Մենք քանիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ մեծ թվով դատապարտյալներ ցանկություն էին հայտնել մեկնել առաջնագիծ՝ պատերազմի մեջ գտնվող իրենց հայրենիքին օգնելու, սակայն մերժում էին ստացել, նրանց արդարադատության նախարարությունից ասել էին, թե իրավասու չեն ազատ արձակելու նրանց։ Եվ ահա՝ նախօրեին դատախազությունից մեզ փոխանցել էին․ «12 դատապարտյալի խափանման միջոցը փոխվել է՝ ռազմաճակատ գնալու նկատառումով: Չորս դատապարտյալ էլ վաղաժամկետ պայմանականով է ազատվել՝ կրկին այդ նկատառումով: Խիստ անհատական մոտեցում է ցուցաբերվում՝ խնդրի նրբությունը հաշվի առնելով»։
«Հանուն ազատության» նախաձեռնող խմբի անդամ, «Վարդաշեն» ՔԿՀ-ի բաց ռեժիմի դատապարտյալ, ներկայումս արձակուրդի մեջ գտնվող Բաբկեն Ղարդյանը, որը տեղյակ է այս պրոցեսից, մեզ հետ զրույցում ասաց․ «Նրանց, որոնց ազատել են՝ հիմնականում պայմանականով, բայց կոնկրետ դեպք կա, որ ասել են՝ մի ամիս արձակուրդ տանք, գնացեք, կռվեք, մարդիկ համաձայնել են ու սպասում են, որ գնան»։
- Կոնկրետ քանիսի՞ն է նման առաջարկ եղել։
- Ես կարող եմ միայն «Վարդաշեն» ՔԿՀ-ինն ասեմ․ մի քանի հոգու առաջարկել են, 4 հոգու ես գիտեմ, որ համաձայնել են։
- Այսինքն՝ գնան կռվեն եւ ետ վերադառնան կալանավայր։
- Այո։
- Ում թույլ են տվել գնալ, ի՞նչ մեղադրանքով են դատապարտված։
- Ճիշտն ասած, չգիտեմ, մեկը, կարծեմ, սպանություն է, 9 տարի նստած է։
- Ցմահներից կա՞ն դիմում ներկայացրածներ։
- Այո, կան։ Խոսակցություն կա, որ ցմահների դիմումն էլ կբավարարվի, բայց դեռ հստակ չգիտենք, իրենք էլ երեւի հստակ չգիտեն։
- Միայն «Արմավիր» եւ «Վարդաշեն» ՔԿՀ-ների՞ց էին դիմումներ գրվել։
- Երեւի բոլոր տեղերից, հնարավոր չէ, որ գրած չլինեն։ Ես կոնկրետ «Արմավիրն» ու «Վարդաշենը» գիտեմ։
- Այդ 2 ՔԿՀ-ներից ընդհանուր քանի՞ դիմում է եղել։
- «Արմավիրից» չեմ կարող հստակ թիվ ասել, բայց «Վարդաշենից» մոտավորապես մի 45-50 հոգի։ Թե քանի հոգու դիմում է բավարարվել, չեմ կարող ասել։ Ես էլ սպասում եմ իմ հերթին։
Նշենք, որ Բաբկեն Ղարդյանը «Հրապարակ»-ին ավելի վաղ ասել էր, որ առաջնագիծ մեկնել ցանկացողների մեծ մասը ռազմական գիտելիքներ ունի․ «Մի մարդու պես պատրաստ են գնալ առաջնագիծ։ Այնտեղ կան ե՛ւ հրետանավորներ, ե՛ւ տանկիստներ։ Նույնիսկ այն տանկիստ տղան, որը Հայաստանի համար «C-90» է շահել բերել եւ կարող է հրաշքներ գործել, ինքը նստած է։ Ունենք սպաներ, վաշտի հրամանատարներ, դասակի հրամանատարներ, հրետանավորներ, որոնք փորձ ունեն․ տարբեր տիպի մարդիկ կան։ Եթե ինչ-որ մեկն էլ հանցագործություն է արել, թող հատուցումն էլ էդպես լինի, որ հայրենիքին ծառայություն մատուցի»։