Միամիտ ու մի քիչ էլ մանկամիտ ազգ ենք` օրեր շարունակ քննարկում ենք Նիկոլ Փաշինյանի հագուկապը, կանգնելու-նստելու, ժպտալու-բարեւելու-խոսելու ձեւը: Փոքրիկ ու անկարեւոր բաների վրա ենք սեւեռվում, վրդովվում ու քննադատում:
Մինչդեռ պետք է վաղուց կարողանայինք զատել կարեւորն անկարեւորից, պետության ու նրա ճակատագրի համար վճռորոշ քայլերը` առօրեական վրիպումներից ու մանրուքներից: Պետք է վաղուց հասկացած լինեինք, որ բոլորովին նշանակություն չունի, թե ինչ գլխարկ է կրում պետության ղեկավարը` կեպի, բերետ, սոմբրերո, թե մորթե գլխարկ, կարեւորը գլխարկի տակ գտնվող օրգանի գործելու ունակությունն է:
Բոլորովին կարեւոր չէ` փողոց դուրս է գալիս մենա՞կ, թե՞ թիկնապահների ուղեկցությամբ: Առավոտյան հեծանի՞վ է վարում, թե՞ ոտքով է աշխատանքի գնում: Չո՞րս երեխա ունի, թե՞ մեկ: Անգլերեն վա՞րժ է խոսում, թե՞ սխալներով: Կարեւոր է, թե նա ինչ է ասում, եւ շատ ավելի կարեւոր է, թե ինչ է անում:
Մենք պետք է վաղուց հասկացած լինեինք, որ այդ մանրուքները քննարկելն ուղղակի անիմաստ է: Հատկապես սկսած այն պահից, երբ նա խորհրդարանում ձեռքով վիզը կտրելու նշան էր ցույց տալիս եւ ընդդիմադիրների վրա բղավում․ «Վեր ընգեք տեղներդ...սաղիդ կլցնեմ ԱԱԾ պադվալը»: Կամ՝ երբ տարիներ շարունակ իրեն աջակցած մեծահարուստ ներդրողի` «մենք մեր ձեւով ենք միջամտելու» արտահայտությունից այնքան կորցրեց ինքնատիրապետումը, որ իր էջում գրեց. «Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ», ու ԱԱԾ-ին ուղարկեց նրան կալանավորելու։
Կամ՝ երբ օրեր շարունակ հոգեւորականներին ուղղված ստատուսներ էր գրում` խախտելով տարրական բարեկրթության կանոնները եւ կաթողիկոսին Վեհարանից վռնդելու սպառնալիքներ էր հնչեցնում: Նման վարքագիծ դրսեւորող անձն ուղղակի չի կարող պետություն ղեկավարել: