Քաղաքականություն

«Հրապարակ». Իմ ժամանակ չի եղել երբեք տրանսպորտի թանկացման հարց

«Հրապարակ». Իմ ժամանակ չի եղել երբեք տրանսպորտի թանկացման հարց

Պատմությունը յուրաքանչյուր քաղաքական գործչի տալիս է իր գնահատականը՝ կախված նրանից, թե այդ գործիչն ինչքանով է սկզբունքային եղել եւ գնացել դեպի իր նպատակները։ Եթե այս պրիզմայից նայենք Փաշինյանի քաղաքական կենսագրությանը, ապա ընդդիմադիր Փաշինյանն այլ անձնավորություն է, իսկ վարչապետ Փաշինյանը՝ բոլորովին այլ։ Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր ընդդիմադիր Փաշինյանը պայքարում նախկին արատավոր բարքերի դեմ: Իսկ երբ եկավ իշխանության, հայտարարեց, թե Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, ինքն ընդամենը նրանցից մեկն է` նրանց կամքը կատարողը: Հեղափոխության օրերին նա հայտարարում էր, թե Սաշիկի արագաչափերը պետք է հանվեն` դրանք փող կորզելու միջոց են, տեսախցիկներն էր իր ճանապարհին փակում` ասելով, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ: Իսկ 2013-ին այսօրվա իշխանավորների մեծ մասը կատաղի պայքար էր մղում տրանսպորտի 50 դրամ թանկացման դեմ: Հիմա ՔՊ-ական իշխանությունը որոշել է տրանսպորտը մի քանի անգամ թանկացնել, եւ ըստ այդ նախագծի` Երեւանում ամենամատչելի տրանսպորտն արժենալու է 300 դրամ: Բողոքի ալիքից վախեցած իշխանությունը տրանսպորտի թանկացման հարցը հետաձգել է, բայց հենց աղմուկը դադարի, նորից կբերեն օրակարգ եւ արագ կընդունեն, ինչպես արեցին կարմիր գծերի դեպքում: 

Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը կարծում է, որ այսօրվա իշխանության եւ ընդդիմության հայտարարություններում կա որոշակի ծայրահեղություն, քանի որ իշխանությունները փորձում են տրանսպորտը թանկացնել բավականին մեծ չափով, իսկ ընդդիմադիրները պնդում են, որ տրանսպորտը պետք է էժանանա։ «Իմ ժամանակ չի եղել երբեք տրանսպորտի թանկացման հարց: Դժվար է հստակ ասելը` ճի՞շտ է տրանսպորտի թանկացումը, թե՞ ոչ: Դրա համար անհրաժեշտ է լուրջ վերլուծություն: Ես միանշանակ չեմ կարող ասել, թե որն է ճիշտ: Երբեք նման առիթ չեմ ունեցել այդ հարցը քննարկելու»,- ասում է նա: 

Ձեր ղեկավարման տարիներին ինչպիսի՞ն էր մայրաքաղաքի տրանսպորտի վիճակը։ «Շատ վատ էր: Վատ ծառայության դիմաց ի՞նչ թանկացման մասին կարող էր խոսք լիներ: Իմ ժամանակ Լիոնի եւ Մարսելի քաղաքապետարաններն ավտոբուսներ նվիրեցին Երեւանին, նաեւ՝ տրոլեյբուսներ: Քանի որ համարվում էինք քույր քաղաքներ, դա էր առիթը: Համագործակցում էինք, իրենք էլ փորձեցին մեզ օգտակար լինել»: 

Իսկ ի՞նչ կարծիքի եք այժմ տրանսպորտի թանկացման մասին։ «Մինչեւ խորը վերլուծություն չլինի, թանկացման մասին խոսք լինել չի կարող, պետք է հիմնավորել, առանց դրա ինչի՞ մասին է խոսքը: Ավտոբուսներ են գնել, այդ ավտոբուսների գումարի գնման վերադարձի խնդիր կա, պետք է հստակ վերլուծություն անեն, եթե խիստ անհրաժեշտություն կա` գուցե սուբսիդավորվի: Անկեղծ ասած, այն պնդումներն էլ, թե տրանսպորտը պետք է էժանանա կամ անվճար դառնա, դրանց հետ էլ համաձայն չեմ: Էդպես ո՞նց կլինի: Մի երկիր ցույց տվեք, որ հանրային տրանսպորտն անվճար է: Ես նման բան չգիտեմ: Մեր երկրի վատն այն է, որ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն ենք: Պետք է հավասարակշռված վերլուծությունների արդյունքում կայացվեն որոշումներ, որպեսզի մեր երկիրը քայլ-քայլ առաջ գնա, ոչ թե հետ: 300 դրամ թանկացման դեպքում պետք է հասցեագրված խավերին տրվի գումար, որպեսզի մարդիկ իրենց վրա չզգան այդ թանկացումից` թոշակառուներ, նպաստառուներ, ուսանողներ եւ այլն: Սովետի ժամանակ ուսանողները մեծ արտոնություններ ունեին` 50 տոկոս զեղչ, անգամ ինքնաթիռի եւ գնացքի համար»,- ասաց նախկին քաղաքապետը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image