Կառավարության հերթական նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պնդել է, թե 10 եպիսկոպոսներին ինքը չի հանդիպել նախքան կաթողիկոսի հեռանալու պահանջով Մայր տաճարում հավաքվելու վերաբերյալ հայտարարությունը: Ու, բնականաբար, դա իմացել է մամուլից: Մենք էլ մեզ մի պահ դնենք քաղաքականապես միամիտ անձի տեղ ու հավատանք այդ պնդմանը: Արդյունքում կստացվի, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ինքնագլուխ գործ են բռնել: Այսինքն, առանց պետության ղեկավարին իմաց տալու ու առնվազն նրա հավանությունը ստանալու՝ հատուկ գործողություն են իրականացրել: Ու դա արել են իրար հետ համագործակցություն ապահովելով: Այն է՝ 10 եպիսկոպոսներին հասցրել են Էջմիածին ու այնտեղ էլ անընդհատ ապահովել են դրանց անվտանգությունը: Իսկ Մայր տաճար են հասցրել ուղղակի չորս կողմից շրջապատած: Այդ կադրերն, ի դեպ, դիտելը հիշեցրեց հոլիվուդյան ֆիլմերի ծանոթ տեսարանները:
Իսկ եթե, այնուամենայնիվ, մտածենք, որ ո՛չ ոստիկանությունն ու ո՛չ էլ ԱԱԾ-ն ինքնագլուխ ոչինչ չեն անում՝ այն էլ «մեծարգո» վարչապետի օրոք, ապա ստացվում է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ստել է հերթական անգամ: Առաջին հայացքից, մեկ անգամ ավելի կամ պակաս՝ դրանից կարծես թե ոչինչ չի փոխվում: Բայց եթե ինքը ստում էր այդ հարցում, ապա ինչո՞ւ չպետք է ստեր կաթողիկոսի եղբոր՝ Տեր Եզրաս արքեպիսկոպոսի՝ «ԿաԳեԲե»-ի գործակալ լինելու հարցում: Ինչի վերաբերյալ հերթական անգամ բարձրաձայնել էր նույն ճեպազրույցում: Իսկ որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի՝ բերեմ մեկ-երկու տվյալ՝ քաղված Վիքիպեդիայից:
Մկրտիչ Գրիգորի Ներսիսյանը 1984 թվականին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը, իսկ մեկ տարի անց Վազգեն Ա. Վեհափառ Հայրապետի հրամանով՝ ձեռամբ Տեր Ներսես եպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1984-1986 թվականներին Գևորգյան հոգևոր ճեմարանում դասավանդել է «Ներածություն Հին Կտակարանի» առարկան։ 1986-1988 թթ.-ին սովորել է Լենինգրադի հոգևոր ակադեմիայում, ավարտելուց անմիջապես հետո էլ նշանակվել է Լենինգրադի հոգևոր հովիվ՝ «պաշտոնավարելով» մինչև 2000 թ.-ը, իսկ այդ թվի հոկտեմբերին էլ նշանակվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդի պաշտոնակատար: ՔՊ-ական լրատվականում (անվանումը չեմ տալիս չգովազդելու նպատակով) ասվում է, որ ինքը 1986-1988-ին համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ: Այսինքն, դա տեղի է ունեցել Լենինգրադում, բայց, չգիտես ինչու, նրա վերաբերյալ ՊԱԿ-ի թղթապանակի «գաղտնազերծված» թերթիկում անձնական տվյալները գրված են հայերենով:
Ոնց հասկանում եմ, անընդհատ կեղծիքներ արտադրող պետական «ֆաբրիկան», չգիտեմ թե ինչպես, աչքաթող է արել այդ հանգամանքը: Եթե համագործակցության սկիզբը դրված լիներ Գևորգյան հոգևոր ճեմարանում ուսանելու կամ այնտեղ դասավանդելու տարիներին, ապա հայերենի խնդիրը մեջտեղից դուրս կգար: Բայց այդ դեպքում կեղծիքի հեղինակները պետք է, անկախ իրենցից, հայտարարեին, որ խորհրդային «ԿաԳեԲե»-ն հանգիստ կարող էր գործակալներ հավաքագրել ճեմարանի ուսանողներից կամ դասախոսներից: Իսկ դա կնշանկեր ուղղակի հարված Վազգեն Ա. Վեհափառ Հայրապետի հեղինակությանը, ինչը իրենք անել չեն համարձակվել: Չնայած եթե համարձակվեին, ապա ստիպված կլինեին միանալ այն հեղինակներին, ովքեր ժամանակին պնդում էին, թե վերջինս ևս եղել է «ԿաԳեԲե»-ի գործակալ: Ու այդ պատճառով է նրան թույլատրվել սոցիալիստական ճամբարի երկրներից մեկից՝ Բուլղարիայից գալ Հայաստան՝ մինչ այդ ընտրվելով կաթողիկոս: Կարծում եմ, որ նույնիսկ բոլոր կարմիր գծեր հատած Նիկոլը չէր գնա դրան: Ու այդ պատճառով էլ ընտրվել է իրենց համար անվնաս՝ 1986-1988 թվականները:
Ի դեպ, խոստովանեմ, որ Տեր Եզրաս արքեպիսկոպոսի կենսագրությունը նայելուն ուղղորդեց հենց այդ թվականը: Որովհետև մինչ այդ «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքում կարդացել էի թեմայի վերաբերյալ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի և ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի նյութերը և Գուգլի ԱԲ-ի միջոցով իմացել, որ Հայաստանում, Վրաստանում ու մերձբալթյան հանրապետություններում (բացառությամբ Լատվիական ԽՍՀ-ի) ՊԱԿ-ի օպերատիվ աշխատանքը և ընդհանրապես ներքին գրագրությունը վարվում էր մայրենի լեզվով: Ինչը նշանակում է, որ Մկրտիչ Գրիգորի Ներսիսյանի՝ ՊԱԿ-ի գործակալ լինելու հանգամանքն իսկապես կարձանագրվեր հայերեն, եթե վերջինս հետ կապը սկսվեր Երևանում: Իսկ լատվիական բացառությունը բացատրվում է նրանով, որ այնտեղ, ռուսական տարրի ներհոսքի շնորհիվ, շատ տարածված էր ռուսերենը:
Մի խոսքով, հանգիստ կարող ենք պնդել, որ ՔՊ-ական լրատվականում տպագրված այդ լուրը ծնունդ է առել տարիներ առաջ լայնորեն տարածված՝ «օդում կախված լուրերի» աղբյուրից: Իսկ դրանց տիրաժավորողը, հիշեցնեմ, սկզբում Փաշինյան-Հակոբյան զույգի ընտանեկան օրաթերթն էր, իսկ այնուհետև ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության անդամ Փաշինյան Նիկոլը: Ինչը չդադարեց՝ երբ վերջինս միամիտ ժողովրդի ուսերի վրայով հայտնվեց վարչապետի բազկաթոռին: