Քաղաքականություն

«Հրապարակ». Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցը եթե մարդ սպանի, պարտավոր է անհապաղ շտապօգնություն կանչել

«Հրապարակ». Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցը եթե մարդ սպանի, պարտավոր է անհապաղ շտապօգնություն կանչել

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ Մեզ հատկապես հետաքրքրեցին օրենքում ավելացվող 45.1 հոդվածը, որը սահմանում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման հիմքերը, պայմանները եւ սահմանները։ Հիմա փորձում են կարգավորել զենքի կրումն ու դրա հետեւանքներն իբրեւ թե նվազեցնել:

Եվ այսպես․ օրենքում նախ սահմանվում է, որ «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստականություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու եւ համոզելու հմտություններ՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի կիրառումը սահմանափակելու նպատակով, ինչպես նաեւ պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի կիրառման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ: Համապատասխան պատրաստականություն անցնելուց հետո Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի պահելու եւ կրելու զենք ու հատուկ միջոցներ»։

Այսինքն՝ կոմիտեի աշխատակիցները, նախքան ինչ-որ մեկին ծեծելը կամ նրա վրա կրակելը, պետք է նրա հետ բանակցություններ վարեն ու համոզեն, եթե չստացվի, նոր անցնեն բռնություն գործադրելուն։ Հիշեցնենք, որ խոսքը կոռուպցիոն հանցագործությունների մասին է, այլ ոչ թե տեռորիզմի, մարդասպանության եւ այլն: Այսինքն՝ միանգամից դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցը բանակցում է կոռուպցիոների հետ, համոզում նրան։

Հաջորդիվ օրենքը սահմանում է․ «Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք կիրառելու նպատակահարմարությունը դիտարկելիս, ինչպես նաեւ տեսակի ընտրությունը կատարելիս Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը պարտավոր է գործել ստեղծված իրավիճակին, դիմադրության կամ իրավախախտման վտանգավորության բնույթին եւ աստիճանին համաչափ՝ հաշվի առնելով իրավախախտի անձը»։ Ենթադրել կարելի է միայն, թե ինչ է նշանակում «հաշվի առնելով իրավախախտի անձը» արտահայտությունը։ Կարելի է հասկանալ հետեւյալ կերպ․ եթե իրավախախտն ընդդիմադիր է, կարելի է «գլուխը միանգամից բացել», իսկ եթե իշխանական հայացքներ ունի, ապա՝ «քնքշորեն ու մեղմ», բանակցելով ու համոզելով։

Օրենքը նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար պարտականություն է սահմանում, օրինակ․ «Ցուցաբերել կամ ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին օգնություն, մահվան դեպքերում՝ պարտադիր, իսկ մարմնական վնասվածքների դեպքում՝ ըստ անհրաժեշտության, անհապաղ հրավիրել շտապ բժշկական օգնության բրիգադ»։ Այսինքն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը մարդ սպանելու դեպքում պարտավոր է անհապաղ շտապօգնություն կանչել: Չնայած անհասկանալի է, թե սպանված մարդու ինչին է պետք անհապաղ շտապօգնության բրիգադը։

Շատ կուզենայինք տեսնել այս տեքստերը գրողներին, նման առաջարկ անողներին եւ առավել եւս` այն բոլոր պաշտոնյաներին, ովքեր կարդացել են այս նախագիծը եւ հաստատել այն, որ մտնի խորհրդարան:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image