ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան վերջին այցելության ժամանակ հայտարարեց, որ ակնկալում է Հայաստանի իշխանությունների կողմից Սյունիքում ՌԴ հյուպատոսարանի բացման հարցով հնարավորինս արագ կարգավորում:
Գաղտնիք չէ, որ շուրջ երկու տարի է ռուսական կողմը սպասում է ՀՀ իշխանությունների համաձայնությանը՝ Սյունիքում ռուսական հյուպատոսարանի բացման աշխատանքների մեկնարկը սկսելու համար: Սակայն անգամ Լավրովի պես լուրջ դիվանագետի կողմից այս հարցի բարձրաձայնումը արդյունքը չտվեց:
Ավելին, կապանցի ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել էր, թե խնդիրն իրականում համայնքապետարանի տիրույթում է, որ տարածքն է խնդիրը: Չնայած սա աբսուրդային պատասխան է, եթե հաշվի առնենք, որ հյուպատոսարանները ԱԳՆ գործառույթների շրջանակներում են գտնվում, բայց կապվեցինք Կապանի համայնքապետի հետ:
Գևորգ Փարսյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ռուսական հյուպատոսարանի համար տարածքի խնդրին, ասաց․«Այստեղ նույնիսկ մեկնաբանելու բան չկա, ի՞նչ կապ ունի հյուպատոսարանը համայնքապետարանի հետ, հյուպատոսարանի համար ինչ-որ շենք գտնելու հետ: Համայնքապետարանը ընդհանրապես կապ չունի հյուպատոսարանի բացման կամ չբացման հետ, տարածքի տրամադրման կամ չտրամադրման հետ: Հյուպատոսարանի հարցը արտաքին քաղաքականություն վարող գերատեսչության տիրույթում է և ես նույնիսկ տեղեկություն չունեմ այն մասին, թե հյուպատոսարանի հարցը որ փուլում է այժմ»,-ասաց Փարսյանը:
«Հրապարակին» ավելի վաղ հայտնի դարձած տեղեկությունների համաձայն, Կապանում հյուպատոսարանի բացման ուղղությամբ աշխատող ռուս դիվանագետների խումբ կա, որոնք երկու տարի է սպասում են ՀՀ կառավարության համաձայնությանը՝ ռուսական հյուպատոսարան բացելու ուղղությամբ: Կապանի մեր աղբյուրները հայտնեցին, որ ՀՀ իշխանությունները մտադիր չեն թույլ տալ Սյունիքում ռուսական դեսպանատան բացում և նույնիսկ Լավրովի այցը չնպաստեց որևէ դրական շարժի: Այնինչ, ռուսները նույնիսկ մասնավոր տարածքներ են նայել, նախատեսել՝ հյուպատոսարանի համար, սակայն դեռևս դրական պատասխան չեն ստացել: Կապանում շատերն են արդեն փակված համարում Սյունիքում ռուսական հյուպատոսարանի բացման հարցը, և նույնիսկ այդ հարցը իրագործելու նպատակով Կապանում գտնվող ռուս դիվանագետները նեղ զրույցների ժամանակ ասում են՝ հարցը ՀՀ իշխանությունների տիրույթում է: Հիշեցնենք, որ Սյունիքում արդեն գործում են Իրանի և Ֆրանսիայի հյուպատոսություններ: