«Հրապարակի» զրուցակիցն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Եսայանն է:
- Վերջին տարիներին երեխաների հետ կապված այնպիսի ահասարսուռ իրադարձություններ են տեղի ունենում, որ հասարակությունն ամիսներով չի կարողանում ուշքի գալ: Մի տեղ մայրն է երեխաներին սեռական բռնության ենթարկում եւ դաժանաբար ծեծում, ապա տեսանկարահանում եւ վաճառում, մի ուրիշ տեղ մայրը հաշմանդամ դստերն այնքան է ծեծում, որ սպանում է, այլ դեպքում հայր կոչվածը երեք տարեկան երեխային է դաժանաբար խեղդամահ անում եւ դիակը տեղափոխում: Ի՞նչն է նման դեպքերի պատճառը, գուցե դրանք չեն շատացել, այլ պարզապես հանրային հնչեղություն են ստացել: Ի՞նչ նախադեպ է սա:
- Մարդկության ողջ պատմության ընթացքում, ցավալիորեն, միշտ էլ նման դեպքեր եղել են: Սպանությունն ինքնին սարսափելի երեւույթ է, սակայն գոնե կարելի է ընկալել, եթե այն տեղի է ունենում չափահասների վիճաբանության եւ կռվի ժամանակ: Այդ ժամանակ գոնե ինչ-որ կերպ գլխիդ մեջ կարողանում ես տեղավորել կատարվածը, բայց այն, որ 3 տարեկան երեխային հայրը կարող է դաժանորեն սպանել, ընկալելի չէ: Որտե՞ղ էիք, մարդ Աստծո: Ի վերջո, գյուղ է, կան հարեւաններ, չկան 16 հարկանի բազմաբնակարան շենքեր, բոլորն էլ իրար ճանաչում են: Օրենք ունենք ընտանեկան բռնության վերաբերյալ, տարատեսակ ՀԿ-ներ: Հասարակության մեջ կարծիք կար, որ ընտանեկան բռնությունն ամեն մեկի ընտանիքի հարցն է, եւ չարժե դրան միջամտել, սակայն օրենքն իրականում հստակ կարգավորում է խնդիրը: Որտե՞ղ են սոցիալական ծառայությունները, որտե՞ղ է ոստիկանությունը: Սրանք հարցեր են, որոնք պետք է տալ, բայց միեւնույն ժամանակ, իմ կարծիքով, այս պատմության ամենամեծ մեղավորները հարեւաններն են: Հարեւանները վստահաբար գիտեն՝ ով ով է: Եթե Երեւանի բազմաբնակարան շենքերում շատերն իրար չեն էլ ճանաչում, ապա գյուղերում դա բացառված բան է: Այդ ընտանիքում անպայման ինչ-որ շեղումներ նկատել են տեղացիները, սակայն լռել են: Մարդը եթե հոգեկան հիվանդ է եղել, ապա ինչո՞ւ համապատասխան ծառայությունները չեն զբաղվել, ինչպես նաեւ հարց է ծագում` այդ տղամարդը եղե՞լ է հոգեբուժական ծառայությունում, գուցե բուժման ենթակա է եղել, գուցե` ոչ, սակայն այս ամենը փաստում է այն մասին, որ անտարբերությունը մեր ժողովրդի համար դարձել է մեծ ողբերգություն:
- Բայց արդյո՞ք հարեւաններն են այս ամենի պատասխանատուն: Սոցիալական ինստիտուտներ Հայաստանում գոյություն չունե՞ն:
- Այժմ ցավալիորեն մեծ անտարբերություն է նկատվում: Մենք այն կարող ենք ուղղակի ոչնչացնել: Սոցիալական ծառայությունը չի կարող այնքան ակնոց ունենալ, որ կարողանա հերթով տեսնել, թե ում ընտանիքում ինչ է կատարվում: Դա առաջին հերթին պետք է գա դպրոցից, մանկապարտեզից, ինչպես նաեւ՝ հարեւաններից: Պետք է ահազանգել եւ կանխարգելել: Հայաստանում 450 ՀԿ է գրանցված, բայց արդյո՞ք դրանցից գոնե 100-ը գործում է մշտապես: Երբեմն ոմանք հպարտանում են, որ Հայաստանն այնքան դեմոկրատ երկիր է, որ այդքան հասարակական կազմակերպություններ են գործում, բայց ինչո՞վ են դրանք զբաղվում:
- Իշխանությունների թեթեւ ձեռքով գիշերօթիկ դպրոցներ փակվեցին, մանկատներ: Այդ դեպքում` ինչո՞ւ:
- Ես «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ: Օրերս նշեցինք հիմնադրամի 35 ամյակը: Քաղաքականությունն այնպիսին է, որ փակ հաստատություններից գնում են դեպի բաց հաստատություններ: Երեխան ամենալավը ապրում է իր կենսաբանական ընտանիքում: Ի՞նչ անել, որ կարիքավորությունը չդառնա այլ հաստատություններ դիմելու առիթ: Մի քանի ամիս առաջ փակվեց Գավառի մանկատունը, այդ երեխաները տեղափոխվեցին «ՍՕՍ մանկական գյուղեր»: Ոչինչ, որ ծախսերն ավելի շատ են, շենք-շինություն տաքացնել, 200 աշխատող ավել պահել, բայց ավելի արդյունավետ է նման հարթակում աշխատելը: Ունենք բաց կառույցներ, որոնք աշխատում են այն ընտանիքների հետ, որոնք հավանական է, որ կարող են լքել իրենց երեխաներին, աջակցում են, օգնում են նրանց: Օգնում են ոչ միայն նյութապես, այլեւ գիտելիք ստանալու տեսանկյունից: Պետք է քննարկել բոլոր տարբերակները, բայց ընտրել լավագույն տարբերակը:
- Եթե պետությունը, մի ոտքը երկու կոշիկի մեջ դրած, անտեսելով ոլորտի մասնագետներին, փակեց հատուկ դպրոցներ եւ մանկատներ, արդյո՞ք պարտավոր չէր նվազագույնը զարգացնել սոցիալական ինստիտուտը, ինչն այժմ բավականին թույլ վիճակում է: Այնպես չէ, որ խնդիրը միայն ֆինանսն է, կան ընտանիքներ, որոնք ֆինանսապես ապահով են, բայց, ենթադրենք, ծնողներից մեկը մոլագար է:
- Պետք է մի բան իմանալ, բոլոր երեխաները ռիսկային են, սա թող սթափեցնող կոչ լինի հայ հանրությանը: Ինչ վերաբերում է պետությանը, ապա չի կարելի կողպել դռները եւ այլ աշխատանք կատարել: Սոցիալական աշխատողների քանակը սարսափելի պակաս է: Ինչու, որովհետեւ 120 հազար մարդ եկել է Հայաստան: Եթե առաջ սպասարկում էին օրվա մեջ հինգ անձի, ապա հիմա` ութ: Սոցաշխատողը, ենթադրենք, իքս մեկին է ընդունել, ենթադրենք՝ մարդն ունի ընտանեկան կոնֆլիկտ, այդ ո՞վ բոլորի ներկայությամբ կբացի բերանը եւ կխոսի։ Դրա համար այլ պայմաններ են հարկավոր, ինչը Հայաստանում չկա: Որպեսզի մարդը սոցաշխատողին սկսի վստահել, այն մեծ աշխատանք ու ճանապարհ է պահանջում:
- Սպանված երեխայի եղբայրների, քրոջ հետ պետությունն ինչպե՞ս պետք է վարվի՝ այդ ընտանիքից նրանց փրկելու համար:
- Նախ՝ պետք է երեխայի մոր մեղավորության աստիճանը հասկանալ, եթե այն հաստատվեց, դատարանը պետք է այդ կնոջը զրկի մայրական իրավունքներից, ինչից հետո երեխաներին պետք է խնամատար ընտանիք գտնել: Ոչ թե խնամակալ, այլ` խնամատար: Պետությունը որոշակի հետազոտություն անելուց հետո գտնում է նման ընտանիք եւ փոխարենը 70 հազար դրամ գումար է հատկացնում երեխայի համար: Կա մոնիթորինգի համակարգ: Պետք է պարբերաբար այցելել ընտանիքներ եւ հասկանալ, թե ինչ է կատարվում: Իմ կարծիքով` որդեգրման պարագան ավելի ճիշտ է: Կա Հայ օգնության ֆոնդ, պետք է ժամանակավոր տանել այնտեղ այդ երեխաներին, հետո արդեն իրավիճակը ցույց կտա: