Քաղաքականություն

Դա շատ հարմար տարբերակ է՝ առանց կռվի ներթափանցել քո տարածք ու փոխել քո երկրի քաղաքական կառուցվածքը

Դա շատ հարմար տարբերակ է՝ առանց կռվի ներթափանցել քո տարածք ու փոխել քո երկրի քաղաքական կառուցվածքը

Ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագարությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին նախագիծը,  որով օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում որոշակի ներդրում անելու շնորհիվ կկարողանան ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել։ Այդ մասին երեկ մենք հանդես էինք եկել առանձին հրապարակմամբ։

Նախագծով, օրինակ, տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն սահմանվում են այսպես՝

1) կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով դրամական միջոցների անհատույց տրամադրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով,

2) առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի (բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ ներդրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով,

3) պետական պարտատոմսերի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 7 տարի ժամկետով։

Սա նշանակում է, որ, օրինակ, մեր թշնամի ազգերի ներկայացուցիչները՝ թուրքերը, ադրբեջանիցները, կարող են անարգել գալ Հայաստանում 150 հազար դոլարի չափով ներդրում կատարել և ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ իրավունք վաստակելով նաև մասնակցել Հայաստանի ներքին կյանքի կառավարմանը։

Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը խիստ վտանգավոր է համարում այս նախագիծը կյանքի կոչելը՝ հարց բարձրացնելով, թե սա քաղաքացիություն է ներդրումների դիմա՞ց, թե՞ դանդաղ գործունեության ական պետականության տակ։

Hraparak.am-ի հետ զրույցում նա հիշեցրեց, որ այսպիսի առաջարկություն իրենք ստացել էին դեռևս 2017 թվականին կանադահայ մի անձնավորության կողմից, բայց մերժել են։

«Ես այն ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահն էի, և այն ժամանակ ես մերժեցի այդ առաջարկությունը և բացասական կարծիք ուղարկեցի նաև Ազգային անվտանգության ծառայություն, որովհետև այդ առաջարկը ոնց որ թե հայտնվել էր նաև ԱԱԾ-ում»,-ասաց Հարությունյանը։

Նախկին վարչապետի կարծիքով՝ գաղափարը հետևյալն է․ ակնհայտ է, որ եթե որևիցե մեկը փորձում է այդ առաջարկով շարժվել, հավանաբար պետք է արձանագրի, որ ՀՀ քաղաքացի դառնալը նրան ինչ-որ առավելություններ կամ հնարավորություններ է տալիս հավելյալ, որը նա չունի՝ լինելով իր երկրի քաղաքացի։

«Որովհետև ուրիշ ստիմուլ չի կարող լինել։ Եթե մարդը պետք է գումար ներդնի, որ ստանա ՀՀ քաղաքացիություն, ուրեմն նրան շատ է պետք լինելու այդ քաղաքացիությունը։ Եւ նրա խնդիրը ոչ թե մեր տնտեսական կարողությունները բարելավելն է, այլ քաղաքացիություն ստանալ՝ ենթադրելով, որ այդ կերպ նա ձեռք է բերում մեկ այլ՝ հավելյալ հնարավորություն, որը չունի, եթե շարունակի մնալ ոչ ՀՀ քաղաքացի։ Համաձայնեք, որ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, մեր շրջապատի երկրների քաղաքացիներից որևէ կերպ չենք տարբերվում այդ առումով։ ՀՀ քաղաքացին ինչ-որ մի արտակարգ հնարավորություններ չունի, ասենք, Եվրոպա առանց վիզայի մեկնելու, Չինաստան կամ այլ երկրներ։ Մեզ մոտ հարկային բեռը քաղաքացու նկատմամբ առանձնապես չի տարբերվում մեր հարևան երկրների հարկային բեռից։ Այսինքն՝ ի՞նչ է տալու որևէ մեկին ՀՀ քաղաքացի դառնալը։ Կարող ենք առանց վերապահումների փաստել՝ ոչինչ»,-ասաց մեր զրուցակիցը։

Այդ դեպքում, ո՞րը պետք է լինի ՀՀ քաղաքացիություն ստանալու շահագրգռվածությունը։

Հարությունյանի կարծիքով՝ այս նախագծի ընդունումից հետո ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացի կցանկանան դառնալ, այն էլ՝ նման գումարների պարագայում, մեր ոխերիմ հարևանները։

«Դա շատ հարմար տարբերակ է՝ առանց կռվի, առանց զենք կիրառելու ներթափանցել քո տարածք ու աստիճանաբար փոխել քո երկրի թե՛ քաղաքացիական, թե՛ քաղաքական կառուցվածքը, և, ժամանակի ընթացքում, աստիճանաբար ներթափանցելով քաղաքական ինստիտուտների մեջ, ազդել քո երկրի իշխանությունների ձևավորման գործընթացի վրա։ Սա է լինելու միակ նպատակը։ Այսինքն՝ պատկերացրեք, որ թուրքերը կամ ադրբեջանցիները կարող են 150 հազար դոլար տալով՝ ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, և տարիների ընթացքում նրանց տեսակարար կշիռը մեր բնակչության մեջ կարող է լինել բավականին տպավորիչ։ Այսինքն՝ դա կդառնա հինգերորդ շարասյուն, որոնք կթափանցեն նաև քո քաղաքական կառույցների, հասարակական կազմակերպությունների մեջ, և, ըստ էության, սա կդառնա դանդաղ գործունեության ական մեր պետականության հիմքում»,-ասաց Խոսրով Հարությունյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image