Հասարակություն

«Հրապարակ». Բռնի տեղահանված արցախցիների համար ինչ է անում պետությունը

«Հրապարակ». Բռնի տեղահանված արցախցիների համար ինչ է անում պետությունը

Արցախից տեղահանված 100 հազարից ավելի հայերի բանակը մի քանի օրում հայտնվեց Հայաստանի Հանրապետության ողորմածության ներքո՝ առանց տարրական միջոցների, իրերի, ամիսներ շարունակ սովյալ կյանքի ընտելացած, տառապյալ, առանց վաղվա օրվա հույսի։ Հարյուրավոր հայաստանցիներ աջակցում են իրենց հայրենակիցներին՝ ով տուն է տրամադրում, ով՝ իրեր, ով՝ աշխատանք։ Բայց ի՞նչ է անում պետությունը։ Որքանո՞վ է պատրաստ՝ ապահովելու մարդկանց կյանքը Հայաստանում, մանավանդ որ դեռ ամիսներ առաջ արցախցիների հոսքը կանխատեսված էր։ Անելիքների մեջ այս պահին թերեւս ամենաէականն ու սպասվածը մարդկանց կացարաններով ապահովելն է։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 3-ի դրությամբ Հայաստան եկած 100 514 քաղաքացուց 53 հազար 935-ին պետությունն է տեղավորել, մյուսներն ինքնուրույն են տեղավորվել։ Պատերազմների բովով անցած մարդկանց, որոնց մի մասն առաջին անգամ չէ տուն կորցնում, առաջարկվում էին բնակարաններ՝ հեռավոր գյուղերում, սահմանամերձ շրջաններում, ինչից նրանք մեծ մասամբ հրաժարվում են՝ գալով Երեւան կամ երեւանամերձ մարզեր։ Երեւանում սեպտեմբերի 25-ից հետո արձանագրվել է վարձով տների գների աճ։ 

100 հազար դրամ աջակցության տրամադրման կարգը կհաստատվի կառավարության առաջիկա նիստում: Խոստացվել է, որ հետագայում ամեն ամիս 50 հազարական դրամ է տրամադրվելու։ Իսկ միանվագ 100 հազար դրամը ստանալու համար անհրաժեշտ է հաշվառված լինել ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների բազայում եւ ունենալ բանկային քարտ։ 75 տարին լրացած, ինչպես նաեւ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն բանկային քարտ, աջակցություն են ստանում կանխիկ դրամով՝ «Հայփոստից»։ Բայց այս գումարները դեռ չեն տրվում, քանի որ ընթացակարգը առայժմ հաստատված չէ։ 

«Ընթացակարգը ներկայացրել ենք հոկտեմբերի 2-ին։ Հինգշաբթի եթե կառավարության նիստին հաստատվի, արդեն կիրականացնենք վճարման գործընթացը։ Այս պահին քաղաքացիներին ուղղորդում ենք, որ նրանք, ովքեր չունեն քարտեր, մոտենան, բանկերից վերցնեն, ու արդեն անցնենք վճարմանը»,- ասում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խոսնակը։ Կառավարությունը նաեւ 50 հազար դրամ աջակցություն է նախատեսել, որը տրամադրվելու է կացության հարցերի համար, եւ որը նույնպես դեռ իրավական ակտով սահմանված չէ` բարի մտադրություն է։   

Տեղահանվածների հետ զրուցելիս, սակայն, այլ տպավորություն է ստեղծվում։ Թվում է, թե նրանք անտերության են մատնված, նրանցով ոչ ոք չի զբաղվում։ Գրանցում են կարիքները եւ անգամ մի հեռախոսահամար չեն թողնում, որ կարիք լինելուն պես զանգահարեն «պետական» մարդու։ Միայն թեժ գիծ կա՝ 114։ Խոսքը Երեւան տեղափոխված արցախցիների մասին է։ Ստեփանակերտից տեղահանված Վահե Հարությունյանի համար պետության աջակցությունը եղել է միայն գրանցման տեսքով։ Նրան երեք անգամ են գրանցել` մեկի փոխարեն։ Նախ՝ Վայքում են գրանցել, ուղարկել են Ծովինար գյուղ։ «Ասացի` կինս հիվանդ է, Երեւանում բուժում է ստանում, ասացին՝ մեր տարբերակն էդ ա։ Ասացի՝ ո՞ւր գնանք, ասացին՝ ուր գնում եք, էնտեղ գնացեք։ Եկանք, մի անգամ էլ սոցապում գրանցեցին, շատ բարեհամբույր էին։ Հաջորդ օրը ուղարկեցին Փարաքար, նույն բանը՝ կարիքների հասցեագրման համար գրանցեցին։ Ասացի՝ գրանցել են արդեն, ասացին՝ նորից պիտի գրանցվել։ Էդտեղից էլ ուղարկեցին Շամշադին։ Ասացի էլի, որ չեմ կարող` կինս հիվանդ է, բայց այլ բան չառաջարկեցին։ Հարցրի՝ ե՞րբ են ինչ-որ աջակցություն ցույց տալու, ասացին՝ ձեզ կզանգենք։ 5-6 օր ա՝ էստեղ ենք, որեւէ բան չկա»,- պատմում է Վահե Հարությունյանը։ Նա հիվանդ կնոջ հետ մի սեփական տանը նկուղային սենյակ է գտել, համեմատաբար ցածր գնով, որտեղ կահույքից միայն «ռասկլադուշկան» է, մի երկու աթոռ ու սեղան։ «Ինձ հետ համարյա ոչինչ չեմ կարողացել բերել, բացի շորից»,- ասում է Վահե Հարությունյանը։ Նա բարձրագույն կրթություն ունի, աշխատանք է փնտրում։  

Խոսեցինք նաեւ Իզա Բալասանյանի հետ, ով 4 երեխաներով բնակվում է Երեւանում՝ հարազատի տանը։ Երեխաների շորերից բացի ոչինչ չի կարողացել բերել։ «Պետությունից ոչինչ չեմ ստացել։ Ուզում էին, որ գնամ սահման, ես չորս երեխեքի հետ ո՞նց գնամ պոստերը, հրաժարվեցի, եկա բարեկամիս տուն։ 14 հոգով երկու սենյակում ենք ապրում։ Գնացի Էջմիածին, որ տուն տեսնեմ, մեջը ոչ մի բան չկար, հեռու գյուղ, դատարկ պատեր։ Դա էլ ես էի գտել։ Էսօր Լենինգրադյան փողոցում մի բարեգործական գտա, երեխեքիս պատրաստի սնունդ տվեցին։ Պետությունն ինձ համար ոչինչ չի արել մինչեւ էսօր»,- ասում է երիտասարդ կինը։ Տպավորություն է, որ հատկապես Երեւանում բնակվող փախստականները պետական հոգածությունից դուրս են շպրտված։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image