Հարցազրույց

Սուրճ են հյուրասիրել, ասել են՝ քիչ անց բաց կթողնենք, հետո՝ չէ, պետք է կալանավորենք

Սուրճ են հյուրասիրել, ասել են՝ քիչ անց բաց կթողնենք, հետո՝ չէ, պետք է կալանավորենք

Ինչպես տեղեկացրել էինք մայիսի 28-ին վաղ առավոտյան իրենց բնակարաններից ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել «Սասնա ծռեր» խմբի անդամներին։

«Ոչ ոք տեղյակ չի եղել։ Բերման ենթարկելու անգամ կարիք չի եղել։ Եթե կար դատական ակտ՝ օրինական ուժի մեջ մտած, ապա կարող էին զգուշացնել և տրամադրել այն, և հենց այդ պահին էլ ասեին՝ դուք հիմիկվանից պետք է գտնվեք այսինչ քրեակատարողական հիմնարկում։ Իհարկե, իմ պաշտպանյալ Պավել Մանուկյանը կգնար այդ հիմնարկ։ Բայց առավոտյան՝ ժամը վեցին, տոն օրով ներխուժել են բնակարան՝ շուրջ տաս հոգով, մի մասը ոստիկանական հագուստով, մյուսը՝ քաղաքացիական, չեն ներկայացրել ոչ մի որոշում, և ոչ մի պարզաբանում։ Մեկն ասել է ձերբակալված եք, մյուսն ասել ՝  բերման եք ենթարկված և պետք է գնանք ինչ-որ հարցեր կա, որի ճշտումից հետո էլի կվերադառնաք։ Տարբեր բանավոր պատճառաբանություններ հայտնելով՝ մարդուն զրկել են ազատությունից, վերցրել են կալանքի տակ։ Սկզբից տարել են Նալբանդյան փողոցի վրա գտնվող ոստիկանություն, որտեղ պահել են մինչև ժամը 13.00-ն, ինչ-որ մի աշխատասենյակում, որտեղ սուրճ են հյուրասիրել՝ ասելով, որ քիչ անց բաց կթողնեն, հետո, կրկին ասել՝ չէ, պետք է կալանավորենք։ Որից հետո 13.30-ին տեղափոխել են Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ։ Մինչ այս պահը այդ դատական ակտը, որի հիման վրա Պավել Մանուկյանը գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում՝ իբրև Վճռաբեկ դատարանի որոշումն է»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Պավել Մանուկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։

Ըստ Զարուհի Փոստանջյանի, Վճռաբեկ դատարանի որոշումը իրենք չեն ստացել։ Նրա խոսքով, եթե ամսի 26-ին նման որոշում է կայացվել, իսկ այդ որոշումը Վճռաբեկ դատարանը  կայացնում է  կոլեգիալ կարգով, ապա այդ դատավորներից որ մեկն է, կամ ովքեր են այդ բազմահատոր գործը՝ շուրջ 30 կիլոգրամանոց, վազքով, կամ իրենց ամենագնացով Վճռաբեկ դատարանից տեղափոխել Տիգրան Մեծ պողոտայում գտնվող առաջին ատյանի դատարան և փոխանցել Մակյանին, որն էլ, արագ-արագ այդ գործը ուսումնասիրելով, որոշում է կայացրել կարգադրություններ արձակել բոլորի նկատմամբ, և ինքն էլ արագ-արագ դատական ակտերի (ի դեպ այդ ակտերն էլ շուրջ  1000 էջ են կազմում)  և կից գրությունների հետ միասին վազեցրել  ոստիկանություն։

«Եթե նույնիսկ այդպես է եղել, պետք է  տեղեկացնեին յուրաքանչյուրի բնակության վայրի  ոստիկանությանը։ Իսկ ասեմ ձեզ, որ բնակության վայրի ոստիկանությունը տեղյակ չի եղել։ Առավոտյան զանգահարեցի, ասացին, որ տեղյակ չեն և նման հանձնարարություն չեն էլ ստացել»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։  

Մեր այն հարցին, թե ինչու «Սասնա ծռեր» խմբի  անդամներին տոն օրով՝ մայիսի 28-ին են որոշել  բերման ենթարկել, Փոստանջյանն ասաց․ «Ես համոզմունք ունեմ, որ եղել է բավականին արագացված սպոնտան իրավիճակային որոշում։ Այդ իրավիճակային որոշման  համար պետք էին նաև իրավական հիմքեր, այսինքն՝ իրենց մեկուսացնել։ Հետևաբար, կարգադրություն են արձակել։ Միգուցե, այսօր այդ որոշումը ընդունեն և դնեն այդ գործի մեջ, որովհետև, ինչպես ասացի՝ այդ որոշումը դեռ մենք էլ չենք տեսել, որոշումը չի ներկայացվել ոչ մեկին։ Միայն առկա է Առաջին ատյանի դատավոր Մակյանի կարգադրությունը, որը հղում է կատարում այդ որոշմանը։ Ենթադրում եմ, քանի որ եղել է կարգադրություն, ապա հետո  հիմքերը նոր փորձել են ստեղծել։ Հիմքերն էլ ստեղծել են, հավանաբար, այդ առավոտվա ժամը վեցից մինչև 13.00-ը ընկած  ժամանակահատվածում, մինչև կարողացել են ստանալ Մակյանից կարգադրություն։ Ամեն ինչ ավելի պարզ կդառնա մոտակա քաղաքական գործընթացներից։

Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցինք նաև՝ հանդիպե՞լ է Պավել Մանուկյանին.

«Այո, այսօր առավոտյան եմ  եղել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում և հանդիպել Պավել Մանուկյանին։ Նա ունի լուրջ առողջական խնդիրներ։ Նույնիսկ այդ հիմքերի մասին դատավոր Մակյանը տեղեկացված է եղել։ Գիտեր, որ Պավլիկ Մանուկյանն ունի միզապարկի խնդիր, ոտքի հետ կապված բաց վիրահատության խնդիր կա։ Մի խոսքով մի ծանրակշիռ հիվանդությունների փաթեթ է առկա։ Եվ եթե անգամ այդ  պատիժը օրինական է, բայց իրականում օրինական էլ չէ, գիտենք, որ Վերաքննիչ դատարանը ընդհանրապես քննության առարկա չի դարձրել այն։  Վճռաբեկ դատարանը՝ ուղիղ կես տարի է անցել բողոքը քննելու համար, բայց ոչինչ չի արել։ Այսինքն՝ կես տարի Վճռաբեկում բողոքը ոչ մեկ չէր քննել, մեկ էլ միանգամից որոշեցին ամսի 28-ին, տոն օրով, որոշում կայացնել և հենց նույն օրն էլ ազատազրկել։ Անհասկանալի և անտրամաբանական է սա։ Ինչպե՞ս եղավ, որ Նիկոլ Փաշինյանի բողոքը միանգամից Վճռաբեկ դատարանը ընդունեց վարույթ և քննության  առարկա դարձրեց, արդարացրեց Փաշինյանին, բայց տվյալ դեպքում, որ բոլոր հիմքերը կային բեկանման, ոչինչ չարեց։ Եթե երկու օր առաջ կար դատական ակտ, ապա այդ դատական ակտը պետք է հրապարակվեր, և դրա մասին մենք էլ պետք է ծանուցվեինք։ Առնվազն բոլորիս հեռախոսահամարները նրանք ունեին, կարող էին զանգահարել և տեղեկացնել, որ կարող ենք գնալ և ստանալ, եթե ոչ՝  կծանուցվենք փոստային առաքման ծառայության միջոցով։ Մյուս տարբերակը, դա Դատալեքս կայքում տեղադրելն է, այնտեղ էլ չի տեղադրված եղել։ Հետո, որ մենք աղմուկ բարձրացրեցինք, արդեն ցերեկը դատական դեպարտամենտի կայքէջում մի քանի նախադասությամբ նորից հղում կատարելով Վճռաբեկ դատարանի ինչ-որ որոշման վրա, հրապարակվում է՝ որ իրենց նկատմամբ իբրև թե օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը։ Լավ, եթե դա այդպես է՝ մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օրով դատական դեպարտամենտ ո՞վ վազեց և այդ տեղեկատվությունը տեղադրեց։ Կա հստակ պատվեր և ցուցում, ինչպես նաև իրավիճակային իրավական հիմնավորումների աշխատանք կատարել։ Մի անմեղսունակ վեր է կացել, հոգեկան հիվանդությամբ տառապող, որը հասկանում է՝ ինչ է իրա ուզածը, արձակել է հրաման՝ այդպես վարվելու, նրանք էլ վարվել են։ Բայց դրա համար պետք էր նաև հիմնավորումներ, որովհետև, եթե պետք է տանեն Նուբարաշեն ՔԿՀ կամ այլ հիմնարկ, ամեն դեպքում ինչ-որ փաստաթղթեր պետք է ներկայացնեն, անգամ, եթե դրանք լինեին կիսատ-պռատ»։

 Փոստանջյանի խոսքով, եթե պետք Է պատիժ կրեին, ինչո՞ւ մինչ օրս որոշված չէր, թե ո՞ր  ՔԿՀ-ում պետք է կրեն իրենց պատիժը։

«Տարել են մի ՔԿՀ, որը դատապարտյալների համար չէ։ Դա նախնական կալանքի և միայն ցմահ ազատազրկման դատապարտյալների համար է։ Այնքան ստոր բան է եղել այս ամենում, որ անգամ չի քննարկվել, որ Պավել Մանուկյանն ունի պատիժը կրելու հետ անհամատեղելի հիվանդություններ»,-զրույցի ավարտին ասաց Զարուհի Փոստանջյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image