Մարդկային էմոցիաները, հատկապես՝ տխուր պահերին դրսևորվող հուզականություն, արտասուքը, բնական երևույթներ են ցանկացած մարդու, այդ թվում՝ աշխարհի ամենազորեղ ու ազդեցիկ առաջնորդների համար: Լացուծիծաղի համար առանձնաշնորհյալներ չկան. քանի դեռ բաբախում է մարդու սիրտը, այն կարող է զգացմունքային ամենատարբեր դրսևորումներն ունենալ:
Շատ ենք տեսել համաշխարհային առաջնորդների, որոնք հուզվել են այս կամ այն ողբերգությունից եւ չեն թաքցրել իրենց հուզմունքը: Իսկ որ ողբերգությունները, ցավոք սրտի, անսպառ են և, ի դեպ, դրանց ստեղծողը նույն ինքը մարդն է, հաճախ նաև այդ ղեկավարները՝ կասկածից վեր է:
Ինչո՞ւ հիշեցի այս մասին: Մարտի 26-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողացել զսպել էմոցիաները՝ հատուկ ռազմական գործողության ժամանակ զոհված զինվորի մոր հուզական պատմությունից: «Հայրենիքի պաշտպաններ» հիմնադրամի ներկայացուցիչների ու շահառուների հետ Պուտինի հանդիպման ժամանակ կազմակերպության աշխատակցուհին, զոհված հերոսի մայր Օլգա Ժմիխովան խոսել է իր որդու սխրանքի մասին։ Նրա խոսքով՝ որդին ու նրա ընկերները կատարել են իրենց տրված հրամանը՝ դիմագրավելով թշնամուն և կրճատելով ջոկատի կորուստները։ Պուտինը, լսելով մահացած հերոսի մոր հուզական պատմությունը, դժվարությամբ է ընտրել խոսքերը, պատասխանելու համար կարճ դադար է վերցրել։ «Դժվարանում եմ մեկնաբանել, տղաները հերոսներ են, իհարկե, ինչ ասեմ, նրանք գիտակցաբար գնում են մահվան՝ իրենց ընկերների կյանքը փրկելու համար»,- ասել է նա եւ շեշտել, որ նման հերոսություն հնարավոր է միայն Ռուսաստանում։ Ամենադաժան, ամենախիստ ու բռնապետ առաջնորդի համարում ունեցող Պուտինի հուզմունքին առաջին անգամ չենք ականատես լինում: Նման տեսարաններ եղել են նաեւ այլ հերոսների հետ կապված միջոցառումների ժամանակ: Օրինակ Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում ընդգրկելու, իր նախագահական մրցավազքերից մեկում հաղթանակի ժամանակ:
Հիշում ենք նաև լուսահոգի Կարեն Դեմիրճյանի հուզմունքը, երբ ԽՍՀՄ տարիներին հրկիզվեց մարզահամերգային համալիրը եւ շնչակտուր Ծիծեռնակաբերդ հասած Կոմկուսի ղեկավարը արտասվելով խոստացավ համալիրն ամբողջությամբ վերականգնել: Լուսահոգի սպարապետը՝ Վազգեն Սարգսյանն էլ բանակի զորահանդեսից հետո արտասվալից աչքերով, հուզական վիճակում պատասխանում էր լրագրողների հարցերին:
Բայց... ՀՀ նորանկախ պատմության մեջ չմտաբերեցինք որեւէ երկրորդ ղեկավարի, ով հուզվել է ինչ որ ողբերգությամբ, կամ հայրենիքին վերաբերող իրավիճակներում. Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան…
Հայաստանի այս բոլոր ղեկավարներին որևէ մեկը հիշու՞մ է հուզված վիճակում: Ծիծաղելիս՝ որքան ասես, իսկ արտասվելի՞ս, կամ հուզված: Չէ՞ որ նրանց պաշտոնավարության օրոք էլ քիչ չեն եղել, եթե չասենք՝ բազմաթիվ առիթներ են եղել հուզվելու, զգացմունքներ արտահայտելու:
Արցախյան առաջին պատերազմ, հոկտեմբերի 27, մարտի 1, 2016-ի քառօրյա պատերազմ, Արցախի 44-օրյա արյունալի պատերազմ, Արցախի կորուստ, հազարավոր զոհեր, Բաքվում ապօրինաբար կալանքի տակ գտնվող հայ ռազմաքաղաքական գործիչներ, բանտարկյալներ: Շարքը կարելի է երկար թվարկել:
Իրականում հուզմունքի բացակայությունը ոչ թե կամքի, ուժեղ երևալու նշան է, այլ անտարբերության, անսիրտ ու անզգա լինելու դրսևորում: Պատերազմի մեջ գտնվող երկրի ղեկավարը հուզվում է որդեկորույս մոր խոսքերից, իսկ Փաշինյանական ոստիկանախումբը ստորացնում և քարշ տալով Եռաբլուրից հեռացնում էր հայրենիքի համար կյանքը տված հերոսների ծնողներին ու հարազատներին: Խոսքն այստեղ Պուտինի մասին չէ, որի գործողությունների հետևանքով հակառակ կողմում՝ Ուկրաինայում ևս հազարավոր մարդիկ են զոհվում: Խոսքն այն մասին է, որ ղեկավարների հուզմունքը` թուլության, իսկ դաժանությունն ու անտարբերությունը` ուժի նշան չէ: Մի բան, որ ցցուն առկա է Փաշինյանի վարքագծում, ով այնքան արցունք ու լաց է բերել հայությանը: