Քաղաքականություն

Արժանապատիվ մարդ մնալն ավելի կարեւոր է, քան ստրուկի կարգավիճակով լավ ապրելը

Արժանապատիվ մարդ մնալն ավելի կարեւոր է, քան ստրուկի կարգավիճակով լավ ապրելը

2004 թվականի ապրիլյան ձյունախառն օրը Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության բողոցի ցույցը, ԿԸՀ-ից հասնելով Հանրապետության հրապարակ և ինչ-քոր ժամանակ մնալով այնտեղ, երեկոյան ցրվեց: Առաջին շարքերում կանգնած գոռում էի, որ չպետք հեռանալ այնտեղից, սակայն լսող չկար: Ստեփան Դեմիրճյանն ու մնացածները որոշել էին գնալ տները՝ քանի որ ցուրտ էր ու տաք թեյ խմելու ցանկություն ունեին, ու վերադառնալ հաջորդ օրը: Հաջորդ օրը ցույցը չկայացավ, որովհետև հրապարակն էր ոստիկանությամբ շրջափակված և եկածներն էլ շատ քիչ էին: 

2015-ի սահմանադրական փոփոխությունների գործընթացում միակն էի (բացառությամբ Ավետիք Իշխանյանի), ով ասում էր, որ պետք է կողմ լինել դրան, քանի որ այն բերելու էր կուռ իշխանական բուրգի քայքայմանը: Ավետիքն ընդամենը կողմ էր, քանի որ եվրոպական երկրները՝ բացառությամբ Ֆրանսիայի, այդպիսին են. կառավարումը խորհրդարանական է: Այդ ժամանակ քիչ էր մնում սերժականի ու նույնիսկ դավաճանի անուն հանեի, իսկ 4 տարի անց իմ ընդդիմադիր շրջապատից խոստովանեցին, որ ես ճիշտ էի:

Անցյալ տարի կողմ էի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելուն՝ ասելով, որ դա անտեղի չի լինի, չնայած «Հրապարակ»-ի իմ գործընկերոջ բացարձակ մերժումին: Պարզվեց, որ, այնուամենայնիվ, արժեր մասնակցել գործընկերոջս կողմից «էշի հարսանիք» բնորոշված այդ միջոցառմանը: Որովհետև դրանով, նախ, բացահայտվեց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի իրական վարկանիշը մայրաքաղաքում: Եվ երկրորդ՝ խոսքի մակարդակում այն բազմիցս ու հաջողությամբ օգտագործվում է ընդդեմ գործող իշխանության:         

Հասանք մեր այս օրերը: Երբ ԱԺ-ում ծնունդ առավ ՔՊ-ական «երեսփոխան» Աղազարյան Հովիկի պատմությունը՝ կողմ էի, որպեսզի այն լայնորեն օգտագործվեր ընդդիմության կողմից, քանի որ կարող էր հանգեցնել գործող իշխանության հեռացմանը: Բնական է՝ բազմաթիվ այլ գործոնների հետ փոխկապակցված: Սակայն կրկին հանդիպեցի նույն այն վերաբերմունքին, ինչին վաղուց արդեն սովոր եմ. համարյա թե «чужой среди своих» (յուրայինների մեջ օտար): Բայց ոնց որ թե կյանքը կրկին հաստատում է իմ ճիշտ լինելը: Համենայն դեպս, զարգացումները տանում են դրան: 

Աղազարյան Հովիկի կողմից վարչապետի աթոռից կառչած անձի «վոթսապյան» խնդրանք-հրահանգը չկատարելն առաջին քալն էր: Երկրորդն իրեն պատերազմ հայտարարած Նիկոլի զորությունից չընկրկելն էր ու պայքարից չհրաժարվելը: Երրորդ քայլը դատախազություն դիմելն է, որը դեռևս շարունակվում է: Այն հերթական անգամ բացահայտում է հայաստանյան ապօրինի իրականությունը: Այն է՝ իրավապահ համակարգի հակասահմանադրական կախվածությունը մեկ անձից: Ինչը նաև կոնկրետ բացահայտումների է հանգեցրել: Դա, նախ, այն հանգամանքն է, որ եթե նույնիսկ, որպես վարչապետի պաշտոնը զբաղեցնող, Նիկոլն իրավունք ուներ ինչ-ինչ հարցերի առումով ծանոթանալու քննչական փաստաթղթերին (չնայած դա խիստ կասկածելի է), ապա չէր կարող ունենալ դրանք ուրիշներին ներկայացնելու իրավունք: 

Դա իր բնույթով համարժեք է նույն այն հոդվածին, ինչի առումով Նիկոլենք փորձում են քրեական գործ կարել Աղազարյանի վրա: Եթե վերջինս իրավունք չուներ թեկուզ անգիտակցորեն ինչ-ինչ տեղեկություններ հրապարակայնացնելու, ապա, ավելին, դրա իրավունքը չուներ գիտակցված նույն բանն անող Նիկոլը: Եվ եթե Աղազարյանի հրապարակայնացրածը կոնֆիցիոնալ էր իշխանության, ապա Նիկոլինը՝ մասնավոր առումով: Ժողովրդավարական պետություններում առաջինի դեպքում Պուլիցերյան մրցանակ են շնորհում (հիշենք Ուոթերգեյթյան սկանդալի պատմությունը), իսկ երկրորդի դեպքում՝ ուղեկցում բանտ: Փաստորեն հերթական անգամ ապացուցվում է, որ նիկոլական Հայաստանում տիրում է ոչ թե ժողովրդավարություն, այլ օրինականության առումով անարխիա: Իսկ դա այն, ինչ բնութագրվել է դեռևս անտիկ աշխարհում. «Այն, ինչ թույլատրված է Զևսին, չի կարելի եզին»: Չնայած Զևսն ո՜ւր, Նիկոլն ո՜ւր… 

Եվ վերջապես, Աղազարյանի՝ դեռևս ընթացող պատմության ամենակարևոր արդյունքը. այն մեկ անձի իշխանության մեջ առաջացրեց այնպիսի ճեղքեր, որ մոտ ապագայում կդրսևորեն իրենց ազդեցությունը: Մարդիկ և հատկապես նիկոլական «ուսապարկային գործիչները» տեսան, որ սատանան այնքան վախենալու չէ, ինչքան թվում է: Որ կարելի է դեմ գնալ նույնիսկ Նիկոլին, ու դրանից աշխարհը չի կործանվի: Եվ ոչ էլ իրենք անմիջապես կհայտնվեն բանտերում: Եվ ամենակարևոր դասը, որ, իմ կարծիքով, դեռևս չի գիտակցվում. արժանապատիվ մարդ մնալն ավելի կարևոր է, քան ստրուկի կարգավիճակով լավ ապրելը:    
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image