Հասարակություն

10 տարի առաջ կառուցված էլեկտրակայանի մասին հիմա ինչո՞ւ են հիշել

10 տարի առաջ կառուցված էլեկտրակայանի մասին հիմա ինչո՞ւ են հիշել

Ավելի քան 4 տարի է՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Սուսաննա Պողոսյանի հայցն ընդդեմ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի` սեփականության իրավունքով պատկանող հողամասի տնօրինման, տիրապետման եւ օգտագործման իրավունքի խախտումը վերացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Ի՞նչն է վեճի առարկան:

Ըստ փաստաբան Արմեն Դավթյանի, ով դատարանում ներկայացնում է Սուսաննա Պողոսյանի շահերը, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն ինքնակամ, ապօրինի կերպով կառուցել է էլեկտրակայան եւ իր վստահորդին սեփականության իրավունքով պատկանող հողամասում տեղադրել է էլեկտրահաղորդման մալուխները կրող հենասյուներ, որի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է.

««Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին պատկանող տարածքը կազմում է 14 հազար քմ, իսկ Սուսաննա Պողոսյանի հողատարածքը՝ մոտ 4 հազար քմ: Ո՞րն է 4 տարի շարունակ դատական կարգով լուծում չստացող խնդիրը: «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն իմ վստահորդի սեփական տարածքում ինքնակամ, ապօրինաբար, առանց որեւէ թույլտվության տեղակայել է էլեկտրամալուխները կրող հենասյուներ եւ կառուցել է էլեկտրակայան, որտեղից ապահովվում է «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի էլեկտրամատակարարումը: Մեր պահանջը հետեւյալն է, որ այս ընկերությունը վերացնի Սուսաննա Պողոսյանի սեփականության իրավունքի խախտումները՝ հեռացնի հենասյուները եւ էլեկտրակայանը: Էլեկտրակայանը կառուցելով՝ Սուսաննա Պողոսյանը, ըստ էության, զրկված է իր սեփականությունը տիրապետելու, տնօրինելու, օգտագործելու, այդ թվում՝ եկամուտներ ստանալու հնարավորությունից: Էլեկտրակայանի կառուցման ժամանակ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն ապօրինի հատել է բերքատու ծառերը: Երբ այս ապօրինի կառույցն իրականացվել է, դեռ այդ ժամանակվա համայնքի ղեկավարի, ավագանու կողմից Սուսաննա Պողոսյանին պատկանող հողամասում շինարարություն իրականացնելու շինթույլտվություն չի տրվել, բայց դա չի խանգարել այդ ընկերությանը՝ ներխուժել անհատի հողամաս եւ կառուցել այն, ինչ մտքով անցնում է: Ասեմ, որ արդեն 3 ամիս է՝ հենասյուներից 3-ը կողաշրջվել են: Հաշվի առնելով, թե ում է պատկանում «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն եւ թե ինչ ազդեցություն կարող է ունենալ դատավորների եւ դատական այլ ատյանների վրա, այնուամենայնիվ, մենք գտնում ենք, որ մեր երկրում չպետք է լինեն արտոնյալներ, եւ այս խնդրի լուծումը շատ պարզ է՝ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն Սուսաննա Պողոսյանի տարածքից պետք է ապամոնտաժի ապօրինի տեղադրված հենասյուներն ու էլեկտրակայանը եւ իր տարածքում օրինական կառուցում իրականացնի»:

Նշենք, որ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Լուսնթագ Բեժանյանը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն, սակայն դատարանն այն մերժել է: Ապա «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը ներկայացրել է հակընդդեմ հայց՝ ընդդեմ Սուսաննա Պողոսյանի՝ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին: Այսինքն, որ Պողոսյանի տարածքում գործունեություն ծավալելու իրավունք ստանան: Այնուհետեւ ընկերության ներկայացուցիչները խնդրել են, որ դատարանը դատաշինարարատեխնիկական եւ գնահատման համալիր փորձաքննություն նշանակի, որը բավարարվել է մասնակի՝ նշանակվել է փորձաքննություն, եւ գործի վարույթը կասեցվել է: Հարցին՝ միտումնավո՞ր են հետաձգվում դատական նիստերը, Դավթյանը պատասխանեց. «Չէի ասի, որ միտումնավոր ձգձգումներ եղել են, բայց, ամեն դեպքում, գործի քննությունը դանդաղ է ընթացել, տարբեր միջնորդություններով, դատական նիստերին պատասխանողի ներկայացուցիչների չներկայանալու պատճառով: Դատարանը գործին մասնակցող անձանց միջեւ բաշխել է ապացուցման պարտականությունը, որից հետո պատասխանող «Օնիրա քլաբ» ՍՊԸ ներկայացուցիչները փորձաքննություն նշանակելու միջնորդություն են ներկայացրել, որը դատարանը մասնակի բավարարեց: Գտնում եմ, որ փորձաքննություն նշանակելու մասին դատարանի որոշումը հիմավորված չէ, ինչի հետ կապված՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացվել է վերաքննիչ բողոք: Փորձաքննություն նշանակվել է՝ որոշելու, պարզելու համար հարկադիր սերվիտուտ սահմանելու հնարավորությունները, եւ թե արդյոք կա՞ն այլ հնարավոր տարբերակներ՝ պատասխանողի էլեկտրամատակարարումն ապահովելու համար: Գտնում եմ, որ այստեղ առկա է կոպիտ խախտում, քանի որ սերվիտուտ կարող է սահմանվել օրինական կառույցների համար, օրինական կերպով իրականացրած շինությունների եւ տեղակայված հենասյուների համար: Ինքնակամ կառուցված էլեկտրակայանը եւ ապօրինի տեղադրված հենասյուները փորձում են մտցնել քաղաքացիաիրավական դաշտ: Իսկ օրենսդրությունը հստակ եւ իմպերատիվ կերպով սահմանել է, որ ինքնակամ, ապօրինի իրականացված շինությունները` կլինի բնակելի կամ ցանկացած նշանակություն ունեցող շինություն, ենթակա են քանդման»:

«Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Էմին Խաչատրյանին հարցրինք՝ էլեկտրակայանի կառուցման շինթույլտվություն կամ կադաստրի կողմից սեփականության վկայական կա՞, որով կարելի է փաստել, որ դա օրինական է կառուցվել։ «Այդ մասով մի քանի արձանագրում անենք. էլեկտրակայանը շուրջ 10 տարի է՝ կա, ինձ համար հետաքրքիր է, թե այդ անձինք ինչու նոր հիշեցին, քանի որ էլեկտրակայանը փոխադարձ համաձայնությամբ է կառուցվել, եւ հողի գործառնականը՝ ըստ իր նպատակայինի որեւէ խոչընդոտ չի ստեղծում: Ժամանակին համաձայնություն ունեցել են, եւ էնպես չէ, որ այդ շինարարությունը մեկ այլ անձի պարսպապատ տարածքում` առանց անձի թույլտվության կամ համաձայնությամբ շինարարություն է եղել։ Բացի դրանից, մինչ օրս էլեկտրակայանից սնվում է հյուրանոցը, ու, բնականաբար, համապատասխան վճարումներն էլեկտրացանցին կատարվում են: Տվյալ անձինք փչացնում են, կոտրում են նույնիսկ հենասյուները, կամ, ենթադրենք, հենասյուները քամուց ընկել են, փոխադարձ գործընկերային հարաբերությունները պահելու համար, թույլ չեն տալիս, որ համապատասխան մասնագետները մտնեն վերանորոգեն, մինչեւ դատական գործի ավարտը: Այս հարցի հետ կապված՝ ոստիկանությունն է հորդորել, բայց նույնիսկ դա արդյունք չի տվել: Հիմա դատարանի կողմից փորձաքննություն է նշանակված, որպեսզի փորձագետները, շինարար-տեխնիկները, համապատասխան ոլորտի փորձագետները փորձեն հասկանալ, թե արդյոք ավելի հարմար տարբերակ կա՞, որ քանդվի, տեղափոխվի, ու ինչ վնասների ու խնդիրների առաջ կկանգնեցնեն այդ գործընթացները: Բացի դրանից, սերվիտուտի պահանջ ենք ներկայացրել, որպեսզի հնարավորություն լինի մի քանի քմ հողը, հաշվի առնելով այդ աշխատանքների բարդությունները, չտեղափոխվի, օգտագործվի, եւ շուկայական արժեքներով, ցանկացած ընդունելի ֆորմատով պատրաստ ենք վճարել այդ ամենի դիմաց: Ըստ էության, դատարանը որոշում կկայացնի, հետագայում կհասկանանք՝ ինչ ընթացք կստանա, եւ ինչ պետք է անենք: Այդ շինարարությունը տեղի է ունեցել տարիներ առաջ, եւ որեւէ մեկը չէր պատկերացնում, որ հետագայում մարդկանց մեջ տրամադրություններ կարող են փոխվել ու մեզ համար անհասկանալի պատճառներով կամ հասկանալի, որի մասին չեմ կարող բարձրաձայնել... ամեն դեպքում, շինարարությունը կատարվել է, եւ տեղ չկա, որ անվտանգային գոտի ստեղծվի, շինարարությունը կատարվի եւ որեւէ խոչընդոտ չառաջացնի։ Դրա համար է առաջարկվել սերվիտուտի պահանջը»:

Իսկ փոխադարձ համաձայնությունը ձեռք է բերել բանավո՞ր, թե՞ գրավոր։ «Իմ վստահորդից ես տեղեկացված եմ, որ փոխադարձ համաձայնություն ձեռք բերված է եղել, ենթադրում եմ, որ գրավոր չի եղել, կամ եթե գրավոր եղել է, բայց չի պահպանվել: Որպեսզի մեկ այլ կազմակերպություն մեկ այլ անձի փակ տարածքում կարողանա շինարարություն կատարել, ենթադրվում է, չէ՞, որ թույլատրել են մուտք, ելք անել, թաքուն չեն կարող գալ, կես ժամում շինարարություն անել ու գնալ»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image