ՔՊ-ականներն ակտիվորեն լծվել են իրենց քաղաքական լիդերի «նվիրական» ու հակահայկական ծրագրի գովաբանմանը: Մեկը մյուսին հերթ չտալով «դայլայլում» են, թե ինչպես է ՀՀ սուվերեն տարածքի կարևորագույն ռազմավարական մի հատված երրորդ երկրին օտարելու գործընթացը «զարգացնելու» Հայաստանը ու բոլորի ստամոքսները կուշտ պահելու:
Օրինակ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գրում է, որ լինելու է ապաշրջափակում` փոխադարձության սկզբունքով: «Այսինքն, եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով»,-հայտարարում է Ռուբինյանը, չմանրամասնելով, թե ադրբեջանական ճանապարհներով ով և ամենակարևորը` ուր է գնալու: Վերջինս երևի տեղյակ չէ, որ միջանցքի օտարումը չի կարող ոչ միայն պետության ինքիշխանությունը պահպանել, այլև հակառակը՝ այն պետության ամբողջական ոչնչացման համար իդեալական գործիք է: Ստյոպա Սաֆարյանն էլ իր հերթին գրում է.«Ակնհայտ է, որ խոսքը Միջին միջանցքի ու դրան Հայաստանի հասանելիության մասին է։ Ամերիկյան աղբյուրներն էլ խոսում են Միջին միջանցքի գործարկման մասին, որի մի բաղադրիչը Թրամփի երթուղին է։ Բայց պարզ չէ, թե ստորագրվելիք փաստաթղթերից որում է երևում տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակման հարցը: Հետաքրքիր է, թե ինչպես են պատկերացնում մեզանից օտարվող տարածքը որպես միջին միջանցքի մաս:
Հիշեցինք Ալիևի՝ մի քանի ամիս առաջ արած հայտարարությունը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որ եթե հայ ժողովրդին միջանցք բառը շատ է մտահոգում՝ կարելի է միջանցքի փոխարեն օգտագործել մեկ այլ բառ, օրինակ` ճանապարհ: Ինչ-ինչ, բայց Ալիևը հայ հասարակությանն ու քաղաքական շրջանակներին լավ է ճանաչում, ինչը ցավոք, չենք կարող ասել մեր մասին: Արման Եղոյանն էլ կիսվելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի՝ ՈՒիտքոֆի հետ Փաշինյանի հանդիպման կադրերով, գրել է.«Ըհը բայղուշներ, Ուիթքոֆի հետ էլ հանդիպեց... դե քանոն, հարթաչափ պատրաստեք, որ իրիկունը աթոռ, սեղան, բաժակ, ափսե եք չափչփելու»: ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն էլ «դամ» պահելով փորձում է մարդկանց մոլորության մեջ գցել` շարունակելով միջանցքին ուղղված ձոնը:
«Դաշտ նետվող նարատիվները տեղում ջարդվում են հենց իրենց լսարանների կողմից։ Մարդիկ վաղուց հասկացել են, որ միջանցքը միայն դրա մասին անդադար խոսողների ուղեղներում է, իսկ Հայաստանի համար խաղաղության ու զարգացման դարաշրջանը՝ առավել քան մոտ։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,-գրում է ՔՊ ներկայացուցիչը:
Կարծես կուրս են վերցրել ծաղրական հայտարարություններով չեզոքացնել այն իրողությունը, որ իրենք ոչ միայն Արցախը հանձնող ու հայաթափող իշխանություններն են, այլև Հայաստանի Հանրապետությունը վտանգած մի խմբակ, որը սեփական իշխանության պահպանման համար տանուլ են տալիս նաև պետությունը: Հիշեցնենք, որ օգոտսոսի յոթից-ութը Նիկոլ Փաշինյանը գտնվում է ԱՄՆ-ում: Օգոստոսի ութին ամերիկյան կողմը խոստացել է «տեսարժան» իրադարձություն՝ ՀՀ-ի և Արդբեջանի միջև խաղաղության պայմանագրին նախորդող փատաթղթի ստորագրում է լինելու և Թրամփի անունը կրող տարանցիկ միջանցքի մասին հայտարարությունը, որը վերահսկելու իրավունքը տրվելու է ԱՄՆ-ին: Այս իշխանության սազանդարների գովքը, ինչպես ասում են, կտրենք ամերիկացի սենատոր ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Սթիվ Դեյնսի խոսքերով: Վերջինս հայտարարել է.«Ադրբեջանն ու Հայաստանը ներկայումս գտնվում են խաղաղության համաձայնագրի կնքման փուլում եւ փաստացի սկսում են համագործակցություն բացելու գործընթաց, Կենտրոնական Ասիայի նավթի, գազի եւ բնական այլ ռեսուրսներին հասանելիություն ունենալու համար»։ Սենատորը նաեւ ասել է, որ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը» ունի չափազանց կարեւոր աշխարհաքաղաքական նշանակություն։ «Այդ միջանցքով Կենտրոնական Ասիայի հինգ երկրները Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցության ոլորտից կարող են վերաուղղորդվել դեպի Եվրոպա եւ Արեւմուտք։ Սա չափազանց կարեւոր պահ է»։
Դեյնսը նաեւ հիշեցրել է իր այցելությունները Հայաստան եւ Ադրբեջան՝ ընդգծելով, որ Երեւանն ու Բաքուն ներկայումս գտնվում են խաղաղության համաձայնագրի կնքման շեմին»: Նկատենք, Դեյնսը միջանցքը չի անվանում Թրամփի ճանապարհ, այլ հենց Զանգեզուրի միջանցք: