Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, գեներալ Սամվել Բաբայանը չի կարծում, թե նախօրեին Պրահայում Նիկոլ Փաշինյանը կայացրել է Արցախի դատավճիռը եւ այն ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Հիշեցնենք, որ Պրահայում Շառլ Միշել-Մակրոն-Ալիեւ-Փաշինյան քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել, որի տեքստը հրապարակել է Հայաստանի կառավարությունը։
«Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, եւ որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչեւ հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը՝ երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը եւ իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը»,- նշված է հայտարարության մեջ։
«Եթե ոմանք շտապում են այս հանդիպումից հետո Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ապա ես այդպես չեմ տեսնում»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Սամվել Բաբայանը։ «Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը դեռ չի նշանակում, որ Արցախի համար խնդիրներ են առաջանում։ Այդպես չէ»,-պնդում է նա ու հիմնավորում․ «Արցախը եղել է Հայաստանի մաս, 1991 թվականին Արցախը եղել է անկախ պետություն։ Արցախի իշխանությունը հայտարարե՞լ է, որ Արցախն իր անկախությունը կորցրել է, չի հայտարարել, չէ՞։ Ուրեմն ՀՀ-ի իրավունքն է՝ հարեւան պետության տարածքային ամբողջականությունը կճանաչի, չի ճանաչի։ Բայց դա չի նշանակում, որ Արցախն էլ է Ադրբեջանի մաս։ Ոչ ոք, ով ուզում է լինի, չի կարող։ Հայաստանն իրավունք չունի այլեւս Արցախի փոխարեն բանակցություններ վարել եւ որոշել՝ նա Ադրբեջանի մա՞ս է, թե՞ ինչ է։ Արցախը հանրաքվե է անցկացրել, անկախություն է հռչակել՝ այնպես, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը եւ մնացած երկրները։ Եվ մի մոռացեք, որ բոլոր պետությունները, ՄԱԿ-ը ճանաչել են Ադրբեջանի Հանրապետությունը, հիմա ո՞նց կարող է Արցախը կապ ունենա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, ո՞ւր է այդ քարտեզը»։
Մեր հիշեցմանը, որ մինչեւ Պրահայի հայտարարությունը եւ դրանից առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Արցախը Ռոբերտ Քոչարյանի օրոք է ճանաչվել Ադրբեջանի կազմում, Բաբայանն այսպես արձագանքեց․ «Վարչապետը պահի քեզ, ես վարչապետից չեմ խոսում, ես խոսում եմ նրա մասին, որ հռչակագիր է ընդունել Ադրբեջանի Հանրապետությունը, որ ինքն ընդունում է 1918 թվականի Դեմոկրատական Ադրբեջանի տարածքները, որի կազմում, հասկացեք, Արցախ չի եղել։ 1920 թվականին է Ադրբեջանը դիմել Ազգերի լիգա, որ Արցախը ճանաչի իր տարածքում, ստացել է մերժում։ Սրա մասին խոսեք։ Իրավական ճանապարհով մտնում ենք միջազգային դատարան եւ պաշտպանում մեր իրավունքները։ Զուգահեռ էլ հզորանում ենք ու ինքնապաշտպանական ուժերն ենք հզորացնում»։
Իսկ թե ինչ է տալու նախօրեի պայմանավորվածությունը Հայաստանին, Բաբայանը խոստացավ հաջորդիվ խոսել, հանդիպման էր շտապում։ Արցախի ՊԲ նախկին հրամանատարը միայն հույս հայտնեց, որ այդ պայմանավորվածությունները քայլ կլինեն խաղաղության օրակարգին ընդառաջ։