Հասարակություն

Մինչև աշնան սկիզբ նոր իրականություն ենք ունենալու․ Արթուր Գևորգյան

Մինչև աշնան սկիզբ նոր իրականություն ենք ունենալու․ Արթուր Գևորգյան

«Հրապարակի» զրուցակիցը հանրային կառավարման մոդելի փորձագետ, գյումրեցի ճանաչված քանդակագործ Արթուր Գևորգյանն է ։  2020թ-ի պատերազմի, Արցախի հանձնումից հետո  նա պարբերաբար Գյումրիում հավաքներ եւ ակցիաներ է կազմակերպում՝ ընդդեմ ներկայիս իշխանության վարած քաղաքականության։ Արթուր Գևորգյանը ակտիվություն է ցուցաբերում նաև այս օրերին՝ սատարելով «Տավուշն հանուն հայրենիքի» շարժմանը։

«Այս շարժման հետ կապված՝ նախ ինքս ինձ եմ մի շարք հարցեր տվել։ Ես  կանխատեսում էի, որ շարժումն ավարտվելու է դեռ հունիսի մեկին, բայց ինչպես տեսանք՝ արևմտյան ուժերը դեսանտ իջեցրին ՀՀ, ովքեր, ի դեպ, լավ գիտեն կառավարել հանրային հուզումները, եւ Սրբազանի կողմից որոշվեց առճակատման, բախման չգնալ»,-ասաց փորձագետը՝ նոր կանխատեսում անելով․ «Բայց, այնուամենայնիվ, սպասելի է, որ օգոստոսի վերջին՝ մինչև աշնան սկիզբ, մենք նոր իրականություն ենք ունենալու։ Այսօր միակ ողջամիտ քայլը Սրբազանի հետ մինչև վերջ քայլելն է։Հայ ժողովուրդը խելացի, պատվախնդիր, ուժեղ ազգ է,  չի սիրում, որ իր թշնամին իրեն նսեմացնում է ։  2020թ-ից հետո, շարունակաբար, իրար հաջորդող պարտություններից հետո, այս ամենի ֆոնին ժողովրդի մեջ ահռելի էներգիա, մի  դետոնատիվ ուժ է կուտակվել, որ ինչ-որ պահի պայթելու է, եւ այդ ուժի բռնկման առաջին կայծերը, պոռթկումները նախօրեին ԱԺ շենքի առջև տեղի ունեցածն էր։ Այդ պայթյունի ցիկլը շարունակական է լինելու»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ իր համար միանգամայն սպասելի էր ոստիկանների պահվածքը, որի արդյունքում 100-ից ավել  քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածք ստացան։«2022թ-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում  նույնպես պայթուցիկներ օգտագործեցին,  կանանց ու երեխաներին հանեցինք, ես այնտեղ էի, ու այս անգամ էլ բացառություն չէր լինելու։ Երբ ժողովուրդը շարժվեց դեպի ԱԺ, իսկ պառլամենտական երկրում ԱԺ-ն շրջափակելը, նշանակում է, որ ինչ-որ կրիտիկական վիճակ է, իշխանությանը ներկայացնելու կարևոր առաջարկ ունես, այս իշխանությունը, որին Արևմոտքն ամեն կերպ պահում է, եւ ոչինչ չունի ժողովրդին ասելու, պետք է գնար այդ քայլին ։ Ես դեռ հունիսի 9-ի հանրահավաքին էի նման բան սպասում ։ Նույն Արևմուտքը 2018-ին խոսում էր, թե Հայաստանում ժողովրդավարական ինդեքսն ընկել է, իսկ հիմա նայում  եմ իրենց մամուլը, եւ որևէ արձագանք չեմ գտնում, հիմա՝ որ զսպելու խնդիր կա։ Իսկ ԱԺ-ում մենք տեսանք գոռացող Նիկոլին, որ արեց ծայրահեղ հայտարարություն։ Վստահ եմ՝ անկեղծացավ, որովհետև գոռացող մարդն իր ներսից եկողն է ասում։ Սրբազանի հետ հանդիպումը մերժեց, որովհետև ոչ թե վախենում է, այլ հասկանում է, որ մեղավոր է, բայց սխալի գիտակցումը չի ընդունում։

Ես Գյումրիում բազմիցս ակցիաներ եւ հավաքներ եմ իրակացրել, բայց ոստիկանների հետ երբեք բախումների չենք գնացել, հիմա եթե ոստիկանների հետ կա տոտալ,  կատեգորիկ խնդիր, դա հրամայողից է, բայց համոզված եմ, որ գալու է ինչ-որ պահ, որ ոստիկաններն էլ ինչ-որ կետից դադարեցնելու են, փոխելու են վերաբերմունքը, իսկ այդ պահը կգա, երբ մայրաքաղաքի փողոցներում 3-4 օր 30-50 հզր մարդ անընդմեջ պայքարի։Այդ պայքարը կտեղափոխվի նաև մարզեր ։ Սրբազան շարժումը Կիրանից սկսեց, հասավ մայրաքաղաք, բայց տեղային վայրէջք դեռ չի ստացել, երբ մայրաքաղաքում տարերայնորեն սկսվեն անհնազանդության ակցիաները, մարզերը նույնպես ոտքի կկանգնեն»։ 

Փորձագետը նկատում է, որ 2023թ-ի սեպտեմբերյան իրադարձություններից հետո Գյումրին նկատելի փոխվել է․ «Գյումրին Նիկոլի մեկնարկային Գյումրին չէ, թեպետ ասեմ, որ Գյումրին երբեք էլ իշխող կուսակցության համակիրների քաղաքը չի եղել, գյումրեցիները միշտ ավելի խորը, ընդդիմադիր, ուրույն մոտեցումներով տարբերվել են» ։ 

Արթուր Գևորգյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև գյումրեցի քաղակտիվիստ Կարապետ Պողոսյանի կալանավորմանը։ Կարապետ Պողոսյանին ձերբակալեցին Վարդենիսում՝ Սրբազանի հանրահավաքի ժամանակ։ Նրան արդեն երկու օր է՝ տեղափոխել են Նուբարաշեն ՔԿՀ, արգելել էին հեռախոսազրույց ունենալ ընտանիքի անդամների հետ։ «Գիտեք՝ Կարապետի նկատմամբ ինչքան գործեր հարուցեցին, առաջին դեպքը չէ, բայց էս անգամ ավելի հեռուն գնացին։ Երեկ արդեն իր հետ խոսել ենք, ունի լուրջ առողջական խնդիրներ, տան միակ աշխատողն է, էս պահին շատ խնդիրներ են ստեղծվել, բայց վստահ եմ, լավ է լինելու եւ մեր ընկերը, որ այս պահին ակնհայտ քաղբանտարկյալ է,  մեր կողքին է լինելու։Մեր պայքարը քաղաքական չէ, մեր պայքարը գաղափարական է, մարդիկ կան, որ մինչև հիմա չեն հասկացել, որ պայքարում ենք մեր բոլորի երեխաների համար, որ ի վերջո, Հայաստանում ապրելն արժեք դառնա»,-խոսքը եզրափակեց մեր զրուցակիցը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image