Հավաքական ընդդիմությունը կամ այն քաղաքական ուժերը, որոնք իրենց ընդդիմություն են անվանում, միակարծիք էին այն հարցում, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա, և որ այս ընտրությունները ճակատագրական են Հայաստանի պետականության համար: Սակայն, պարզվեց, որ նույնիսկ այս գիտակցումը չկարողացավ ստիպել ամբիցիոզ քաղաքական գործիչներին ու քաղաքական ուժերին միավորվել ու խոշոր միավորներով մասնակցել ընտրություններին:
Եւ այդ ամբիցիան ծանր նստեց ոչ միայն հավաքական ընդդիմության, այլև մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս ու Սփյուռքի վրա: Հիշեցնեմ, որ խոշոր ընդդիմադիր դաշինքներին չմիացած «ընդդիմադիր» ուժերը ԿԸՀ-ի մանիպուլացնող հայտարարությունից հետո սկսեցին արդարանալ, թե տեսա՞ք, որ ոչ մի ձայների փոշիացում էլ չկա ու սկսեցին պնդել, թե իրենք հաղթահարում են անցողիկ շեմն ու անպայման լինելու են հաջորդ խորհրդարանում:
Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Իհարկե, հիմա չենք քննարկի, թե ինչ միջոցների դիմեց իշխանությունը այս թվանկարչությունը ստանալու համար, բայց անդրադառնանք, թե որքան կործանարար եղան այդ մեծ ամբիցիաները եւ կուսակցությունների՝ չմիավորվելու որոշումը:
Խոշոր դաշինքներով ընտրություններին չմասնակցած քաղաքական ուժերին բաժանենք երկու խմբի՝ ընդդիմադիր կուսակցություններ և պրո-նիկոլակական կուսակցություններ: Եվ այսպես, ընդդիմադիր կուսակցություններից ՀԱԿ-ը՝ հավաքել է 3206 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 7258 ձայն, «Միասնության թևերը»՝ 33644, «Բոլորին դեմ եմ»-ը՝ 21477, ԴՕԿ՝ 26567, Ազգային ժողովրդավարական բևեռը՝ 5485 ձայն, և արդյունքում ստանում ենք փաստացի կորսված 99 093 ձայն: Ինչպես ասում են՝ Կառլ, մի ամբողջ 99 հազար 93 ձայն, պատկերացնո՞ւմ ես:
Դե իսկ հիմա փորձեք պատկերացնել, թե ինչքան ավելի թույլ կլիներ ՔՊ-ն եւ դրա փոխարեն ինչքան ավելի ուժեղ կլինեին հավաքական ընդդիմության դիրքերն Ազգային Ժողովում, եթե այս ձայները չփոշիանային: Իսկ հիմա հարց եմ ուզում տալ ընդդիմադիր դաշտում դիրքավորված այս կուսակցությունների ղեկավարներին, որոնք շատ համոզված դեմքերով պնդում էին, որ իրենք հաղթահարելու են անցողիկ շեմը, հետո պարզվեց՝ 1 տոկոսից էլ պակաս ձայն են ստացել․ պարոնայք. հիմա գո՞հ եք, ո՞րն է տարբերությունը ձեր ցուցաբերած արդյունքի ու նույն Արման Բաբաջանյանի, Լևոն Շիրինյանի, Շնորհապետական կուսակցության ու այլոց փոշիացրած ձայների, որոնք հատուկ գնացին ու աջակցեցին իշխանություններին: Իսկ պրո-նիկոլական կուսակցություններն իրենց հերթին փոշիացրել են ընդհանուր հանրագումարով՝ 88 963 ձայն:
Ի վերջո, պարոնայք քաղաքական գործիչներ, ինքներդ էիք պնդում, որ այս ընտրությունները ճակատագրական են Հայաստանի համար, ինչո՞ւ համառորեն չզիջեցիք Ձեր այդ մի քանի հազար ձայնը՝ հանուն հայրենիքի փրկության, ինչո՞ւ չկարողացաք զսպել ձեր ամբիցիաները, որոնք ոչ պակաս վնասեցին բոլորիս գործին, քան պրո-նիկոլական կուսակցություններինը: