Այլ

Մակրոնը մեզ փրկեց, հիմա հերթը Թրամփինն է…

Մակրոնը մեզ փրկեց, հիմա հերթը Թրամփինն է…

Մի ժամանակ ՔՊ-ի փրկիչը Մակրոնն էր։ Ամեն երկրորդ ելույթում Փարիզի անունն էր հնչում՝ որպես անվտանգության երաշխիք, դիվանագիտական հենարան, եվրոպական լուսավոր ապագա։ Թվում էր՝ Ֆրանսիան պատրաստ է իր ուսերին վերցնել Հայաստանի բեռը։

Բայց այսօր Մակրոնի մասին շեփորահարումները լռել են։ Որովհետև մարդիկ արդեն տեսնում են՝ «փրկության» խոստումները քաղաքական հռետորաբանություն էին, ոչ թե գործնական արդյունք։ Ֆրանսիան մնաց հայտարարությունների մակարդակում, իսկ Հայաստանի անվտանգային ու քաղաքական խնդիրները մնացին նույն տեղում։

Հիմա ՔՊ-ի համար  նոր փրկիչ կա՝ Ամերիկա։ Ավելի ճիշտ՝ Թրամփ։ Այն ընկալվում է ոչ թե Հայաստանի փրկիչ, այլ ՔՊ-ի փրկիչ։ Թրամփն իր երկրի շահն է առաջ մղում, Փաշինյանը՝ իր իշխանությունը պահելու շահը։ ՔՊ-ի քարոզչական մեքենան հերթական անգամ հույսի նոր փաթեթ է բացել։ Թրամփի անունով պատմություններ են հորինվում՝ իբր Ամերիկան միլիարդներ է բերելու, ներդրումներ է թափելու, Հայաստանին բարձր տեխնոլոգիական ու հետախուզական հնարավորություններով է զինելու։ Քարոզչական սպասումները այնքան են փքվում, որ արդեն «մեղրի սպասող պռոշների» նման ճաք են տալիս։

Բայց իրականությունը, ինչպես միշտ, ավելի սառն է։ Պարզվում է՝ խոսքը ոչ թե անվերադարձ փողերի մասին է, այլ երկարաժամկետ ծրագրերի, պայմանագրերի, շահաբաժինների։ Ոչ թե «բերելու», այլ նաև «տանելու» մասին։ Ոչ թե բարեգործության, այլ բիզնեսի։

TRIPP-ը ներկայացվում է որպես ներդրումային մեծ ծրագիր։ Փաշինյանը հուսատու աղավնու պես ասում է՝ 50 տարի հետո Հայաստանը կունենա 49 տոկոս։ Կես դար սպասեք, հետո բաժնետոմս կունենաք։ Իսկ այդ ընթացքում ո՞վ է տնօրինելու, ո՞վ է վերահսկելու, ո՞վ է շահույթը հավաքելու՝ այդ հարցերը մնում են մշուշում։

Իշխանական կողմը խոսում է Թրամփի «օգուտներից»՝ ներդրում, զարգացում, աշխարհաքաղաքական նոր դռներ։
Ընդդիմությունը խոսում է «վնասներից»՝ ինքնիշխանության կորուստ, կախվածություն, տնտեսական ռիսկեր։
Ժողովուրդը մոլորված է մնացել  հերթական փրկության միֆի առաջ։  Խնդիրն այն չէ՝ Մակրոն, թե՝ Թրամփ։ Խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական դիսկուրսում «փրկիչների» որոնումը դարձել է համակարգային մտածողություն։ Մեկը գնաց, մյուսը եկավ։ Մեկի մասին լռեցին, մյուսի մասին սկսեցին երգել։

Բայց պետությունները չեն փրկվում արտաքին դեմքերով։ Պետությունները կառուցվում են ներսից՝ ինստիտուտներով, հաշվարկված դիվանագիտությամբ և պատասխանատվությամբ։ Իսկ  մենք, կարծես, շարունակում ենք սպասել հերթական մեծ տերության թևերին։

Մի ժամանակ՝ Մակրոնի։ Հիմա՝ Թրամփի։ Մակրոնը մեզ փրկեց, հիմա հերթը Թրամփինն է…

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image