Հասարակություն

ՀՀ-ն պատրաստ է թանկ վճարել ԵՄ անզեն դիտորդների համար

ՀՀ-ն պատրաստ է թանկ վճարել ԵՄ անզեն դիտորդների համար

ՀՀ խորհրդարանը վավերացմանն է ներկայացրել տարեվերջին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը, որն այսօր կքննարկվի ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովում։ Ուշագրավ է, որ չնայած պատկան գերատեսչությունները սույն համաձայնագրի որոշ կետեր դիտարկել են ՀՀ օրենսդրությանը չհամապատասխանող, սակայն ԱԳՆ-ն, այդով հանդերձ, առաջարկել է այն վավերացնել։ Նախ հիշեցնենք, որ դեռևս 2022թ. ԵՄ խորհուրդը բավարարելով ՀՀ հայտը՝ կայացրեց որոշում՝ երկու ամիս ժամկետով Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ։

Չնայած այդ առաքելությունն առանձնապես չմեղմեց սահմանային լարվածությունը, սակայն ՀՀ իշխանություններն «ընդդեմ Ռուսաստանի» քաղաքականության շրջանակներում դիմեցին ԵՄ խորհրդին՝ խնդրելով երկարաձգել։ 2023թ.-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն՝ վերջինիս մանդատի մեկնարկից սկսած երկու տարի ժամկետով, համաձայնագիրը ստորագրվեց այդ տարվա նոյեմբերի 20-ին։ 

Պարզվում է, ՀՀ-ն պատրաստ է թանկ վճարել ԵՄ անզեն դիտորդներին, որոնց առաքելությունը, ինչպես նշեցինք, զուտ սիմվոլիկ է ու քաղաքական։ Ըստ համաձայնագրի՝  ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ համաձայնագրով սահմանվում է, որ ընդունող պետությունը ստանձնում է ՀԵՄԱ-ի անձնակազմի անվտանգությունը սեփական միջոցներով ապահովելու ամբողջ պատասխանատվությունը: Բացի այդ՝ նշված են գույքին հասցված վնասի կամ կորստի հետ կապված պահանջների կարգավորման մեխանիզմները, մասնավորապես մինչեւ 40.0 հազար եվրոյին համարժեք պահանջ ներառող եւ այդ գումարը գերազանցող պահանջների դեպքում վեճերի լուծման ճանապարհները: 

«Նշված դեպքերն անկանխատեսելի են, այնուամենայնիվ, ըստ անհրաժեշտության, ընդունող երկրի նկատմամբ վնասի հատուցման պահանջի հաստատման դեպքում, դրա կատարումը եւս ենթադրում է ՀՀ պետական բյուջեով չնախատեսված լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն»: Միեւնույն ժամանակ, համաձայնագրով ՀԵՄԱ-ի եւ ՀԵՄԱ-ի անձնակազմի համար սահմանված են մի շարք հարկային եւ մաքսային արտոնություններ, որոնք սահմանված չեն ՀՀ օրենսդրությամբ, ուստի Համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա բացասական ազդեցություն, բացի այդ՝  արդարադատության նախարարությունը արձանագրել է, որ եթե ընդունող պետության տարածքում ազատվում է մաքսային հսկողությունից, ապա դա հակասում է «Պետական սահմանի մասին» օրենքի այն դրույթին, որի համաձայն՝ պետական սահմանը հատող անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռներն ու այլ գույքը ենթակա են սահմանային վերահսկողության, մաքսային հսկողության:

Ի դեպ, ՔՊ-ական Արման Եղոյանի ղեկավարած, իրականում` պարապուրդի մատնված սույն հանձնաժողովում, ըստ ԱԺ կայքի, սա լինելու է այս տարվա առաջին նիստը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image