Քաղաքականություն

«Հրապարակ». Չհասկացվեց՝ Գյումրին դե՞մ է ռազմաբազային, թե՞ կողմ

«Հրապարակ». Չհասկացվեց՝ Գյումրին դե՞մ է ռազմաբազային, թե՞ կողմ

Շաբաթ օրը գյումրեցիները լարված, ցնցումներով լի օր անցկացրին։ Քաղաքն անհանգիստ էր մեծաքանակ ոստիկանական ուժերի ներկայությունից, Գյումրիում էր անգամ փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը, որը, իր ասելով` եկել էր հասարակական կարգը պահպանելու։ Իրարանցման պատճառը 100 տարուց ավելի Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայության դեմ երկու ակցիաներն էին․ մեկը՝ ընդդեմ, մյուսը՝ ի աջակցություն, մեկը՝ բողոքի, մյուսը` խաղաղության կոչերով:

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն ու թիմը օրվա երկրորդ կեսին Գյումրի ժամանեցին, նախապես ռուսական ռազմաբազան շրջափակած հարյուրավոր ոստիկաններով պաշտպանված՝ նրանք մտան ռազմաբազայի տարածք ու հայտարարեցին. «Ռուսական ռազմաբազան ՀՀ-ում սպառնալիք է, ոչ թե անվտանգություն»։ Հավաքվածները, որ հիմնականում մայրաքաղաքից էին՝ Ռուսաստանին դեմ պաստառներով, վանկարկեցին․ «Ռուսաստան, հեռացիր, մարդասպաններ, դավաճաններ»:

Ուշագրավ էր, որ ռազմաբազայի դեմ պայքարող ցուցարար֊ակտիվիստների թվում հատուկենտ գյումրեցիներ էին, թերեւս «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն էր նրանցից միակ ճանաչվածը։ Միեւնույն ժամանակ, ժամը 14։00-ից սկսած, Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում, որը կից է ռազմաբազային, հարյուրավոր գյումրեցիներ էին հավաքվել, խաղաղ ակցիա էին իրականացնում՝ ի նշան հայ-ռուսական բարեկամության եւ ռազմաբազայի կարեւորության: Հնչում էին հայրենասիրական երգեր, ոմանք, ռազմաբազայի կարեւորությունը ընդգծելով, ելույթներով էին հանդես գալիս, ծածանվում էր ռուսական դրոշը, ինչը հակառակ թեւի համախոհներից մեկին դուր չեկավ, ճչաց, թե «ռսի դրոշն էստեղ ի՞նչ կենե»։

Արձանագրենք, որ միջադեպն ընթացք չստացավ, եւ երկու կողմի ակցիան էլ ընդհանուր խաղաղ ավարտ ունեցավ։ Ռազմաբազայի դեմ ակցիային կարծես թե կարեւորություն չտվեց ռազմաբազայի զինվորական ղեկավարությունը, անհաղորդ մնացին իրենց շուրջ կատարվող գործողություններին, որեւէ կերպ չարձագանքեցին, ավելին՝ ոչ մի խոսք չասացին ցուցարարներին։ Իսկ թե ով ում ինչ ապացուցեց, որոշ ենթադրություններ կարելի է անել կազմակերպիչների գրառումներից։ Օրինակ, Արման Բաբաջանյանն իր ակցիան հաղթանակ էր որակել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ` հիշեցնելով, որ վերջինիս խոսքերը՝ «քանի ինքը քաղաքապետ է, բազայի դեմ ակցիա չի լինելու», չարդարացան։ Հայ-ռուս բարեկամությանը նվիրված խաղաղ ակցիային ներկա էր նաեւ Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, որը բավականին մտերիմ է 102-րդ ռազմաբազայի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսանդր Բեզբորոդովի հետ: Վերջին շրջանում Գյումրիում հաճախ են մեծ շուքով տոնվում ռուսական միջոցառումները։ Օրերս էլ նշվել էր Պատվո բլրի վերականգնման 15-ամյակը, որի շրջանակում Գյումրին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ էր հյուրընկալել։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առիթը բաց չթողեց՝ Գյումրու քաղաքային իշխանությանը քննադատելու։ Յուրաքանչյուր նմանատիպ միջոցառում նրանց կոշտ քննադատությանն է արժանանում, տեղի ՔՊ-ականներն անմիջապես ֆեյսբուքյան հարթակով գրոհի են անցնում, մասնավորապես գրելով ` ռսամոլներ, պուծինապաշտներ, Գյումրին ռուսական գուբերնիա դարձրած քաղաքային իշխանություն....

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image