Պատճառները շատ են: Կարող եք ասել՝ Նիկոլն աննախադեպ բաներ արեց, ժամանակից շուտ իրեն հռչակեց վարչապետ, ինքը որոշեց միայնակ կառավարություն ձեւավորել, ԵՄ-ն օգնեց, Ամերիկան օգնեց, թուրքն օգնեց, Պուտինը մի բան էն չարեց, ընտրախախտումներ, թվանկարչություն: Լիքը բան կարելի է ասել: Նիկոլի այս պյուռոսյան հաղթանակի մասին, սակայն, ոչ մի քաղաքագիտական վերլուծություն լիարժեք չի լինի, եթե աչքաթող անենք այդ «հաղթանակի» ամենահիմնավոր պատճառները:
Եվ, ուրեմն, ինչո՞ւ հայերը չհեռացրին Նիկոլին՝ ունենալով թե՛ հրաշալի հնարավորություն, թե՛ լրջագույն պատճառներ: Պարադոքս է․ քեզ տանում է պարտության՝ դու նրան ես ընտրում, տալիս է 5 հազար զոհ, 12 հազար վիրավոր, հանձնում է Արցախը, Հայաստանի սուվերեն տարածքները, միեւնույն է, դու նրան ես ընտրում: Ասել, թե նախկինները Նիկոլից ավելի շատ ցավ ու զրկանք էին պատճառել հայ ժողովրդին, ճիշտ չի լինի: Նախկինների ժամանակ հայ ժողովուրդը գոնե պաշտպանված էր, երկիրն անտերուդուս ընկած չէր օտարի ոտքի տակ, բանակ ունեինք, մեզ հետ հաշվի էին նստում, նորմալ գնում-գալիս էին, բանակցում էին մեզ հետ: Թումանյանի խոսքով՝ ապրում էինք, էլի, մեռած հո չէինք… Հույս ունեինք՝ զարգացնել մեր երկիրը, ավելի հզորացնել… Բայց մեկ էլ Նիկոլը եկավ, ու պարզվեց, որ մեզ տրված չէ այդ ամենը, որ մենք հայի բախտ ունենք ու պարտավոր ենք խաչի պես կրել այդ բախտը: Ամեն ինչ ոչնչացրեց, վերացրեց, քանդեց… Պատերազմ, մահ, հայրենազրկում… Գիտություն, մշակույթ, ստեղծագործ աշխատանք՝ փախան մեր երկրից, բանկը դարձրեց պանսիոնատ, ուժայիններին՝ ձեռնասուն կուռկուռի ձագ, դռները բոլոր կողմերից բացեց ասպատակությունների առաջ… Մենք, սակայն, Նիկոլ ընտրեցինք: Դեբի՞լ էինք, թե՞ հայի բախտ ունեինք՝ չեմ հասկանում:
Իսկ երեկվա ընտրություննե՞րն ինչ էին… Խայտառակություն: 21 թվից այսկողմ այդ մարդը ոչ մի օր չի դադարել քանդել, փչացնել, ոչնչացնել… Է՛լ տուն, է՛լ ընտանիք, է՛լ եկեղեցի, է՛լ դպրոց, է՛լ գյուղ… Ամեն ինչ: Բանտերը լիքն են, ամեն օր՝ քրեական հետապնդում, ձերբակալություններ, շինծու մեղադրանքներ, կեղծ դատավարություններ, հաբռգած ոստիկանություն ու դատախազություն, քննչական ու հակակոռուպցիոն օրակարգ: Պիտի վերջ ունենա՞ր սա, թե՞ ոչ, մանավանդ որ կար դրա հրաշալի հնարավորությունը՝ ընտրությունը: Չէ, վերջ չունեցավ, էլի ընտրեցինք, էլի չկարողացանք չընտրել: Նրան ոչ ոք չօգնեց: Եկեք մեր մեղքն ուրիշների վրա չբարդենք: Ընտրել ենք: Ով ուզում է, թող ասի՝ ես չեմ ընտրել: Ընտրել ենք: Ընտրել ենք հավաքաբար:
Նա ընտրվեց կրկին, որովհետեւ մենք ուզում ենք խաղաղություն ամեն գնով՝ սողալով լինի, կոշիկ լիզելով, ամեն անգամ մի բան տալով: Միայն թե թշնամին պատերազմ չսկսի: Նա ընտրվեց կրկին, որովհետեւ, ինչպես Արցախը, երեւանցու տանձին չեն Սյունիքը, Վայքը, Արարատը, Արագածոտնը, Արմավիրը, Շիրակը, Լոռին, Գեղարքունիքը, Տավուշը, Կոտայքը, որովհետեւ շիրակցու եւ մյուսների տանձին չէ Երեւանը… Այսօր մեր հավաքական տանձին չեն 300 հազար ադրբեջանցիների ներգաղթը Հայաստան, Հայաստանից նոր տարածքների հանձնումն Ադրբեջանին: Նիկոլը վաղուց է հոգացել, որ ամեն ինչ հենց այդպես լինի, որ մենք անտարբեր դառնանք մեր ու մեր հայրենիքի ճակատագրի հանդեպ:
Եթե առաջիկա կիրակի օրը ընտրություններ նշանակվեն, մենք դարձյալ Նիկոլ ենք ընտրելու՝ մոռանալով այդ մարդու ամենավերջին այլանդակությունները՝ Հայաստանում իրական բռնապետություն հաստատելու ուղղությամբ: Ձայները չհաշված՝ ինքզինքը հռչակեց միանձնյա վարչապետ: Հա, բայց ի՞նչ է եղել, էլի կգնանք ու կընտրենք: Սովորել ենք ապրել ստի ու կեղծիքի մեջ, դավաճանության եւ մեզ մանրից հայրենազրկող այս մթնոլորտում: Սովորել ենք: Նիկոլն է սովորեցրել: Մենք վաղուց մեր դռան առջեւի փալասից այնկողմ ոչինչ չենք տեսնում: Իսկ դա սովորական կարճատեսություն չէ, դա արդեն ուղեղի հիվանդություն է: