Այսօր Ներքին գործերի նախարարությունը, ավելի կոնկրետ ոստիկանությունը, հաղորդագրություն է տարածել և բռնի տեղահանված արցախցիներին կոչ է արել հանձնել ապօրինի պահվող զենքը: Թե ինչո՞ւ է ՆԳՆ-ն կարծում, որ թշնամու հաշվեհարդարից մի կերպ մազապուրծ եղած արցախցիներն իրենց հետ ապօրինի զենք են բերել Հայաստան, այն դեպքում երբ մարդիկ անգամ անձնական իրեր ու հագուստ չեն հասցրել իրենց հետ վերցնել, մեզ այդպես էլ պարզ չդարձավ: Եւ հիմա ինչու են հատուկ հաղորդագրություն տարածում` շեշտելով, որ այն ուղղված է արցախցիներին, նույնպես պարզ չէ: Ստացվում է` հայաստանցիները կարող են ապօրինի զենք պահել, կամ` Հայաստանում գտնվող ռուս ռելոկանտները, միայն արցախցիներին է դա արգելված: Եւ վերջապես եթե նման տեղեկատվության է տիրապետում ոստիկանությունը, ուրեմն գիտի նաեւ դրա տեղը, ինչու չի բռնագրավում այդ ապօրինի զենքը, այլ միայն հայտարարություններ է տարածում:
Այս ու այլ հարցերի մասին մենք զրուցել ենք Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հետ:
- Պարոն Կարապետյան, ինչո՞ւ է Ներքին գործերի նախարարությունը կարծում, որ արցախցիներն իրենց մոտ ապօրինի զենք ունեն եւ կոչ է անում հանձնել: Դա իրատեսակա՞ն է:
- Երևի մտածել են, որ արցախիներն իրենց հետ զենք են բերել: Դե եթե էնտեղից զենք բերած լինեին, պրակտիկան էնպիսին է, որ պետությունը կարող է կարգավորել զենքի շրջանառությունը: Այդտեղ չկա արտառոց բան, պարզապես մի բան լավ չեմ պատկերացնում` ինչպե՞ս կարող էին արցախցիները զենք բերել Հայաստան: Եթե մարդիկ կարողանային թուրքի մոտով զենք անցկացնել, ապա փառք իրենց, բայց ո՞նց, սա է խնդիրը:
- Այսինքն` անհնար էր ադրբեջանական անցակետով զենք անցկացնելը:
- Ճիշտն ասած, ես չգիտեմ մեկին, որն իր հետ զենք բերած լինի Հայաստան: Ոչ մեկը չկա իմ շրջապատում: Չեմ էլ պատկերացնում, թե դա ինչպես կարող էր լինել: Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Ով փորձեր անցակետով զենք անցկացներ, ընտանիքի հետ միասին կկորեր, ինչի՞ մասին է խոսքը: Ես մարդիկ գիտեմ` ծառայողներ, որոնք զենքով են եղել, բայց անգամ նրանք են վախեցել: Զենքը չեն հանձնել, բայց չեն էլ բերել: Եթե հայերը նման բան անեին, ադրբեջանիցներն ինչ ասես կանեին, անգամ կսպանեին, ասածս այն է, որ զենք անցակետով չէին կարող անցկացնել: Մարդիկ վախեցած են: Ադրբեջանցիներն էդքան միամիտ չեն, որ էդպես ազատ թողնեին զենք հանեն Արցախից:
- Այդ դեպքում` ինչո՞ւ են իշխանությունները նոր «վհուկների որս» հայտարարել:
- Դե, հավանաբար իրենց պարտքն են համարել` արտառոց բան չկա այդ հայտարարության մեջ, արտառոցն այն է, որ չէին կարող զենք բերել: Հայտարարությունը ֆորմալ հայտարարություն է: Եթե ճիշտն եք ուզում իմանալ, լավ կլիներ, որ կարողանային էնպես կազմակերպել, որ զենքը Հայաստան մտներ, բայց չեն կարողացել: