Խելացի մարդը, առավել եւս` քաղաքական գործիչը, միշտ հետդարձի ուղի է թողնում` փոքրիկ արահետ: Որ երբ իր կանխատեսումն իրականություն չդառնա, ծրագրերը տապալվեն, իրավիճակն այնպես փոխվի, որ ստիպված լինի հրաժարվել իր նախորդ հայտարարություններից, չդառնա ծաղրի առարկա, ստախոսի խարանը չհայտնվի ճակատին, ամոթով չմնա իր ընտրողի, հանրության առաջ: Եթե այս բանաձեւով գործեին մեր պետության ղեկավարները, քաղաքական դեմքերը, մենք բոլորովին այլ իրականության մեջ կապրեինք: Ասենք, ժամանակին Սերժ Սարգսյանը չխոստանար վարչապետի պաշտոնը չզբաղեցնել` Սահմանադրության փոփոխությունից հետո, իսկ եթե խոստացել էր, չդրժեր իր խոստումը: Կամ` Ռոբերտ Քոչարյանը մեծ ինքնավստահությամբ չհայտարարեր, թե «կրելու է» 2021-ի ընտրություններում:
Դե, իսկ Նիկոլ Փաշինյանի տված ու չկատարած խոստումների, իրարամերժ մտքերի ու իր խոսքից հետ կանգնելու մասին ուղղակի հատորներ կարելի է գրել: Յուրաքանչյուր մարդ պետք է մի քանի բանաձեւի հավատարիմ լինի` մի խոստացիր բաներ, որոնք քեզնից կախված չեն, եթե խոստացել ես որեւէ բան, ապա անպայման կատարիր, եթե չես կարողանում խոստումդ կատարել` հեռացիր: Մնացածը, ինչպես ասում են, լիրիկա է: Մնացածը նշանակում է հավերժական «կռուտիտներ», երդմնազանցություն, ուխտադրժություն, նաեւ, ինչու չէ` ստորության, անխելքության եւ տհասության նշան է, եթե անգամ ընդամենը խոսքն այն մասին է, որ սխալ հաշվարկներ ես արել, ու քեզնից անկախ պատճառներով այդ հաշվարկներն իրականություն չեն դարձել: Ամոթ, աբուռ, բարոյականություն ունեցող յուրաքանչյուր իշխանություն 2020-ի ողբերգական պարտությունից հետո կհեռանար: Իսկ ՀՀ իշխանությունները, որպես կանոն, կառչում են աթոռներից, ամեն նվաստացում եւ ձախողում տանում, միայն թե աթոռը պահեն: