Քաղաքականություն

1933-ին նացիստները հրդեհեցին ռայխստագը եւ մեղքը բարդեցին կոմունիստների վրա

1933-ին նացիստները հրդեհեցին ռայխստագը եւ մեղքը բարդեցին կոմունիստների վրա

Հայոց եկեղեցու դեմ կռիվ անող Նիկոլը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անվանել է մեր ազգային բարոյականության էպիկենտրոն ու շարունակել է հոգեւորականների անվանարկման գործընթացը՝ «Կտրիճ Ներսիսյանին» հորդորելով՝ րոպե առաջ հեռանալ Վեհարանից: Ես էլ, որպես 3 միլիոն վարչապետներից մեկը, Փաշինյան Նիկոլին հորդորում եմ՝ րոպե առաջ լքել ՀՀ վարչապետի պաշտոնը եւ անմիջապես ազատել կառավարության թիվ 1 շենքն ու «դաչաների» առանձնատունը: Որովհետեւ կառավարության թիվ 1 շենքը վերածվել է մեր պետականության էպիկենտրոնի խորհրդանիշի` ի դեպ, ՀՀ երրորդ նախագահի սխալ որոշումների արդյունքում: Եթե դրանք չլինեին, ապա կմնար նախագահականի շենքը, ինչը մեր ազգային մտածողությանն ավելի է բնորոշ: Դրա վկայությունն է հենց այն, որ ժողովրդավարության անվան ներքո փողոցի բռնի ուժով իշխանության եկած անձի վարչապետությունը վերածվել է մեկ անձի իշխանության, ինչը բնորոշ է նույնիսկ ոչ թե նախագահական, այլ՝ բռնատիրական կառավարմանը: Դա ասում եմ որպես, հանուն ժողովրդավարության հաստատման, շուրջ երկու տասնամյակ փողոցներում եւ ընտրատեղամասերում կռիվ տված անձ: 

Ինչեւէ, երբ վերը նշված էպիկենտրոնը գտնվում է 2021-ի նախընտրական ծրագրով Հայաստանի քաղաքացիների քվեն ստացած, իսկ այնուհետեւ այն խախտած քաղաքական խմբակի ձեռքում, նշանակում է, որ զրոյացված է իշխանության լեգիտիմությունը: Այն վերականգնելու համար ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին հորդորում եմ՝ նախաձեռնել եւ կամ միանալ կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջին եւ այդ հարցը դնել ԱԺ ութերորդ գումարման հերթական կամ, ավելի ճիշտ՝ արտահերթ նիստին, ինչը պետք է արվի մեր երկրում ժողովրդավարական արժեքների պահպանման նպատակով: Հանուն ինչի՞ 2018-ի գարնանը մեր ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ մերժելով նախկիններից Սերժին: Իսկ այդ արժեքները, ինչպես տեսնում ենք, զրոյացվում են իշխանության պահպանման եւ հաջորդ տարվա վերարտադրման նպատակով:

Դրա հերթական վկայությունը նախորդ օրվա կեղծիքի, այն է՝ իբրեւ թե հեղաշրջում կատարելու պլանն էր, որ շրջանառության մեջ է դրվել իշխանական կայքերից մեկում: Ինչին անմիջապես հետեւել էին 2018-ի գարնանային հեղաշրջման արդյունքում իշխանությունը զավթած խմբակի անդամների ելույթները: Դրանցից էր, օրինակ, ՔՊ խմբակցության պատգամավոր Ղազարյան Ալխասինը: Ներկայացնելով, այսպես կոչված, «Ընդդիմության հեղաշրջման պլանը»՝ վերջինս գրել է. «Ահա թե ինչպես են «կտրիճներն ու փրկիչները» կոնսենսուսի եկել պետականության դեմ, սակայն մի էական հանգամանք մոռացել են՝ իրենք պրիմիտիվ են եւ ձախողված»:

Այդ գրությամբ տիկինը խոստովանում է, որ 2018-ի «ոչ բռնի, խաղաղ, թավշյա հեղափոխություն» բնորոշվածը շարժում էր ընդդեմ հայոց պետականության, որովհետեւ եթե կեղծիքի հիման վրա ինչ-որ երեւույթ դիտարկվում է պետականության դեմ, ապա իրական նույն երեւույթը՝ կատարված դրանից 7 տարի առաջ, չի կարող դիտարկվել մեկ այլ ձեւով: Հատկապես հաշվի առնելով մի շատ էական հանգամանք, այն է՝ նախորդ շարժումն ուղղված էր ընդդեմ Ազգային ժողովի ձեւավորած կառավարության: Այն ԱԺ-ի, որի լեգիտիմությունը կասկածի տակ չէր դրվել նույն կառույցում որպես ընդդիմություն հանդես եկող՝ վերը նշված քաղաքական խմբակի կողմից: Այնպես որ, ՀՀ իրավապահ համակարգի կողմից կեղծիքի հիման վրա նախաձեռնված գործողությունների շարքն առաջարկում եմ վերածել օրինականի՝ բերման ենթարկելով 2018-ի իշխանափոխության հեղինակներին: Հատկապես որ վերջիններս 2018-ին այնքան ու այնպիսի հակաօրինական արարքներ են կատարել, որ բավարար կլինի նրանց համար մինչեւ կյանքի վերջը պետական միջոցներով «հանգիստ» ապահովելուն ու պետականանպաստ այդ քայլով հաստատել Հայաստանի Հանրապետության՝ որպես ժողովրդավարական երկրի հեղինակությունը ժամանակակից աշխարհում:

ՀԳ. 1933-ին գերմանական խորհրդարանը (Ռայխստագը) հրդեհելով՝ նացիստները մեղքը բարդեցին կոմունիստների վրա: Սակայն 2018-ի գարնանը ՀՀ իշխանությունը զավթած քաղաքական խմբակն այնքան «դուխով» չէ, որ նման արմատական քայլի դիմի, ու այդ պատճառով կեղծված թղթի կտոր է դրել շրջանառության մեջ:    

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image