Չնայած Փաշինյանի «ջանքերին», Վաշինգտոնում կայացած եռակողմ՝ Ալիեւ-Թրամփ-Փաշինյան հանդիպումը որեւէ կերպ չի ազդել Ադրբեջանի նախագահ Ալիեւի խոսույթի վրա: Նա շարունակում է ռազմական ագրեսիվ խոսքը` ոչ միայն տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանին, սպառնալով, այլեւ անգամ հայ ժողովրդին հիվանդ ժողովուրդ անվանելով: Եվ այս վիրավորանքին հայկական կողմից որեւէ պատասխան չի հնչում: Բացի այդ, Ալիեւը հայտարարել է նոր սպառազինություններ ձեռք բերելու, նոր սերնդի անօդաչուներ գնելու եւ ամեն վայրկյան պատերազմին պատրաստ լինելու անհրաժեշտության մասին: Ալիեւի այս եւ այլ հայտարարությունների մասին զրուցել ենք միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ։
- Ալիեւը հայ հասարակությանը հիվանդ է անվանում, որովհետեւ աննորմալ է համարում Փաշինյանի՝ մինչեւ հիմա իշխանության լինելը:
- Նախ՝ որովհետեւ ՀՀ իշխանությունների գլխին կանգնած են մարդիկ, ովքեր բարոյականության եւ արժեհամակարգի հետ խնդիրներ ունեն, կրավորական դիրք բռնած մարդիկ են, որոնց պարագայում ցանկացած խոսք անտեսվում է, եւ որեւիցե համապատասխան արձագանք չի հնչում: Դա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է, որը տեսնում ենք ալիեւյան հռետորաբանության մեջ՝ հայ ժողովրդին, հայ ազգին տարբեր անվանումներ ու ձեւակերպումներ տալը, ընդհուպ մինչեւ հիվանդ հասարակություն անվանելը: Սա նաեւ էյֆորիկ ֆոնից է, Ալիեւը պատերազմի հաղթանակի էյֆորիայի տակ է եւ, վրադիր, հասկանում է, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանի պես ղեկավար կա Հայաստանում, ցանկացած նման խոսույթ անտեսվելու է, աչք է փակվելու: Այս մասով հասկանալի է, թե ինչու է ռազմական հռետորաբանությունը շարունակվում, եւ խոսք անգամ չի կարող լինել խաղաղության մասին, Ադրբեջանում խաղաղությունը ֆիկտիվ խոսույթ է: Հայաստանում էլ Փաշինյանը ներկայացվում է որպես փրկիչ, որը փրկում է պատերազմից, ընդ որում՝ արդեն քաղաքացիներին պատրաստում է հաջորդ ընտրություններին՝ մատի փաթաթան սարքելով եւ հաթաթա տալով, որ եթե ինձ չընտրեք, ապա ընտրություն եք կատարելու պատերազմի եւ խաղաղության միջեւ: Այսինքն՝ այնպիսի դիլեմայի առաջ է կանգնեցնում, որ հասկանում ես, որ նրանց նպատակը համատեղվում է. Ալիեւը հոխորտում է, ինքն այստեղ խաղաղությունից է խոսում, եւ հասկանալի է, որ իրական խաղաղության մասին խոսք անգամ չի կարող լինել, հատկապես՝ երբ այդ խաղաղությունը կառուցվում է ատելության եւ թշնամանքի վրա:
- Իսկ չէ՞ր ենթադրվում, որ գոնե Թրամփի հանդեպ ձեւական հարգանքի դրսեւորման դեպքում այդ խոսույթը պետք է մեղմանար:
- Տեսեք, Վաշինգտոնում մենք ընդամենն ականատես եղանք մառազմատիկ եւ աբսուրդային մի իրավիճակի, երբ ցույց էին տալիս ջանքը, որ կառուցում են խաղաղություն, բայց տեսանք քծնանքի դրսեւորումներ, որը պետք է դրսեւորեին թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիեւը:
- Ալիեւը հայտարարում է նոր սերնդի անօդաչուներ ձեռք բերելու, սպառազինվելու եւ պատերազմին պատրաստ լինելու մասին, իսկ Փաշինյանը հակառակն է հայտարարում:
- Ալիեւը Քարվաճառում հանդիպման ժամանակ հակառակ հռետորաբանությամբ է հանդես գալիս՝ մեծացնում են իրենց ռազմական ներուժը, ժամանակակից ԱԹՍ-ներ, սպառազինություն, հրետանային նոր համակարգեր: Այսինքն՝ նրանց մոտ դեռեւս կա հստակ դիրքորոշում, որ Հայաստանը թշնամի երկիր է, որը ցանկացած պահի կարող է պատերազմ սանձազերծել, նրանք էլ պատերազմի պատրաստվեն:
- Իսկ գուցե ոչ այնքան Հայաստանը նկատի ունի, որքան Իրանի դեմ հավանական հարձակումն է ակնարկում:
- Շատ դժվար է հասկանալ, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը: Ընդունենք, որ առաջնահերթ դա Հայաստանին ուղղված մեսիջ էր, նաեւ մեսիջ էր՝ ուղղված Իրանի Իսլամական Հանրապետությանը: Մինչեւ հիմա դեռեւս տաք է այն թեման, թե արդյոք իսրայելա-իրանական 12-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի տարածքը ծառայե՞լ է որպես պոլիգոն՝ իսրայելական ԱԹՍ-ների համար: Եվ եթե փաստեր ի հայտ գան, վստահեցնում եմ, որ շատ լուրջ ճգնաժամ է լինելու նաեւ այս մասով:
- Այս զարգացումների ֆոնին Հայաստանը հիմա ո՞ր երկրի ազդեցության տիրույթում է:
- Հիմա իշխանությունների նարատիվն այն է, որ իրենք առաջին անգամ՝ պատմության ընթացքում, ձեռք են բերել անկախություն, սուվերենություն: Բնականաբար, դրանք տխմար խոսույթներ են, զավեշտ, մառազմ, բայց խաղաղության դարաշրջանի, խաղաղության հաստատման համատեքստում տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ մերձեցում: Մի բան, որը չի կարող ապագա ունենալ, սակայն ցուցադրվում է Հայաստանի համար իբրեւ թե ապաշրջափակում, խաղաղության գրավական, հարեւանների հետ բարիդրացիություն եւ այլն: Միաժամանակ ցույց են տալիս, որ ռուսական ծիրից դուրս են գալիս, գնում են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ սինխրոնիզացման քայլերի, որոնք անվտանգային շատ լուրջ վտանգներ են պարունակում եւ շատ լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնելու: