Հասարակություն

«Հրապարակ». Մարդուն ասել են՝ ոնց որ թե դու ցույցի ես գնում, ու տարել են կալանքի

«Հրապարակ». Մարդուն ասել են՝ ոնց որ թե դու ցույցի ես գնում, ու տարել են կալանքի

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ցուցադրաբար ձերբակալեցին: Այդ օրը քաղաքապետարանի մոտ` իրենց քաղաքապետին պաշտպանելու եկած մարդկանց նկատմամբ էլ են վարույթներ հարուցել: Զրուցել ենք Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանի հետ: 

«Քրեական վարույթ նախաձեռնվեց, որ իրականացվել է զանգվածային անկարգություն, արդարադատությանը միջամտություն` խոչընդոտել են քննչական գործողությունների կատարմանը: Այդ վարույթի մեջ կա ոստիկանի ցուցմունք, որն ասում է՝ ես այս մարդուն տեսա, ինքն ագրեսիվ էր, ոստիկանին հրում էր, գնացի` բերման ենթարկեցի, ձերբակալեցի: Այդ ոստիկանը ստորագրում է, ցուցմունք է տալիս, մենք վերցնում ենք լրատվամիջոցների տեսագրությունը` այդ մարդը բոլորովին այլ տեղ է կանգնած, մոտենում է ոստիկաններին՝ առանց որեւէ բան անելու, ոստիկաններն իներցիայով վերցնում են, դնում մեքենան, բայց տանողները ոչ թե ցուցմունք տվող ոստիկաններն են, այլ Երեւանից բերված կարմիր բերետավորները: Բայց Գյումրու ոստիկանը ցուցմունք տալով, ասում է՝ ես տեսա նրան ամբոխի մեջ, ագրեսիվ էր, բերման ենթարկեցի»,- ասաց փաստաբանը: 

Այսինքն, տեսագրությամբ ֆիքս­վում է, որ գյումրեցի ոստիկանն ակնհայտ սուտ է խոսում: Հայրապետյանը շեշտում է, որ տեղացի ոստիկանների կողմից ձերբակալված գյումրեցի գրեթե չկա: «Անձանց մեծ մասը բաժին է տարվել հատուկ նշանակության՝ կարմիր բերետավորների կողմից: Տեղական ոստիկաններին երեւի ասել են` արի ցուցմունք տուր, որ տպավորություն ստեղծվի, որ դու կարող էիր անձին ճանաչել: Եվ երկրորդ. մարդկանց տարել լցրել են կաբինետները, եւ որ ոստիկանի կաբինետում այդ մարդը նստած է եղել, այդ ոստիկանն էլ ձերբակալման արձանագրություն է գրել եւ ցուցմունք է տվել: Դա օրենքի խախտում է՝ ՀՀ քրեական դատավարության 109 հոդվածն ասում է․ ձերբակալում իրականացրած անձը կազմում է ձերբակալման արձանագրությունը, այսինքն՝ ձերբակալման արձանագրությունը պետք է կազմի այն անձը, որը ձերբակալել է, այս դեպքում՝ կարմիր բերետավորները: Այնինչ իրենք բերման են ենթարկել, իսկ արդեն մեկ այլ ոստիկան կազմել է արձանագրությունն ու ցուցմունք տվել»: 

Տնային կալանք ու կալանք ստացած անձանց թիվը 45-ն է՝ ասում է փաստաբանը եւ շեշտում՝ այդքան ազատությունից զրկված մարդիկ կան: «Շատ մարդիկ այդտեղ պարզապես ներկա են գտնվել, մարդիկ կան, որ հետաքրքրությունից դրդված՝ եկել են տեսնելու, թե ինչ է կատարվում: Ի վերջո, տեսնում են, որ քաղաքապետարանի մոտ ինչ-որ աժիոտաժ կա, ի դեպ, աժիոտաժն էլ ապահովել է ոստիկանների այդքան մեծաքանակ լինելը: Ով եկել, դիմացները կանգնել է կամ ով փորձել է խնդրել, որ ընկերոջը բերման չենթարկեն, իներցիայի ուժով բոլորին տարել են եւ սկսել են ցուցմունքներ նկարել: Այստեղ ինչն է կարեւոր․ ասում են՝ արդարադատությանը միջամտել եք, որ իբրեւ Վարդան Ղուկասյանին չձերբակալենք, բայց պարոն Ղուկասյանն այդ ժամին գրեթե հասնում էր Երեւան, մարդիկ էլ այդ մասին գիտեին: Սրանով ուզում են հասկացնել, որ հանկարծ որեւէ մեկը չփորձի ինչ-որ բանից դժգոհել: Ուզում են ասել` չեղած բանից այսքան մարդու կալանավորեցինք, հանկարծ փորձեք շարունակել՝ կտեսնեք, թե ինչ կանենք ձեզ: Գյումրեցիների մեջ կա վիրավորվածություն, դժգոհություն, որն ինչ-որ ձեւով արտահայտվելու է, բայց ոչ հակաօրինական ձեւով, զուտ դիրքորոշման առումով` ընտրությունների ժամանակ եւ այլն: Ես կարծում եմ, որ չէր կարելի ամեն երեխայի բերման ենթարկել, նույնիսկ ծերունու՝ 70-ն անց, բերման են ենթարկել»,- ասում է փաստաբանը:

Անգամ դեպք է եղել, որ Սայաթ-Նովայի փողոցում ոստիկանները կանգնեցրել են, այնինչ այդ փողոցը քաղաքապետարանից բավականին հեռու է, ասել են՝ ոնց որ թե դու ցույցի ես գնում, ու տարել են կալանքի: «Դեմքից հասկացել են, որ երեւի թե անձը գնում է ցույցի, տանենք: Քանակ են դրել, ինչքան հնարավոր է՝ շատ: Գյումրեցիները մի քիչ հումորով են, ձերբակալման վայրերում տեղերը չէին հերիքում, տանում էին Արտաշատ, Ալավերդի, Վանաձոր, ծնողներն ասում էին՝ ծանոթ կա՞, մարդ մեջ գցենք, մեր երեխեքին հանկարծ Քարվաճառ չտանեն: Մի երկու հոգու էլ մոռացել էին ու թողել Արտաշատի ՁՊՎ-ում: Այնքան շատ են եղել, որ 6 հոգու մեղադրանք են առաջադրել, բայց ճանապարհին հաշվել են, նկատել են, որ մեկին մոռացել են ՁՊՎ-ում»,- շեշտեց Հայրապետյանը: Կալանքի ենթարկվածները հիմնականում ընտանիք պահող մարդիկ են, սակայն փաստաբանը նշում է` ցավոք, դա ոչ ոքի չի հուզում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image