Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանի կողմից աղետյալ ժողովրդին օգնության ցուցաբերումը, փրկարարների խմբի ուղարկումը եւ ի վերջո՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա, հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ ու հանդիպման արդյունքում հնչած հայտարարությունները, ներառյալ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հայ եւ թուրք հատուկ բանագնացների հայտարարությունները, կրկին ակտիվացրեցին քննարկումները կապված այն բանի հետ, թե արդյոք ճի՞շտ է, որ Երեւանն ու Անկարան կարգավորեն հարաբերությունները եւ ինչ է լինելու հետո, երբ հարաբերությունները կարգավորվեն, սահմանները բացվեն ու ճանապարհները սկսեն նորից գործել։ Իհարկե, այս գործընթացը մեկ օրվա գլուխ բերելիք չէ, եւ դա հասկանում են թե Երեւանում եւ թե Անկարայում։ Սակայն եթե իրականությանը նայում ենք սթափ պրագմատիզմի դիրքերից, հասկանում ենք, որ այն անհրաժեշտություն է։ Մի քանի թեզիսներ կան, որոնց այս առնչությամբ հարկ է ուշադրություն դարձնել․
Թուրքիան մեր հարեւանն է, բավականին հզոր, Արեւմուտքը ներկայացնող երկիր, անկախ այն հանգամանքից, թե ինչ հանրային հռետորաբանություն է հնչում Անկարայից՝ ընդհուպ մինչեւ պետության ղեկավարի մակարդակով։ Մենք շարունակելու ենք ապրել այս ռեգիոնում։ Իհարկե մենք չենք ընտրել մեր ներկայիս տեղն ու սահմանները, սակայն ներկա իրականությունում ունենք այն, ինչ ունենք։
Թուրքն, իհարկե, մեր եղբայրը չէ, եւ դժվար էլ դառնա եղբայր, գոնե տեսանելի ապագայում։ Սակայն բարի դրացիական հարաբերությունները Երեւանի եւ Անկարայի միջեւ հնարավոր են, նույնիսկ խիստ ցավոտ համատեղ անցյալի ժառանգության պայմաններում։
Կյանքը ցույց տվեց, որ եւ թուրքը մեր եղբայրը չէ, եւ ռուսը մեր բարեկամը չէ։ Ուստի մեզ պետք է փոխել մեր դիրքավորումը ռեգիոնում, համապատասխանեցնել այն ներկա իրականությանը, նոր ձեւավորվող աշխարհակարգին՝ ապագայում աշխարհի քաղաքական քարտեզի վրա պահպանվելու համար։
Հանրագումարում, այո, Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն, սահմանները պետք է բացվեն, ճանապարհներն էլ պետք է դառնան գործող։ Այլընտրանք պարզապես գոյություն չունի, թեկուզեւ եթե զուտ գեոպոլիտիկ ներկա իրականությունը հաշվի առնենք, որովհետեւ գեոպոլիտիկ տրամադրություններին մենք ոչինչ, բացառապես ոչինչ չունենք հակադրելու։ Այլ է հարցը, թե հարաբերությունների քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը զուգընթաց, տնտեսական-առեւտրային հարաբերությունների մասով, ի վիճակի կլինեն Հայաստանի իշխանություններն այնպիսի կարգավորումներ սահմանել, թեկուզ եւ հաշվի առնելով վրացական փորձը, որպեսզի Հայաստանի տնտեսությունը հնարավորինս լինի պաշտպանված ու երկիրը առեւտրա-տնտեսական ու ֆինանսական էքսպանսիայի չենթարկվի։
Ի վերջո, պետք է հաշվի առնենք, որ Թուրքիան առնվազն 45 միլիարդ ՀՆԱ ունեցող հզոր տնտեսություն է, դժվար համադրելի Հայաստանի տնտեսության հետ ու այս անհավասարությունը, բնականաբար, կարող է ռիսկեր առաջացնել ֆինանսա-տնտեսական ու առեւտրային էքսպանսիայի։ Սա է այն հիմնական հարցը, որի շուրջ այսօրվանից պետք է մտածեն Հայաստանի գործող իշխանությունները։