Այս պահին իշխանությունը գտնվում է ամենաթույլ վիճակում։ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ դա պարզ գիտակցում է, ու թերևս դա էր պատճառը, որ «ֆուտբոլային խաղի» 15-րդ րոպեին գավաթ բարձրացրեց ու հայտարարեց.
-Խաղն ավարտված է, ես հաղթել եմ։
Ինչքան էլ նրա լրագրող ընկեր ու բարեկամ ԿԸՀ նախագահը հայտարարի, որ դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, որ Փաշինյանը շտաբերից նախապես տեղեկացել է իր հաղթանակի մասին, այնուամենայնիվ հակադարձ հարցը մնում է՝ իսկ ինչո՞ւ մյուս կուսակցություններից ոչ մեկը չիմացավ իր արդյունքը, նրանք շտա՞բ չունեին...
Փաշինյանի միակ խաղաքարտը՝ «ես նախկինների նման ընտրություն չեմ կեղծել», ժողովրդի աչքի առաջ մոխրանում է։ Ու այսօր նա այնքան անուժ ու թույլ է, որ, հավատացնում եմ, իր նախկին ուժային մեթոդներն այլևս չեն օգնի, որ գոյատևի։
Մի հետաքրքիր բան կա։ «Իշխանությունն այլևս լեգիտիմ չէ»՝ սա քաղաքական դաշտի հայտարարությունն է։ Մնում է, որ ընդդիմությունն այնպես անի, որ ժողովրդի «աչքից չընկնի»։
Ընդդիմության ձեռքում է ժողովրդի ձայնը, և նա չպետք է այդ ձայնի հետ վարվի այնպես, ասես այն իրենն է, իսկ ժողովուրդը չկա։ Այդ սխալը թույլ է տվել Փաշինյանը և այսօր կորցրել է ժողովրդի ձայնը։ Ընդդիմությունը պիտի կարողանա օգտվել Փաշինյանի ոչ լեգիտիմ լինելու հանգամանքից և նրան հասցնի ոչ թե նոր լեգիտիմության, այլ դուրս թողնի խաղից։ Իսկ դա կարող է անել միայն ժողովրդի հետ անկեղծ խոսելով։
Այս պահին հարցը մանդատ վերցնել-չվերցնելուն է հանգում։ Քաղաքագետները բազմաթիվ պատճառներ են բերում՝ հօգուտ վերցնելու կամ չվերցնելու։ Իսկ ես մի պարզ ճշմարտություն կասեմ։
Եթե ընդդիմությունը մանդատ չվերցնի, մեծ քաղաքական և բարոյական ներուժ ձեռք կբերի։ Սրանք էմոցիոնալ խոսքեր չեն։ Ժողովուրդն այս տարիների ընթացքում վայելել է ճամբարափոխ ընդդիմության ճաշը, տեսել է դրա համը և այլևս դժվար է հավատում, որ մանդատ վերցնելը ինքնաբերաբար նշանակում է պայքար, հայրենասիրություն կամ փոփոխություն։
Բայց կա ավելի կարևոր հանգամանք։ Եթե ընդդիմությունն իսկապես համարում է, որ իշխանությունը լեգիտիմ չէ, ապա այդ նույն իշխանության ձևավորած քաղաքական իրականության մեջ մանդատ վերցնելը հակասական ուղերձ է հասարակությանը։ Մի կողմից հայտարարում ես, որ համակարգը սպառված է, մյուս կողմից մտնում ես այդ համակարգի ներս և դառնում դրա մի մասը։ Ժողովուրդը նման հակասությունները շատ արագ է նկատում։
Մանդատից հրաժարվելը կարող է դառնալ քաղաքական հայտարարություն, որ կա արժեք, որն ավելի բարձր է պաշտոնից, աշխատավարձից կամ խորհրդարանական աթոռից։ Դա կարող է ցույց տալ, որ պայքարի նպատակը ոչ թե տեղ զբաղեցնելն է, այլ իրավիճակ փոխելը։
Այս հարցին պետք է մոտենալ ոչ միայն քաղաքական, այլև հոգեբանական տեսանկյունից։ Հասարակությունը վաղուց հոգնել է քաղաքական հաշվարկներից և սպասում է քայլերի, որոնք կհամապատասխանեն հնչեցվող խոսքերին։ Ցույց տվեք, որ հայրենիքը մանդատից թանկ է։ Չեք փոշմանի։
Այդ դեպքում դուք ոչ թե կցրեք, այլ կհամախմբեք ձեզ ձայն տված մարդկանց։ Կուժեղացնեք վստահությունը նրանց մեջ, ովքեր չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենց ձայնը տրվել է պարզապես մանդատ ստանալու համար։ Իսկ քաղաքականության մեջ երբեմն ամենամեծ կապիտալը ոչ թե մանդատն է, այլ ժողովրդի վստահությունը։