ՀՀ կառավարությունը հանձն է առել աջակցել մանկատների շրջանավարտներին՝ վճարելով ամսական 100 հազար դրամ՝ որպես բնակտարածության վարձավճար, 75 հազար դրամ էլ տրամադրել ձեռքի ծախսի համար։
«Մեր տունը» հասարակական կազմակերպությունը, որը մանկատների շրջանավարտ աղջիկներին հասարակական կյանքին ինտեգրելու, նրանց ինքնագնահատականը բարձրացնելու, խեղված հոգեբանությունը վերականգնելու փորձ ունի, վտանգավոր է համարում մանկատանը մեծացած 18+ տարեկան աղջիկներին ինքնուրույն «ռելսերի» վրա դնելու պետության ռիսկը։
«Ես հասկանում եմ, որ պետությունն ուզում է աջակցել նրանց՝ ինքնուրույն կյանքի անցման փուլում։ Բայց մի բան է՝ չափահասության շեմը նոր-նոր հաղթահարած երեխային գումար տալ՝ գոյությունը պահպանելու եւ տուն վարձակալելու համար, այլ բան է՝ դուրս բերել նրան վախերից ու սթրեսներից, օգնել՝ հաղթահարելու բարդույթները, սովորեցնել ճիշտ շփվել դիմացինի հետ, պահպանել հարաբերությունները… Մի խոսքով՝ կյանքի հմտության ամենօրյա դասեր տալ։ Մենք երեխաներ ենք ունեցել, որոնք գիշերները վախեցել են․ դժվար են քնել, ունեցել ենք ագրեսիվ, կամակոր, նաեւ՝ ինքնամփոփ երեխաներ, որոնց հետ մեր մասնագետներն ամեն օր աշխատել եւ աշխատում են։ Շատ ուշադիր ենք բոլորի նկատմամբ, հետեւողական ենք, միշտ վերահսկում ենք, որ սխալ բաներ չանեն, եւ այդ ամենն անում ենք ընտանիքի անդամի պես՝ սիրով ու գորովանքով։ Իսկ այն, ինչ առաջարկում է պետությունը, նրանց հետ աշխատելու ամենօրյա գրաֆիկ չի ենթադրում։ Երեխան ապրելու է վարձակալած տանը, հոգեբանը, բժիշկը կամ այլ մասնագետը ժամանակ առ ժամանակ այցելելու են, զրուցեն ու գնան։ Դրանից հետո երեխան նորից մնալու է միայնակ՝ իր վախերի ու տագնապների հետ»,- պետական ծրագրի մոտավոր նկարագիրը տվեց «Մեր տունը» ՀԿ հիմնադիր Տիգրանուհի Կարապետյանը։
«Մեր տունը» հիմնվել է մանկատան շրջանավարտ աղջիկների հնարավոր թրաֆիքինգը կանխելու համար։ Իր գործունեության 17 տարվա ընթացքում շուրջ 100 աղջկա օգնել է ոտքի կանգնել, մասնագիտություն ձեռք բերել, հետաքրքրություններ ունենալ, ընտանիքի անդամը լինելու պատասխանատվությունը զգալ, անկեղծ սիրել ու կարեկցել կարողանալ: Կազմակերպությունը հաջողության բազմաթիվ պատմություններ ունի։ Աղջիկներից շատերը բարձրագույն կրթություն են ստացել, կայուն աշխատավարձով աշխատանք գտել, ընտանիք կազմել։ Ոմանք հմտացել են արհեստների մեջ՝ կարում են, հյուսում, գորգագործությամբ զբաղվում, համեղ կերակուրներ պատրաստում․ «Մեր տնից» հարսնազգեստով 25 աղջիկ է դուրս եկել, այդ միություններից 50 երեխա է ծնվել։
«Կազմակերպությունն ապացուցեց, որ մանկատնից հետո հնարավոր է առողջ ընտանիք կազմել։ Բայց պետությունը չի օգնում, որ մանկատնից հասարակություն կապն ապահովող այս օղակն ապրի։ Սրա մասին պետք է ամեն օր աղաղակել․ պետք է այնպես անել, որ կառավարությունը գումար հատկացնի կազմակերպությանը, այլապես հնարավոր է, որ կորցնենք մարդակենտրոն այս կառույցը։ Չէ՞ որ սա ամենաառողջ օղակն է, որ ձեռք է մեկնում կյանքի տարբեր իրավիճակներում հայտնված ու մանկատանը մեծացած երեխաներին։ Հասարակությանը հուզող հարցերի պատասխանը, թե մանկատնից հետո ուր է գնալու, ինչ է դառնալու երեխան, «Մեր տունը» տվեց․ կոտրեց բոլոր կարծրատիպերը, թե առանց ծնողական խնամքի մնացած, մանկատանը մեծացած աղջիկը բարդ է, կյանքի հմտություններ չունի, դժվար է ինտեգրվում: «Մեր տան» 17 տարիները ցույց տվեցին, որ նրանք առողջ ընտանիք են կազմում, լավ հարս, կին ու մայր են դառնում»,- ասաց հոգեբան Մարիամ Մեհրաբյանը։
Հոգեբանն անհանգստացած է, հնարավոր է, որ «Մեր տունը» ֆինանսական դժվարությունների պատճառով այլեւս չկարողանա նախկին ծանրաբեռնվածությամբ աշխատել եւ տանիք տալ մանկատան շրջանավարտ աղջիկներին։ Կառավարությանը կոչ է անում՝ ֆինանսավորել կազմակերպությանը։ Իսկ եթե ոչ, ասում է՝ գոնե միջոցներ հատկացրեք եւ իրենց հարուստ փորձն օգտագործեք՝ խնամատար ընտանիքներին վերապատրաստելու համար։
«Ինձ պետք է, որ պետությունը թիկունք լինի՝ այս երեխաներին միասին ոտքի կանգնեցնենք, ուժեղացնենք, հասարակության լիարժեք անդամ դարձնենք՝ առանց վախերի, սթրեսների ու բարդույթների։ Իսկ պետությունը, փոխանակ օգնելու, ասում է՝ գնա դրամաշնորհային ծրագիր գրի, դրանով ֆինանսավորեմ։ Սրանից լավ ծրագի՞ր, հարգելի պետություն։ Հավաստագիր էլ ունեմ, փորձ էլ, հաջողության պատմություններ էլ»,- ասում է «Մեր տան» հիմնադիրը։