Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ ու ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից իրականացվել է Հանրային կարծիքի ուսումնասիրություն-հետազոտություն (հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից): Տվյալները հավաքվել են 2024 թվականի սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսային հարցման մեթոդով։
«Վերաբերմունքը քաղաքական գործիչներին եւ քաղաքական ինստիտուտներին» բաժնում ներառված այն հարցին, թե «Ո՞ր քաղաքական կամ հասարակական գործչին եք ամենից շատ վստահում», հարցվածների միայն 15 տոկոսն է նշել Նիկոլ Փաշինյանի անունը․
«Սա ամենամեծ ցուցանիշն է այս ցանկում, որովհետեւ մնացածի մոտ (Արարատ Միրզոյան, Արամ Զ․ Սարգսյան, Ալեն Սիմոնյան, Ռոբերտ Քոչարյան ) 1-3 տոկոս են ցուցանիշները։ Մեթոդաբանության մեջ նշվել է, որ հարցման ճշգրտությունը +-2 տոկոս է։ Այդ դեպքում, եթե Արարատ Միրզոյանը 1 տոկոս է, կամ Ալեն Սիմոնյանը 2 տոկոս է, որը ճշգրտության սահմանում է տեղավորվում, ինչը նշանակում է, որ սա համարյա զրոյական պատասխան է։ Որովհետեւ, եթե ձեր հարցման ճշգրտությունը +-2 տոկոս է, ու դու հարցման ընթացքում ստանում ես 1 տոկոս, դա ոչինչ է, ու եթե ձեր շեմից ցածր տոկոս եք ստանում, էլ ի՞նչ իմաստ ունի դա, եւ ինչո՞ւ եք տպագրում»,-նշում է սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գ․ Պողոսյանը
Սոցիոլոգն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հարցման մեջ նշված է՝ սրանք սպոնտան տրված պատասխաններ են․ «Բայց եթե սպոտան տրված պատասխանը եղել է 1 տոկոս, սրա գրանցելն ի՞նչ իմաստ ուներ․․․ հետո՝ նույն ազգանունները կրկնվում են մի քանի հարցումներում, ենթադրում են՝ գուցե իրենք են այդ անունները հուշել, որովհետեւ սպոնտանի դեպքում մարդիկ կարող էին ուրիշ ազգանուններ էլ ասել, օրինակ՝ Բագրատ սրբազանի անունը, բայց նա այստեղ չկա, փոխարենը կա Արամ Զավենի Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, որն ընդհանրապես չի երեւում»։
Վերադառնալով 15 տոկոս վստահություն վայելող Նիկոլ Փաշինյանին՝ սոցիոլոգը զարմանքով նկատում է, որ այդ ցուցակում ՀՀ նախագահի անունն ընդհանրապես չկա, ինչը տարօրինակ է, քանի որ ստացվում է՝ գործող նախագահը քաղաքական գործոն չէ․ «Իսկ գործող վարչապետն էլ ստանում է 15 տոկոս վստահություն, որը պատմական մինիմում է, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային մակարդակով։ Ֆրանսիայում, երբ Մակրոնի ռեյտինգը 25 տոկոս էր, իրեն գրում էին, որ սա ազգային խայտառակություն է, երբ ժողովրդի միայն քառորդ մասն է երկրի նախագահին վստահում, իսկ 15 տոկոսն ինչպե՞ս գնահատել, եթե խոսքը գործող իշխանության մասին է, ու ամենաքիչ ձայները տվել են 18-35 տարիքային խմբում։ Սա այնքան վատ ցուցանիշ է, որ ավելի լավ էր ցույց չտային»։