Մշակույթ

Ծնողն իրավունք ունի մտահոգվելու, թե ինչ են սովորեցնում կամ քարոզում իր երեխային

Ծնողն իրավունք ունի մտահոգվելու, թե ինչ են սովորեցնում կամ քարոզում իր երեխային

Մերձավան համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը մի քանի օր է՝ լայնորեն քննարկվում է թե՛ համացանցում, թե՛ մամուլում: Ինչպես հայտնի է, դպրոցի ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները դժգոհ են նույն դպրոցի պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանից։ Նրանց պնդմամբ՝ Դավթյանն արդեն 6 ամիս դասավանդում է դպրոցում եւ ուսուցչին ոչ հարիր վարք է դրսեւորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, թրքասիրություն է քարոզում: Սակայն Ռ. Դավթյանն էլ իր հերթին է նշում, որ դպրոցի ամբողջ անձնակազմը, ծնողների ու աշակերտների հետ միասին, դուրս է եկել իր դեմ, եւ կազմակերպված ցանկանում են ազատվել իրենից:
ԿԳՄՍ նախարարությունը, բացի նրանից, որ դատապարտեց Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, այլեւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատեց եւ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց: Սրանով թեեւ իրավիճակը հանդարտվեց, բայց հարցը չլուծվեց:

Կրթության փորձագետ, Կրթության ազգային ինստիտուտի նախկին տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանն ասում է` իր մտահոգությունն ավելի խորն է, քան տեղի ունեցածը պարզապես միջադեպ դիտարկելը։ «Հակված եմ մտածելու, որ այն, ինչ տարիներ շարունակ եղավ Վանաձորում, իր դրսեւորումը կունենա նաեւ Գյումրիում եւ այստեղ` Փարաքարում, ու սա շղթայի օղակներից մեկն է»,- ասում է փորձագետն ու խնդիրը կրթական տեսանկյունից դիտարկելուց զատ, զուգահեռներ տանում այս օրերին ԱԺ-ում մեկը մյուսին հաջորդած միջադեպերին: 

«Զուգահեռաբար ինչ կատարվեց. Ազգային ժողովում բավականին սրվեցին կրքերն ընդդիմության եւ ՔՊ-ի միջեւ, ու հնչեցին արտահայտություններ, որոնք կարծես այս միջադեպի արձագանքներն էին, կամ էլ հակառակը` միջադեպը դրա արձագանքն էր. առողջապահության նախկին նախարարն ասում է` ով մեզ թուրք է ասում, որպես հայհոյանք, ես նրա ...... , այսինքն` դեմ չէ իրեն թուրք ասելուն, բայց միայն այն չդիտարկվի որպես հայհոյանք: Հետո այդ ընթացքում նույն ԱԺ-ում շրջանառվում է Դրոյի անունը, իբրեւ տեռորիստի, քանի որ սպանեց Կովկասի փոխարքային, ինչը նորից պատճառ դարձավ բախումների: Ու այս դեպքերի ֆոնին տեղի է ունենում Մերձավանի դպրոցի միջադեպը: Իմ խնդիրը, իհարկե, առաջին հերթին միջադեպն է, որի հետ կապված՝ 2 ենթադրություն կարող եմ շրջանառել, քանի որ ինֆորմացիաս սուղ է: Առաջինը` կա՛մ ուսուցչուհին գիտակցված գործողություն է անում` տեռորի ենթարկելով մի ամբողջ դպրոց, որի արդյունքում, փաստորեն, դպրոցի պաշտոնակատարը հեռացվեց, ու այստեղ պետք է պարզել, թե ինչու հեռացվեց: Եվ 2-րդ տարբերակը, որ նա պարզապես մոլորյալ է եւ չգիտի, թե որ պահին ինչ պիտի անի, բայց քանի որ մի անգամ արդեն դպրոցից հեռացվել է, եւ այլ ինֆորմացիաներ չկան, չեմ ուզում վերջնական եզրակացություն անել, պարզապես ուզում եմ իրեն դիմելով՝ նաեւ դիմել մեր հանրապետության բոլոր պատմության ուսուցիչներին»,- ասում է փորձագետն ու որպես օրինակ բերում այն միջադեպը, որը տեղի ունեցավ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հետ:  

«Տարիներ առաջ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին, որը մեր Հրանտ Մաթեւոսյանի սերնդակիցն է, գրեց «Քարակերտ երազներ» վեպը, որը նվիրված էր Ագուլիսի 12 եկեղեցիներին: Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր էր, Ադրբեջանի բոլոր հնարավոր մրցանակները ստացել էր, տարիքով արդեն 80-ին մոտ, բայց ի՞նչ արեցին նրա հետ, նրա գրքերը հանեցին փողոց, հրապարակայնորեն այրեցին, նրան հռչակեցին ազգի դավաճան, պահանջեցին, որ գենետիկ անալիզ իրականացվի, քանի որ ասում էին` նրա մեջ հայի արյուն կա, որովհետեւ ասել էր` հայերի հետ պետք է հաշտվել: Մինչեւ հիմա նա զրկված է պետական պարգեւներից, թոշակից, ամեն ինչից եւ տնային կալանքի մեջ է ապրում: Թող ինձ ների Աքրամ Այլիսլին, որպես գրող, որովհետեւ հիմա իր կողքին պետք է դնեմ Փարաքարի այդ դպրոցի ուսուցչուհուն. ո՞րն է հանրության, ծնողների մեղքը, ովքեր ընդդիմանում են նման քարոզին... իհարկե, սրանք համեմատելու բաներ չեն, բայց այդ դասարանում նստած երեխայի մայրն իր աղջկա ու տղայի մեջ կա՛մ ապագա զինվոր է տեսնում, կա՛մ ապագա մայր, եւ, բնականաբար, ինքն իրավունք ունի մտահոգվելու, թե ինչ են սովորեցնում կամ քարոզում իր երեխային: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտն արդեն 30 տարուց ավելի ձգվում է, եւ ոչ մի երաշխիք չկա, որ կավարտվի հենց վաղը, թերեւս մի երաշխիք կա՝ եթե կողմերից մեկն իրեն դնի մորթվող գառի տեղ ու բարձրանա զոհասեղան։ Հիմա այս իրավիճակում մենք պատրա՞ստ ենք դրան գնալ, բնական է` ոչ: Եվ, ուրեմն, պատրա՞ստ ենք այդպիսի քարոզ ընդունել՝ որպես պետական քաղաքականության դրսեւորում, որովհետեւ այդ ուսուցչուհին պետական քաղաքականության փոխանցողն է կրթության միջոցով»,- նկատում է Վ. Մարտիրոսյանը: 

Այդուհանդերձ, որեւէ ապացույց չներկայացվեց, որտեղ նա թրքասիրություն է քարոզել, ինքը՝ ուսուցչուհին, նշել էր, որ իր ասելիքը եղել է այն, որ բոլոր ազգերի մեջ էլ լավ ու վատ մարդիկ կան։ «Դրա համար նշեցի 2 հանգամանք, որ կա՛մ գիտակցված է անում, կա՛մ մոլորված է, իսկ մոլորված է, քանի որ հրապուրվում է այսօրվա քարոզչությամբ, որ կարելի է բարեկամություն քարոզելով, զիջելով, ավելորդ դեմոկրատ, մարդասեր, ճշմարտության պաշտպան լինելով՝ արդարացնել այդ ամբողջը: Ո՞վ չգիտի, որ ցանկացած ազգի մեջ ե՛ւ տականքը կա, ե՛ւ լավագույնը, ե՛ւ միջին զանգվածը, ո՞վ է երբեւէ որեւէ ժողովրդի ասել, որ նա ամբողջությամբ վատն է: Բայց այստեղ խնդիրը ժամանակի մեջ է, ինչո՞ւ ես Աքրամ Այլիսլիի օրինակը բերեցի․ որովհետեւ երբ դու պարտված կողմն ես, ձեռք մեկնողը պետք է հաղթող կողմը լինի, ինչպես այն ժամանակ մենք էինք»,-ասում է Վ. Մարտիրոսյանն ու հիշում, որ 2001-2002 թթ․՝ կրթության համակարգում աշխատելու տարիներին, հաջողվել է Հայաստան բերել Ադրբեջանի կրթության նախարարին, որին այն ժամանակ ընդունել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այն ժամանակ մենք հաղթած էինք, եւ մեզ պետք էր, որ իրենք գային մեր դաշտ, հիմա դերերը փոխվել են, եւ պետք է հասկանալ, որ այդ փոխված դերերով` ավելորդ հումանիստ, կարգապահ, ճշմարտախոս լինելը բացարձակապես հարիր չէ այս ժողովրդին: Այս պահին մենք պաշտպանական մեխանիզմ ձեւավորելու, ստեղծելու խնդիր ունենք, որովհետեւ գոյաբանական խնդրի առաջ ենք կանգնած: Թող այդ մարդասիրությունը, այլասիրությունը կամ թրքասիրությունը մնան ապագային, եթե կստացվի` ոչ ոք դրան դեմ չէ, բայց այսօր` ընդամենը 3-4 տարի հետո, այդ տղաները գնալու են բանակ` երկիր պաշտպանելու: Սա նման է նրան, որ դու զինվորի ձեռքին զենք ես տալիս, բայց միաժամանակ քարոզում ես` թշնամուդ չսպանել, որովհետեւ սպանելը մեղք է։ Խոսքը սրա մասին է, ու այդ առումով այդ ուսուցչուհին պետք է նաեւ իր չափը ճանաչի: Իսկ հիմա ի՞նչ է կատարվում մասնագիտական դաշտում` ոչնչացնում են ակադեմիական ինստիտուտները, որտե՞ղ է նրանց կարծիքը, ո՞ւմ են լսում, բուհական կառույցներից ո՞ր մի ամբիոնի կարծիքը լսեցին այդ պատմության դասագրքերը երաշխավորելուց։ Ոչ ոքի: Դրա փոխարեն ատեստավորումը որպես միջոց օգտագործելով եւ աշխատավարձի հարցը որպես խայծ կիրառելով՝ որդեգրում են իրենց քարոզչությանը նվիրված ու իրենց քարոզչությունն իրականացնող ուսուցիչների մի բանակ, որն այս պահին պարզապես նման է վարձկանների բանակի: Ի դեպ, այդ ուսուցչուհու հետագա քայլերից կերեւա, թե ինքը որտեղ է, եթե առաջիկայում գնա ատեստավորման, ու իրեն բարձրացնեն վերեւ, ուրեմն ինքն իրոք լծված է այս խնդրի լուծմանը: Իսկ, ընդհանուր առմամբ, կրթության համակարգին պետք է ասվի հետեւյալը` կա ազգային գաղափարախոսություն, կան ազգային արժեքներ, որոնք առաջնային են` անկախ որեւէ կուսակցության, ինչ-որ խմբի ժամանակավոր թելադրված կարգախոսներից ու գաղափարախոսությունից: Հատկապես պատմության ուսուցիչը պետք է կարողանա առանցքայինը, միջուկը, ողնաշարը, գաղափարախոսությունը զտել եւ ուսուցման խնդիրները կազմակերպել դրան ներդաշնակ»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image