Քաղաքականություն

Հեշտ չէ ներկայացնել մի երկիր, որն այլևս չկա

Հեշտ չէ ներկայացնել մի երկիր, որն այլևս չկա

Արցախի օկուպացիայից և ՀՀ իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո մեծ խնդրի առաջ կանգնեցին Արցախի Հանրապետության ներկայացուցչությունները` տարբեր երկրներում: Այլևս միջոցներ չեն տրամադրվում՝ դրանց գործունեությունը կազմակերպելու համար: Արցախի ներկայացուցչություններ կային Միացյալ Նահանգներում, Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ավստրիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում: 

Այս պահին Ֆրանսիայում դեռ իր գործունեությունն է շարունակում Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: Քանի որ Արցախի Հանրապետությունն այլեւս չի ֆինանսավորում ներկայացուցչությունը, իսկ ՀՀ իշխանությունը հրաժարվել է Արցախի նկատմամբ որեւէ պարտավորությունից, ստիպված են եղել նաև խմբագրել ներկայացուցչության իրավական ֆորմատը ու Արցախի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություն են բացել: «Հրապարակին» հասած տեղեկությունների համաձայն, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչը փորձում է հնարավորություննոր գտնել՝ Ֆրանսիայում ներկայացուցչության գործունեությունը շարունակելու համար: Հովհաննես Գևորգյանը բավականին երկար ու ֆրանսահայերի բնորոշմամբ` բավականին արդյունավետ է աշխատել, մեծ ծավալի աշխատանք է կատարել Արցախի համար և փորձում է պահպանել իր կարգավիճակը: 

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, փորձում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ կապ պահպանել: Սակայն Ֆրանսիայում Արցախի հարցերով զբաղվող մեկ այլ կազմակերպություն էլ կա՝ «Ֆրանսիական Լույս» հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարն է վիրաբույժ Լևոն Խաչատրյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Խաչատրյանը հավակնում է իր ՀԿ-ով Արցախի ներկայացուցչության դերը ստանձնել: Հիշեցնենք, որ հենց Լևոն Խաչատրյանի ղեկավարած կազմակերպության միջոցառմանն էր Ֆրանսիայում հյուրընկալվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

Արցախի ԱԺ պատգամավորները մեզ ասացին, որ Արցախի ներկայացուցչությունները ավելի շատ ձևական բնույթ էին կրում, քանի որ հիմնականում նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի շրջապատի մարդիկ էին նշանակվում եւ փաստացի որևէ կարևոր աշխատանք Սփյուռքում չէին կատարում: Իսկ Ֆրանսիայում հայկական համայնքն ու կազմակերպությունները շատ ակտիվ և արդյունավետ էին գործում և այդ հաջողություններն ու աշխատանքը պրոյեկտվում էր նաև Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության վրա: Իրենք` պատգամավորները 2023 թվականից հետո Արցախի ներկայացուցիչների հետ որևէ շփում չեն ունեցել, որովհետև ըստ էության դժգոհ են եղել՝ լավ չեն աշխատել: «Այնտեղ կան ավելի ակտիվ հայեր, ովքեր նախաձեռնող են եղել ու լավ արդյունքներ են գրանցել: Ինձ համար բացարձակ նշանակություն չունի՝ ով է դա անում, կարևորն արդյունքը լավ լինի: Երկար տարիներ նույն ներկայացուցիչն է անընդհատ տարբեր տեղերում աշխատել, բայց երբևէ շատ կարևոր բաներ չեն արել, որոշ դեպքերում սխալ մարդիկ են նշանակվել՝ դրա համար մենք առանձնապես մեծ հույսեր չտածելով իրենց հետ կապված, գործունեություն չենք ծավալել նրանց հետ»,-ասաց արցախցի պատգամավորը: 

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Արցախի ներկայացուցիչ, որպես այդպիսին, հիմա մենք չունենք, նրանց մի մասը վերադարձել է, որովհետև ֆինանսավորման խնդիր է եղել, մի մասն էլ սեփական միջոցներով է մնացել»: 

Որոշեցինք կապ հաստատել «Ֆրանսիայի Լույս» ՀԿ ղեկավար Լևոն Խաչատրյանի հետ: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ իր կազմակերպությունը հիմնականում սոցիալական և կրթական, մասամբ նաև բժշկական ծրագրերով է աջակցություն ցուցաբերում արցախցիներին: Նշեց, որ Արցախի կառավարության անդամների հետ կապ ունեն, ինչ վերաբերում է Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի հիմնած «Աջակցություն Արցախին» կազմակերպության և իրենց կազմակերպության միջև ձևավորված մրցակցությանը, ասաց, որ իրենք տարբեր հարցերով են զբաղվում` մրցակցության մասին խոսք անգամ լինել չի կարող: 

«Ես անձամբ ճանաչում եմ Հովհաննես Գևորգյանին, առանձնապես ոչ մի շփում չկա, շփում եղել է պատերազմի ժամանակ՝ զինվորների եհտ կապված: Ինքը հիմնականում քաղաքական ասպեկտներով է զբաղված, քաղաքական իմաստով է վառ պահում Արցախի հարցը, որքանով որ դա հնարավոր է անել, մենք լրիվ այլ գործ ենք ծավալում` որ հարցեր ունենայինք»,-ասաց Խաչատրյանը: 
Այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք` Արցախի հիմնախնդրի քաղաքական հարցերով զբաղվելու մտադրություն ունի՞, թե՞ ոչ, ասաց` մենք այն վիճակում ենք, որ եթե նույնիսկ քաղաքականությամբ զբաղվելը իրենց կոչումը չի, ունեն քաղաքական դիրքորոշում, որովհետև ցավը բոլորինն է` ազգային է: «Այս հանդիպումը, որը մենք կազմակերպել ենք, մենք չպետք է կազմակերպեինք, որովհետև, ըստ էության, հումանիտար և ուսուցողական ծրագրերով զբաղվող մարդիկ ենք, բայց դա մենք արեցինք, որովհետև շփումների ընթացքում հասկացանք, որ Արցախի իշխանությունները գտնվում են շատ ծանր իրավիճակում՝ չի կարելի այդ մարդկանց թողնել այդ վիճակում»,-ասաց ֆրանսահայ հանրային գործիչը:

Այսինքն, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը չի՞ կարողանում իր աշխատանքը լավ կատարել, ասաց. «Այդ հարցը ես ինձ չեմ տալիս` թե ով ինչ է կարողանում անել, ես տալիս եմ ինձ վերաբերող հարց` թե ես ինչ կարող եմ անել: Եթե ինչ-որ մեկը փողոցում ընկած է, ես դիմացի մայթով եմ անցնում, ես չպետք է կանգնեմ ու նայեմ, թե ընկածի մայթով անցնողն ինչու չի կանգնում, օգնում, ես անցնում եմ մայթն ու օգնում: Հովհաննես Գևորգյանը հիմնականում քաղաքական թեմաներով շատ գրագետ, շատ խելացի ձևով աշխատանքներ է տանում: Որքան ես եմ տեսնում, Գևորգյանը զանազան հանդիպումներ է կազմակերպու, Արցախի հարցը փորձում է վառ պահել, քաղաքական թատերաբեմից չի իջացնում ներքև, հաշվի առնելով, որ հիմա այդքան էլ մեծ չեն իր հնարավորությունները, դժվար է ներկայացնել մի երկիր, որն այլևս չկա, բայց այդ փորձերն անում է՝ իր ունեցած հնարավորություններով, իր շրջապատով, համենայնդեպս քաղաքական հարցերը հաստատ արվում է: Իսկ թե ինչն է անում, ինչը` ոչ, ինձ չի հետաքրքրում, որովհետև շատ հեշտ է քննադատելը... բոլորս` մեկը մյուսին քննադատելով հետընթաց ենք գնում»: 

Հիշեցնենք, որ Խաչատրյանի ղեկավարած ասոցիացիան ձևավորվել է 44-օրյա պատերազմի ժամանակ: «Մենք վիրաբույժների առաջին խումբն էինք, որ գնացինք Արցախ՝ մի մասը մնաց Գորիսում, կեսը գնաց Ստեփանակերտ՝ պատերազմի սկսվելուց երկու շաբաթ անց: Նոյեմբերին էլ եկանք, սակայն այս անգամ արդեն պաշտոնապես Ֆրանսիայի կառավարության հովանու ներքո այցելեցինք, և այդ ժամանակ մենք մնացինք Երևանում, որովհետև մեզ արգելված էր գնալ Արցախ՝ համապատասխան քաղաքական դիրքորոշումներցի ելնելով»,-տեղեկացրեց վիրաույժը: Հասկանալով, որ սարսափելի պատերազմը խոր հետքեր է թողնելու հասարակության վրա, որոշեցին ստեղծել ֆրանսիական ասոցացիա՝ վիրավորներին բուժում ապահովելու, ֆիզիկական և հոգեբանական ապաքինման պրոցեսներն ապահովելու համար, այլ բժիշկների հետ միասին, և միաժամանակ պարզել են, որ սոցիալական աջակցություն ցուցաբերելու կարիք էլ կա, որովհետև վիրավորներն ու իրենց ընտանիքները հայտնվել են ծանր սոցիալական իրավիճակում: Բլոկադայի ժամանակ էլ որոշ քանակով սնունդ, դեղորայք և սննդամթերք են տեղափոխել Արցախ: «Արցախահայերի տեղահանման ժամանակ մենք միակ ասոցացիան էինք Ֆրանսիայից, որ տեղակայվել էր Վայքում, մինչև 2023 թվականի դեկտեմբերի 24-28-ը»,-շեշտեց վերջինս: 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image