Դարի «պադավատապետ» Նիկոլ Փաշինյանը սխալ է ընկալել պադավատապետության վերաբերյալ իրեն ուղղված քննադատությունները։ Նա իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում` չի հասկանում, որ քննադատության առարկա են դարձել ոչ թե բոլոր պաշտոնյաներին սպասարկող ծառայողական մեքենաները, այլ իրեն ու իր ընտանիքին սպասարկող թանկ ու ճոխ ծառայողական մեքենաները, իր ընտանիքին պահելու համար պետական բյուջեից արվող շռայլ ծախսերը։ Նա որոշել է վերադառնալ 2018-ից առաջվա ընդդիմադիր Նիկոլի կերպարին եւ կրճատել երկրում օրեցօր աչող պադավատների քանակը, բայց ոչ թե սկսում է իրենից, իրեն ու իր կնոջն ուղեկցող ավտոշարասյունից, այլ, օրինակ, համայնքներից: Նա հանձնարարել է անգամ տեղական ինքնակառավարման մարմիններից վերցնել ծառայողական մեքենաները, մինչդեռ դրանք հիմնականում համայնքային բյուջեներից են ձեռք բերվել եւ չեն տնօրինվում կառավարության կողմից։
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ մարզպետարաններից գրություններ են ուղարկվել ՏԻՄ ղեկավարներին, որտեղ ասվում է, որ բացի քաղաքապետին սպասարկող մեքենայից, քաղաքապետարանի բալանսում գտնվող բոլոր մեքենաները պետք է հանձնել կառավարությանը։ Կառավարության վերջին նիսում Փաշինյանը գրեթե ուղիղ տեքստով սպառնաց համայնքապետերին՝ ծառայողական մեքենաները չկրճատելու դեպքում սուբվենցիոն ծրագրերից կզրկվեն համայքները։ «Ծառայողական ավտոմեքենաների գծով էն որոշումը, որ մենք կայացրել ենք, շարունակում է մնալ ուժի մեջ, և էն սկզբունքը, որ ես առաջադրել եմ, բոլոր համայնքներում պետք է կիրառվի՝ բոլո՛ր համայնքներում առանց բացառության: Իհարկե, էն համայնքները, ովքեր չեն ուզենա կիրառել, դրան համապատասխան հետևանք կհետևի, այսինքն՝ սուբվենցիոն ծրագրերի և այլ ծրագրերի սահմանափակումներ կլինեն: Էդ պարագայում թող համայնքների ղեկավարները իրենց համայնքների բնակիչների հետ պարզաբանեն էդ հարցը, թե որն է ավելի մեծ և կարևոր առաջնահերթություն»,- հայտարարել էր Փաշինյանը։
Այս այս որոշումը համայնքապետարաններում լուրջ դժգոհություն է առաջացրել, քանի որ ՏԻՄ մարմիններում նախ շատ չեն պադավատները, ապա կրճատելու դեպքում մարզի համայնքներ այցելելը բարդանալու է: Որոշ համայնքապետարաններում պատրաստվում են կրճատել փոխքաղաքապետների մեքենաները։ Իսկ բաժինները սպասարկող մեքենաների կրճատումը, համարում են, որ աշխատանքը կաթվածահար կանի, կտուժի աշխատանքը։ «Եթե բաժինների աշխատակիցները չունենան սպասարկող մեքենա, ինչպե՞ս է աշխատանքը կազմակերպվելու, աբսուրդ է այս որոշումը» -ասաց քաղաքապետերից մեկը։
Մյուս ասպեկտն էլ կա` Փաշինյանն ի պաշտոնե իրավունք չունի նման հրահանգ իջեցնել տեղական ինքնակառավարման մարմիններին, քանի որ վերջիններս ընտրովի մարմիններ են եւ կառավարության մաս չեն կազմում։ Երբ ՏԻՄ ղեկավարները մարզպետներին դժգոհել են, թե գյուղից-գյուղ ինչպե՞ս են գնալու, մարզպետներից մեկն ասել է. «ինչպես մենք՝ տաքսիներով»։ Բայց եթե անգամ պետական ծառայողի աշխատանքը կազմակերպվի տաքսիներով, միեւնույն է՝ պետական բյուջեի հաշվին է լինելու եւ չի բացառվում, որ դա ավելի թանկ լինի, քան ծառայողական մեքենա պահելը։ Չի բացառվում, որ 2025-ին էլ Փաշինյանի խելքին փչի՝ հեծանիվով գործի գնալու հրաման իջեցնել։