Քաղաքականություն

Արդյո՞ք Հայաստանում ընդդիմություն կա

Արդյո՞ք Հայաստանում ընդդիմություն կա

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի են ունենում բազմահազարանոց բողոքի ցույցեր` «Ձեռքներդ հեռու Գրելանդիայից», «Յանկիներ, գնացեք տուն» կարգախոսներով: Գրենլանդիան երկրագնդի ամենամեծ կղզին է, գրեթե չբնակեցված: Դանիացիները տեղի բնիկներին տարբեր միջոցներով ցեղասպանության են ենթարկել, այն ունի կիսաինքնավար կարգավիճակ՝ Դանիայի կազմում, եւ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այն բռնակցել ԱՄՆ-ին: ԱՄՆ պաշտոնյաների մեծ մասը կողմ է դրան, ինչը նշանակում է, որ Գրենլանդիայի բռնակցումը վերածվել է պետական քաղաքականության: 

Գրենլանդիան պատված է սառույցով, բայց այդ սառույցի տակ հսկայական հանքահումքային հարստություններ կան, այն ունի ռազմավարական տեղադրություն` մոտ է Արկտիկային, որի հարստությունների վրա եւս ԱՄՆ-ն աչք ունի: Տիրանալով Գրենլանդիային՝ ԱՄՆ-ն մոտենում է Արկտիկային: Եվրոպացիներն ասում են, որ ամերիկացիների արածը դաշնակցին վայել չէ, իրենք նույն ռազմական բլոկում են`ՆԱՏՕ-ի անդամ են, իրենք միավորվել են, որ արտաքին սպառնալիքից համատեղ պաշտպանվեն, ոչ թե իրարից տարածք խլեն: Մենք միշտ ենք ասել, որ պետությունների հարաբերություններում «դաշնակից» բառն օգտագործելը տեղին չէ, չկա այդպիսի հասկացություն` դաշնակից կամ ոչ դաշնակից, կա սյուզերեն եւ վասալ հարաբերություն: ԱՄՆ-ն եվրոպական երկրներին նայում է որպես իր վասալների, որոնց ինքը ժամանակին վերցրել է իր ենթակայության տակ՝ նրանց «ազատագրելով» ֆաշիստական Գերմանիայի ենթակայությունից: Բայց Դանիայի օրինակը ցույց է տալիս, որ երբ հարցը վերաբերում է տարածքին, հողին, վասալը կարող է ըմբոստանալ տիրոջ դեմ՝ համարելով, որ տերն այնքան էլ լավ կամ ճիշտ չի վարվում իր ծառաների հետ: Թե ինչով կավարտվի այս դիմակայությունը, դժվար չէ հասկանալ. եթե ամերիկացիները որոշեն գրավել կղզին, նրանց ո՛չ Դանիայում կազմակերպվող բողոքի ցույցերը կկանգնեցնեն, ո՛չ էլ մի քանի տասնյակ եվրոպացի զինվորականները, որոնք գնացել են այնտեղ՝ իբրեւ թե ամերիկացիներից Գրենլանդիան պաշտպանելու: Մի՞թե նրանք կկրակեն ամերիկացի զինվորականների վրա, եթե նրանք այնտեղ ափ իջնեն, իհարկե` ոչ, եւ դա ավելի մեծ խայտառակություն կլինի, քան եթե այնտեղ ընդհանրապես որեւէ զինվորական չլիներ: Գերմանացի զինվորականներն արդեն հեռացել են կղզուց` երեւի հասկանալով իրենց՝ այնտեղ գտնվելու անհեթեթության աստիճանը:

Հիմա՝ մեր մասին. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի գրավում է Հայաստանի մի մասը, այսպես կոչված` Թրամփի ուղի է գցում Հայաստանի տարածքով, որի երկարությունը հայտնի է`46 կիլոմետր, բայց լայնությունն անհայտ է`որքան ուզենան, այնքան էլ կլինի: Հայաստանի իշխանություն կոչվածը ոչ միայն դրան չի դիմադրում, այլեւ՝ ընդհակառակը, սեփական երկիրն օտարին հանձնելը ներկայացնում է որպես մեծ ձեռքբերում: Պատկերացնո՞ւմ եք` Դանիայի իշխանություններն ասեին` ի՞նչ վատ բան կա Գրենլանդիան ԱՄՆ-ին հանձնելու մեջ, այնտեղ միլիարդավոր դոլարների ներդրումներ կարվեն, աշխատատեղեր կստեղծվեն, այնտեղ ապրող Դանիայի քաղաքացիների բարեկեցությունը կբարձրանա, ԱՄՆ-ն պատրաստ է նույնիսկ մի քանի միլիարդ էլ Դանիային տալ` կբաժանենք ժողովրդին, բոլորը գոհ ու երջանիկ կլինեն. բա մեզ պե՞տք է հավերժական սառույցի մեջ թաղված այդ կղզին: Բայց դանիացիներն ատամ են ցույց տալիս իրենց դաշնակից տիրոջը` բողոքի ցույցեր են անում, նույնիսկ զինվորականներ են ուղարկում Գրենլանդիա՝ հասկացնելով, թե պատրաստ ենք զենքով պաշտպանել մեր ունեցածը:

Լավ` ՀՀ իշխանությունների պարագայում ամեն ինչ պարզ է. դրանք ապազգային են, ուլտրալիբերալ-արեւմտամետ- թուրքահպատակ, կապիտուլյանտ, հող հանձնող, հայրենիք վաճառող: Իսկ ընդդիմությո՞ւնը: Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ում փաստաթուղթ է ստորագրում՝ Հայաստանի տարածքն ԱՄՆ տնօրինմանը հանձնելու մասին, իսկ Հայաստանում՝ ոչ մի բողոքի գործողություն, ոչ մի ցույց: Խոսքը մի քանի գործիչների կողմից հնչեցված քննադատական հայտարարությունների մասին չէ, խոսքը քաղաքական ուժերի կողմից արտահայտված քաղաքական դիրքորոշման, նրանց կողմից կազմակերպված գործողությունների մասին Է: Մի՞թե նույնը մենք իրավունք չունենք ասելու ամերիկացիների․ «Ձեռքներդ հեռու Սյունիքից», «Ամերիկացիներ, տուն գնացեք»: Բայց մարդիկ, ովքեր պատրաստվում են վարչապետի պաշտոնում փոխարինել Նիկոլ Փաշինյանին եւ ուզում են լինել Հայաստանի ապագա վարչապետը, քար լռություն են պահպանում: Ինչպե՞ս կարելի է բողոքել ԱՄՆ-ի դեմ:

Ինչո՞ւ որեւէ ընդդիմադիր ուժ դրա մասին չի խոսում, որեւէ մեկը որեւէ գործողություն չի նախաձեռնում: Մի պարզ պատճառով. այդ քաղաքական ուժերը, դրանց ներկայացուցիչները չեն ուզում հարաբերություններ փչացնել ԱՄՆ-ի, ԱՄՆ իշխանությունների հետ: Նրանց թվում է, որ եթե իրենք բողոքեն ԱՄՆ կողմից իրականացվող քաղաքականության դեմ, դրանով ավելի կամրապնդեն Փաշինյանի դիրքերը, ԱՄՆ իշխանություններն ավելի կմեծացնեն նրա իշխանությանը ցուցաբերվող աջակցությունը, կօգնեն, որ նա մնա իշխանության, որ իրականացնի ստորագրված համաձայնագրերը: Նրանից մեծ մասը համոզված է, որ Հայաստանի տերն ԱՄՆ-ն է, նաեւ՝ իշխանության իմաստով, եւ եթե իրենք ըմբոստանան տիրոջ դեմ, ապա երբեք հնարավորություն չեն ունենա իշխանության գալու, նույնիսկ՝ ընդդիմություն լինելու: Դրա համար ավելի անշառ թեմաների մասին են խոսում՝ պարգեւավճարներ, բյուջեի ոչ արդյունավետ կառավարում եւ այլն:

Մենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունից չենք ազատագրվի, սեփական իշխանություն ձեւավորելու հնարավորություն չենք ունենա, քանի դեռ Հայաստանը չի ազատագրվել ամերիկյան տիրապետությունից: Իսկ դրա համար պետք է, որ մարդիկ, առաջին հերթին՝ իրենց քաղաքական գործիչ համարողներն ազատագրվեն ամերիկյան հոգեւոր կամ գուցե մտավոր տիրապետությունից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image