Մշակույթ

Ինչո՞ւ պետք է Բրյուսովը, չունենալով հայ գրականության ամբիոն, որոշի հայ գրականության դասագրքի ճակատագիրը

Ինչո՞ւ պետք է Բրյուսովը, չունենալով հայ գրականության ամբիոն, որոշի հայ գրականության դասագրքի ճակատագիրը

Դասագրքերի մրցույթն ավարտվել է, սակայն դժգոհությունները նոր են գլուխ բարձրացնում եւ բարձրաձայնվում։ Նախօրեին գրել էինք, որ «Գրականություն-8» առարկայի դասագրքի ստեղծման հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն՝ «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ն, «Անտարես», «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ները եւ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամը: Հատկանշական է, որ ներկայացված բոլոր դասագրքերը հաղթահարել են սահմանված անցողիկ շեմը, սակայն երաշխավորվել են առավել բարձր միավորներ ստացած «Անտարես» ՍՊԸ-ի եւ «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված դասագրքերը։ 

Ինչպես տեղեկացանք, անցողիկ շեմը հաղթահարած, բայց ԿԳՄՍՆ-ի կողմից չերաշխավորված մյուս 2 դասագրքերի հեղինակային խմբերը բողոքարկել են այս որոշումը, թեպետ բողոքարկումն ընդունվել է, բայց բողոքը չի բավարարվել, այլ կերպ ասած՝ երաշխավորված դասագրքերը մնացել են իրենց տեղում, իսկ մյուսները հայտնվել են խաղից դուրս վիճակում։

«Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից հայտ ներկայացրած «Գրականություն-8» առարկայի դասագրքի հեղինակը գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մակարյանն է։ «Երկար ժամանակ մեզ ոչինչ չէին ասում, ձայն բարբառո հանապատի, մենք անգամ չգիտեինք, թե դասագիրքը որտեղ է գնացել փորձաքննության, քանի որ գաղտնի էին պահում, հետո լուր եկավ, որ բոլոր դասագրքերն էլ անցել են, երաշխավորվել, սակայն այն մյուս 2 դասագրքերն առավել բարձր միավորներ են հավաքել, ուստի դրանք էլ պետք է տպագրվեն»,- մեզ հետ զրույցում նշում է Ա․ Մակարյանն ու նկատում, որ մյուս երկու դասագրքերն էլ լավն են, ավելին՝ գրքերից մեկի համահեղինակն իր ուսանողն է եղել, բայց կան նաեւ ակնհայտ սխալներ, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն արձանագրել է եւ ուղարկել նախարարություն։

Մակարյանն ասում է՝ «Մասնակցային դպրոց»-ի հեղինակային խումբն առաջինն է բողոքարկման հայտ ներկայացրել, որից հետո նաեւ իրենք են դիմել։ «Կետերով գրել ենք մեր առարկությունները, որ, օրինակ, չափորոշիչները խախտված են, թվականների անճշտություն կա, հեղինակներ կան, որոնք լրացուցիչ են․․․ ես լռեցի, անկեղծ ասած, որ չասեն, թե վարկաբեկում է մյուս գրքերը, բայց շատ մեծ եռանդով ու սիրով էինք գրել ես եւ մեթոդիստ Թամարա Թովմասյանը։ Ի վերջո, մենք տվեցինք կրկնակի փորձաքննության, եւ հանկարծ հրատարակիչն ինձ զանգում է եւ ասում, որ նախարարի հրամանը մնացել է անփոփոխ, եւ «Անտարեսի» ու «Տիգրան Մեծի» գրքերն են անցնում։ Ես ոչինչ չունեմ այդ գրքերի դեմ, հատկապես որ լավ են գրված՝ ժամանակակից մոտեցում կա»,-ասում է Մակարյանն ու ընդգծում, որ մի քանի շատ լավ գրախոսություններ են տպագրվել նաեւ իր դասագրքի շուրջ, որտեղ անդրադարձ է արվել գրքի արժանիքներին։
Չե՞ն պահանջել հանձնաժողովի գնահատման միավորները։ «Ի՞նչ գնահատման միավոր պահանջենք, երբ նույնիսկ դիտողություն չէր արվել, եւ հետո՝ մենք չհասկացանք, թե ինչ նիշերով են գնահատել դասագիրքը, որովհետեւ մեզ ցույց չտվեցին այդ ռեյտինգային նիշերը, եւ չիմացանք, թե ինչով էին մյուս դասագրքերն ավելի բարձր։ Ես ինչքան հասկացա, շատ չնչին նիշերով էին տարբերվում իրարից, քանի որ բոլոր 4-ն էլ հաղթահարել էին դրական շեմը եւ երաշխավորվել, բայց առավել բարձր միավորներով պայմանավորված՝ պետության դրամաշնորհով կտպագրվեն հաղթած դասագրքերից միայն 2-ը»,- ասում է Ա․ Մակարյանն ու նկատում, որ թե՛ իր, թե՛ «Մասնակցային դպրոցից» Թամարա Ալեքսանյանի հեղինակած դասագրքերը կլինեն ուսումնաօժանդակ գրականություն, որոնք, սակայն, կտպագրվեն արդեն հրատարակիչների հաշվին եւ ո՛չ պետական դրամաշնորհի միջոցով։  

«Բոլոր 4 դասագրքերն էլ լավն են, ու կարող էին բացառության կարգով երաշխավորել եւ թողնեին՝ դպրոցները որոշեին, թե որ դասագրքով անցնեն… իսկ այս պարագայում կարծես թեւաթափ ես լինում, մեկ ասացի՝ ընդհանրապես հրաժարվեմ ու ոչ մի դասագիրք էլ չգրեմ, բայց հետո մտածեցի, ես որ չգրեմ, ո՞վ է 11-րդ դասարանի գրականության դասագիրքը գրելու։ Դրա համար սկսել եմ աշխատել նոր դասագրքի վրա»,- ասում է Ա․ Մակարյանը, ով այժմ աշխատում է 11-րդ եւ 12-րդ դասարանների Հայ գրականության դասագրքերի վրա, իսկ անցած տարի իր հեղինակած եւ հաղթած 10-րդ դասարանի գրականության դասագիրքն այս տարի սեպտեմբերի 1-ին կմտնի դպրոցներ։
Դասագրքի հեղինակն ասում է՝ չնայած թեւաթափ է եղել, բայց օլիմպիական հանգստությամբ է ընդունել նախարարության որոշումը։ «Հասկանալի է, որ կյանքի-մահվան խնդիր չէ, ընդամենը մրցույթ է։ Ես ոչ մեկի դեմ ոչինչ չունեմ, բոլոր գրքերն էլ լավն են, ավելին՝ օլիմպիական հանգստությամբ եմ տարել այդ որոշումը։ Իմ միակ դժգոհությունն այն է, որ այդ գրքերը փորձաքննեն մասնագիտական ամբիոնները։ Ինչո՞ւ պետք է Բրյուսովի համալսարանը, չունենալով Հայ գրականության ամբիոն, որոշի Հայ գրականության դասագրքի ճակատագիրը։ Ինձ ասել են, որ դասագիրքը Բրյուսով են ուղարկել փորձաքննելու, ո՛չ Ակադեմիա, ո՛չ մանկավարժական, ո՛չ համալսարան, այլ՝ Բրյուսով․․․, իբրեւ թե շահերի բախում կա, քանի որ համալսարանում ես ամբիոնի վարիչ եմ, էլի համալսարան չուղարկեիք, բայց ուղարկեիք Ակադեմիա, մի մեծ Գրականության ինստիտուտ կա, կարող էին, չէ՞, այդտեղ ուղարկել, բայց ինչո՞ւ են Բրյուսով ուղարկել»,- տարակուսում է դասագրքի հեղինակը եւ դժվարանում ասել՝ արդյոք այս որոշման հետեւում կա՞ թաքնված միտում, թե՞ ոչ։   

«Ես իրավունք չունեմ ասելու՝ միտում եղել է, թե չի եղել, ես չգիտեմ դրա մասին, իմ սիրտը միայն մի բանից է կախ՝ ինչո՞ւ է գիրքն ուղարկվել Բրյուսով։ Դա ինձ շատ տարօրինակ թվաց, ախր սա լեզվի դասագիրք չէր, այլ՝ գրականության, եթե դուք չունեք Հայ գրականության ամբիոն ու նաեւ՝ համապատասխան մասնագետներ, ո՞նց եք տնօրինում գրականության մրցույթի ճակատագիրը։ Դասագիրքը պետք է մասնագիտական բուհ գնար, այս հարցում չեմ կարծում, թե սխալ եմ, իսկ Բրյուսով ուղարկեք փորձաքննելու լեզվաբանական գրքեր՝ գերմաներենի, ֆրանսերենի, ռուսերենի դասագրքերը»,- եզրափակում է Մակարյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image