Հասարակություն

«Հրապարակ»․ Բժշկական համալսարանի շենքի վերակառուցումն ինչո՞ւ է ընդգրկվել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում

«Հրապարակ»․ Բժշկական համալսարանի շենքի վերակառուցումն ինչո՞ւ է ընդգրկվել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ինտերնետային էջում գրված է․ «Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամը շարունակում է իրականացնել խոշոր ծրագրեր, որոնք միտված են մեր հայրենիքի տարածքային  զարգացմանը»։ Այդ խոշոր ծրագրերից  մեկը  ՀՀ կառավարության  «300 դպրոց եւ 500 մանկապարտեզ»  ծրագիրն է, որի հիմնական մասն արվում է վարկային միջոցների հաշվին։ Հոկտեմբերի 14-ին տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանին տեղեկատվական հարցում էի արել․ «Կառավարության «300 դպրոց եւ 500 մանկապարտեզ» ծրագիրը ե՞րբ է մեկնարկել, ե՞րբ է ավարտվելու։ 2025թ․ հոկտեմբերի 14-ի դրությամբ այդ ծրագրով ՀՀ-ում քանի՞ դպրոցի շենք է կառուցվել, քանի՞սն է  հիմնանորոգվել, վերանորոգվել, քանի՞ նախադպրոցական հաստատության շենք  է կառուցվել, քանի՞սը՝ նորոգվել, քանի՞ դպրոցի, նախադպրոցական հաստատության  կառուցումը, նորոգումն են  ընթացքի մեջ։ «300 դպրոց եւ  500 մանկապարտեզ» ծրագրով շինարարական ու նորոգման  աշխատանքների պայմանագրային պարտավորությունները խախտած շինարարական քանի՞ կազմակերպության դեմ է Տարածքային զարգացման հիմնադրամը  միջոցներ ձեռնարկել, ո՞ր կազմակերպությունների դեմ, ի՞նչ միջոցներ են դրանք»։ 

Հիմնադրամից պատասխանել են մեր հարցումին․ 

«Տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը մեկնարկել է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության  «Մինչեւ 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու եւ ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» N 2093-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 02․12․2023 թվականին։ Մինչեւ 2025 թվականի հոկտեմբերի 14-ը «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ընթացքի մեջ է 121 կառուցվող, 103 վերանորոգվող դպրոցի, ինչպես նաեւ 13 կառուցվող մանկապարտեզի շինարարություն։ Տեղեկացնում  ենք, որ 121 դպրոցից 48-ը  կրթահամալիր է, որոնք ներառում են նաեւ մանկապարտեզներ։ Մինչեւ 2025 թվականի հոկտեմբերի 14-ն ավարտվել է 21 կառուցված դպրոցի եւ 6 մանկապարտեզի շինարարություն։ Ավարտվել են նաեւ 18 դպրոցի վերանորոգման աշխատանքները։ Կից ներկայացնում ենք տեղեկատվություն՝ «Մինչեւ 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ եւ 500 մանկապարտեզներ» ծրագրի շրջանակներում պայմանագրային պարտավորությունները խախտած կապալառու կազմակերպությունների եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից վերջիններիս նկատմամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ»։ 

Հիմնադրամը ներկայացրել է պայմանագրային պարտավորությունները խախտած շինարարական կազմակերպությունների անվանումները, պայմանագրերի անվանումները եւ ծածկագրերը, պատվիրատուրի կողմից կիրառված միջոցի տեսակը, պայմանագրային պարտավորությունները խախտելու պատճառները։  

«Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի կրթահամալիրի կառուցում» ծրագրով, 2024 թ․ օգոստոսի 22-ին  կնքված պայմանագրով նախատեսված միջանկյալ ժամկետի խախտման պատճառով «Մաբնա բեհինեհ սազան նիրու» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառվել է տույժ, նույն կազմակերպության դեմ տույժ է կիրառվել  նաեւ «Սյունիքի մարզի Վերին Խոտանան բնակավայրի կրթահամալիրի կառուցում» ծրագրով, 2024թ․ օգոստոսի 13-ին կնքված պայմանագրով նախատեսված միջանկյալ ժամկետի խախտման պատճառով, «Արարատի մարզի Հովտաշատի միջնակարգ դպրոցի կառուցում, տարրական մասնաշենքի ուժեղացում» ծրագրով, 2021թ․ օգոստոսի 3-ին կնքված պայմանագրով նախատեսված շինարարական աշխատանքների ժամկետի խախտման համար տույժ է կիրառվել  «Գեւորգյան եւ Ներսիսյան» ՍՊԸ-ի նկատմամբ, «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՀՄԴ շենքի վերակառուցում եւ նոր մասնաշենքի կառուցում» ծրագրով, 2019թ․ հոկտեմբերի 3-ին կնքված պայմանագրով նախատեսված շինարարական աշխատանքների ժամկետի խախտման համար տույժ է կիրառվել «Հիդրոէնշին» ՍՊԸ-ի նկատմամբ,  «Կոտայքի մարզի Կոտայքի եւ Նոր գյուղ բնակավայրերի միջնակարգ դպրոցների  կառուցում» ծրագրով, 2024թ․ օգոստոսի 16-ին կնքված պայմանագրով նախատեսված կարգով ապահովումների չներկայացման պատճառով «Փարս թաբլո» ՓԲԸ-ի հետ պայմանագիրը միակողմանի լուծվել է, «ՀՀ Լոռու  մարզի Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցի կառուցում» եւ  «Միջնակարգ դպրոցի կառուցում, տարրական մասնաշենքի ուժեղացում»  ծրագրերով, 2021թ․ սեպտեմբերի 25-ին կնքված պայմանագրերով նախատեսված շինարարական աշխատանքների ժամկետի խախտման համար տույժ է կիրառվել «Արհովշին» ՍՊԸ-ի հանդեպ։ 

Նկատենք, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին, այդ ծրագրում ինչո՞ւ է տեղ գտել «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՀՄԴ շենքի վերակառուցում եւ նոր մասնաշենքի կառուցում» ծրագիրը, որի իրականացման համար 2019թ․ հոկտեմբերի 3-ին է պայմանագիր կնքվել, Երեւանի պետական բժշկական համալսարանը դպրո՞ց է, թե՞  մանկապարտեզ, որ տեղ է գտել այդ  ծրագրում։ 2023-ին մեկնարկած «300 դպրոց եւ 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում ինչպե՞ս են 2021 թվականին շինարարական կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքվել։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը չի մանրամասնել, թե յուրաքանչյուր դեպքում ինչ տույժեր են կիրառվել պայմանագրային պարտավորությունները խախտած շինարարական կազմակերպությունների նկատմամբ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image