ, ամենակարեւորը՝ ինչ-որ ձեւով հիմնավորի այդ ամենը: Հիմա ես բոլոր պաշտոնական հաղորդագրությունների մեջ փորձում եմ գտնել որեւէ հիմնավորում` դրա կարեւորության ու անհրաժեշտության մասին, բայց չեմ գտնում դրանք: Այսինքն՝ հենց միայն այդ հանգամանքն ինձ եւ հասարակությանը մեծ ազատություն է տալիս մեկնաբանությունների համար, որից էլ հասարակությունն օգտվում է, քանի որ չկա ոչ մի հստակություն, ինչ ասես, կարելի է ենթադրել՝ սկսած նրանից, որ այդ գույքը վաղուց աճուրդի է հանված, եւ մենք ականատես ենք դառնում հերթական խոշոր կապիտալի վերաբաշխմանը, որովհետեւ հասկանալի է, որ բոլոր բուհերը քաղաքի տարածքի ոսկե ֆոնդն են: Վերջացրած նրանով, որ գուցե իսկապես գոյություն ունի որոշակի հայեցակարգ՝ վերջնականապես իմաստազրկել եւ բթացնել մեր հասարակությունն ու ազգը»:
Երաժիշտը զուգահեռներ է տանում «Գոյ» թատրոնի ու այս գործընթացի միջեւ. «Տարբերությունը հետեւյալն է. «Գոյ» թատրոնը միավոր է ընդհանուր համակարգի մեջ, իսկ այն, ինչ իրենք առաջարկում են բուհերի եւ կրթօջախների պարագայում, համակարգային բնույթ է կրում: Այսինքն՝ մեկը սուբյեկտիվ օրինակ է, մյուսը` օբյեկտիվ: Եվ այս «ինովացիաները» վերաբերում են ոչ թե 1, 2 կամ 3 բուհի, այլ ընդհանուր կրթական ստրուկտուրային, որը ձեւավորվել է տասնամյակների ընթացքում, եւ յուրաքանչյուրն իր պատմական, գիտական, կրթական արժեքն ունի: Ու երբ մենք տեսնում ենք, որ փորձում են այս տարածքներ ներխուժել առանց հիմնավորման, տրամաբանության եւ, ընդհանրապես՝ առանց իրականության հետ կապ ունեցող որեւէ հանգամանքների, ես հասկանում եմ, որ այստեղ ինչ ուզենք, կարող ենք ենթադրել։ Հետո՝ այս բնագավառն այսօր տգետ, մշակույթից, կրթությունից հեռու մարդկանց ձեռքում է, որոնք ինչ-որ մարդկանց հրամաններ են կատարում՝ ոչ մշակույթի, արվեստի դաշտից, այլ` դրսից»:
Եթե հանրային ճնշումն ավելի մեծանա, հնարավո՞ր է, որ գոնե արվեստի բուհերի մասով կասեցվի այս որոշումը։ «Երբ ձեր բողոքն էմոցիոնալ մակարդակի վրա է եւ նեղ, մասնագիտական շրջանակում է արտահայտվում, այն պարագայում, երբ կառավարության որոշման հետ գործ ունենք, ինքը որեւէ ազդեցություն չի կարող գործել այդ դաշտի վրա, որովհետեւ տրամաչափերը տարբեր են, բայց երբ դուք խնդիրն էմոցիոնալ, նեղ համայնքային բողոքի շրջանակից տեղափոխում եք դեպի իրավական դաշտ, այդ հարցը սկսում է դառնալ իրավական խնդիր: Ու քանի որ մենք, գոնե դեկլարատիվ, ժողովրդավար պետություն ենք, ես առաջարկում եմ այդ մեխանիզմներն օգտագործել. հրավիրել բուհի ընդհանուր ժողով՝ ուսանողության մասնակցությամբ, որը կընդունի ամբողջական կոլեկտիվի «դեմ» որոշումը։ Որից հետո հրավիրել միջբուհական ընդհանուր ժողով՝ յուրաքանչյուր «դեմ» որոշում ընդունած բուհի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կընդունի այդ մակարդակով ընդհանրական «դեմ» որոշումը։ Սրանից հետո դիմել դատարան՝ տանելով ամբողջ ընթացքն իրավական դաշտ։ Հակառակ պարագայում խնդիրը կտեղափոխվի փողոց եւ բարեհաջող կմարի։ Սա առաջարկում եմ՝ հույս ունենալով, որ յուրաքանչյուր բուհի ղեկավարություն իր ղեկավարած հաստատության շահերի երաշխավորողն ու պահապանն է, այլ ոչ թե նշանակված «օպտիմիզացնող լիկվիդատոր»»։
Անդրադառնալով երեկ Կոնսերվատորիայում հրավիրված ժողովին, որի ընթացքում ուսանողությունն ու դասախոսական կազմն իրենց ընդվզումը հայտնեցին ԿԳՄՍՆ ներկայացուցչին՝ Սարգիս Հայոցյանին, Վ․ Արծրունին, ով նույնպես ներկա է եղել հավաքին, ասում է․ «Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորադասխոսական կազմի եւ ուսանողության միասնականությունը ցույց տվեց «պատգամաբեր» կառավարության չինովնիկին, որ Հայաստանում ծնունդ առավ մշակութային ֆրոնտ։ Տեսնենք, թե մյուս բուհերը կկարողանա՞ն նույնչափ պահել սեփական Alma Mater-ների պատիվը»։