Օրեր առաջ Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցում աշակերտների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել եւ 8-րդ դասարանի աշակերտներից մեկին վիրահատել են:
«Վեճ ա եղել տղաների միջեւ, որից հետո Մերուժը իրեն վատ ա զգացել, գնացել ա տուն, հետո իմացանք, որ Հրազդանի հիվանդանոցում վիրահատել են»,- մեզ հետ զրույցում ասացին դպրոցի աշակերտները:
Սակայն, Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցում, մեզ ներկայացրեցին, որ կոնֆլիկտ չի եղել, որ տղաները կատակ են արել.
«Կատակ են արել, դասարանի մեջ իրար քաշքել են, մեկը գլխից բռնել ա, մյուսն էլ՝ պատահաբար տակից հարվածել է ներքին օրգաններին»,-ասաց դպրոցի տնօրենի ժ/պ տիկին Սեդրակյանը: Սեդրակյանին ասացինք, որ վիրահատել են տղային, տեղյակ է, թե հիմա ի՞նչ վիճակում է գտնվում տղան. «Չէ, չեն վիրահատել, տարել են բժշկի, նայել են, ինչ-որ արյուն է եղել, մաքրել են: Տղայի հայրը եկավ ստեղ, ասեց, որ տղան տանն է, քայլում է»:
Տղայի դասղեկն էլ միջադեպը նույնպես ներկայացրեց՝ կատակ երեխաների մեջ. «Իրար հետ խաղացել են, առանց մտածելու, որ կվնասեն իրար: Կատակ են արել, նման բաներ ե՛ւ դպրոցում են լինում, ե՛ւ տանը: Ո՞նց եղավ, որ երեխաների խաղը էդպես մեծ արձագանք գտավ»:
Տիկին Սեդրակյանին եւ դասղեկին խնդրեցինք մեզ տրամադրել տղայի, կամ էլ՝ նրա ծնողների հեռախոսահամարը, ասացին, որ որեւէ կոնտակտ չունեն. « Բայց մենք ձեզ հայերեն բացատրում ենք, կատակ են արել, հիմա ի՞նչ պատրադիր է թերթով, կամ ինչ-որ հրապարակում լինի»:
Երբ պնդեցինք, որ տան հեռախոսահամարը, տնօրենի ժ/պ մեզ ցույց տալով մատյանը, վրդովվեց. «Նայեք մատյանի մեջ տղայի հեռախոսահամարը չկա: Դուք ինձ չեք հավատում: Եկել են հետաքննություն արել են, նայել են, գրել են, ոչ բողոք կա, ոչ բան կա: Ամեն ինչ փակված ա, ախր ձեզ ո՞վ ա ասել, ինչի՞ պետք ա գաք, ես չեմ հասկանում, միջադեպ ա եղել, որտե՞ղ չեն խփում իրար, ասացի՝ կատակ են արել»: Մինչ դպրոցի ժ/պ եւ դասղեկը մեզ համոզում էին, որ ոչ մի միջադեպ էլ չի եղել տղայի հարազատը մեզ հետ զրույցում ասաց.
«Դպրոցում վեճ է եղել, վիճաբանության ընթացքում հարվածել են տղային: Վնաս այնքանով է տարել, որ վիրահատել են: Վիրահատությունը նորմալ է անցել, հետվիրահատական շրջանն էլ նորմալ է անցնում»: