«Հրապարակ»-ը գրել էր, որ օգոստոսի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղեւորի ձեռքին ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի։ Մաքսայինի աշխատակիցները, շշի պարունակությունը ստուգելու փոխարեն, բրազիլացուն առաջարկել են խմել այն։ Հեղուկը խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ նա րոպեներ անց մահացել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ` սպանության հոդվածի առաջին մասով։ Մեր հրապարակումից կարճ ժամանակ անց ՊԵԿ-ը փորձեց հերքել տեղեկությունը, իրականում ավելի շատ հաստատելով այն, թե` չենք ստիպել խմել, կամովին է խմել։
Քննչական կոմիտեից հաստատել էին մեր տեղեկությունը՝ մահացածը Բրազիլիայի քաղաքացի է եղել, դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի «Սպանություն» հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելի քան 3 ամիս է՝ քննություն է իրականացվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն եւ բրազիլացու մոտ հայտնաբերված նյութի դատաքիմիական փորձաքննություն։ Բայց այս գործով դեռ մեղադրյալ չկա, ավելին՝ գործը նախաքննության փուլում է։ Մեր հրապարակումից հետո իրավապահներն առգրավել էին օդանավակայանի այն հատվածի տեսախցիկների կրիչները, որտեղ տեղի էր ունեցել մաքսավորների եւ բրազիլացու միջեւ զրույցը, վերջինիս՝ շշի պարունակությունը խմելու դրվագը։ Ի դեպ, երեկ մեկ այլ նման դեպքի մասին էլ տեղեկացանք. «Միքայելյան» բժշկական կենտրոնում պացիենտը շշի մեջ եղած ախտահանիչ հեղուկ է խմել եւ հենց հիվանդանոցում մահացել: Մարդու կյանքի նկատմամբ այս անփութությունը կարծես թե սովորական բան է դառնում մեր երկրում:
Քննչական կոմիտեից երեկ «Հրապարակ»-ին ասացին, որ իրավապահ մարմինը դեռեւս չի կարող բրազիլացու մահվան դեպքին իրավական գնահատական տալ, քանի որ իրենց համար պարզ չէ, թե ինչից է մահացել տվյալ անձը։ «Այդ վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը կտա անձի մահվան պատճառը եւ այդ տարաներում եղած նյութն օգտագործելու հետ պատճառահետեւանքային կապի պատասխանը, դեռեւս չի ստացվել։ Միայն ստացվելուց եւ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հետ համադրության արդյունքում հնարավոր կլինի իրավական գնահատական տալ տեղի ունեցածին»,- ասաց մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։