Պատերազմում «սև ակնոցներն են նորաձև». համատարած արյունահեղության, թշնամանքի, շարունակվող ռազմական ու նյարդային, հոգեբանական առճակատման ընթացքում դժվար կամ գրեթե անհնար է տարբերակել «արդարն ու անարդարը», «թացն ու չորը», «լավն ու բարին», «մնայուն-արժեքավորն անցողիկ-թյուրիմացությունից»:
Բայց կա մի ողջամտության սահման, կան «կարմիր գծեր», որոնք պետք չէ հատել, ավելի ճիշտ՝ բարոյականությունից դուրս է գնալ դրան: Պարզվում է, որ Մոսկվայի «Սպարտակ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու և Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը ավելացվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում։ Մարդ-լեգենդ, որի փառքի փայլը տարածվել է ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների վրա, այդ թվում՝ նույն Ուկրաինայի: Եվ մարդ, որին պաշտել ու հաստատապես շարունակում են պաշտել ուկրաինայի ոչ միայն մարզական շրջանակները:
Նա մեղադրվում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձի մեջ։
99-ամյա Սիմոնյանը «Սպարտակ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է (160 գոլ)։ Համաշխարհային ֆուտբոլի կենդանի լեգենդը «կարմրասպիտակների» կազմում խաղացել է 1949-ից 1959 թվականներին։ Սիմոնյանը նաև թիմի գլխավոր մարզիչ է եղել 1960-ից 1965 թվականներին և 1967-ից 1972 թվականներին։ Նա 1956 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է օլիմպիական ոսկե մեդալը։
Բայց հայերիս պաշտամունքն ականավոր գործչի հանդեպ պայմանավորված է գլխավորապես այս իրողությամբ. հենց Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը 1973-ին կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը՝ անել «Ոսկե դուբլ»՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր:
Հակառուսականության ֆոնին, Սիմոնյանն առաջին հայ գործիչը չէ, որ ներառվել է Կիևի ոչ ցանկալի անձանց ցուցակում:
Բայց թե ի՞նչ «սպառնալիք» է ներկայացնում մեկ տարուց՝ 2026 թվականին իր ծննդյան «ոսկե 100-յակը» նշող Սիմոնյանն Ուկրաինայի համար, թողնենք նրանց խղճին...