Քաղաքականություն

Օտարներին նայելով՝ օր հինգերորդ

Օտարներին նայելով՝ օր հինգերորդ

Ադրբեջանին ու Հայաստանին ռազմական գործողությունները դադարեցնելու եւ բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչեր ուղղելը աշխարհի հզորների համար պատերազմի առաջին օրերին վերածվել է բարեվարքության ժեստերի, որոնք չեն լուծում հիմնական խնդիրը՝ կրակի դադարեցումը: Բայցեւայնպես, արեւմտյան մամուլի, մասնավորապես Reuters-ի, Times-ի, The Guardian-ի շնորհիվ, որոնք գրել էին Թուրքիայի միջամտության, Ադրբեջան վարձկաններ ուղարկելու մասին, սիրիացի վարձկանի հետ հարցազրույց հրապարակած BBC-ի շնորհիվ հինգերորդ օրը դիվանագիտական կոնտեքստը որոշ չափով փոխվեց: Սա անմիջապես արտահայտվեց կրակի գոտում ծանր, բայց արդեն կայուն իրավիճակ ստեղծելով: 

Ադրբեջանի դեմ կտրուկ հայտարարություններ արեցին ռուսն ու ֆրանսիացին 

Լատվիայի մայրաքաղաքում հրավիրված ասուլիսի ժամանակ՝  սեպտեմբերի 30-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ հրետակոծությունն իրականացվել է Ադրբեջանի կողմից, եւ խոստացավ, որ Ֆրանսիան իր դերակատարումն ունենալու է: Երեկ էլ նա հայտարարեց, որ փաստեր ունի, թե Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական իսլամիստներ են մասնակցում: 

Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ մտահոգություն հայտնեց անօրինական զինված խմբավորումների գրոհայիններ հակամարտության գոտի տեղափոխելու առթիվ:  Սիրիայից բացի, ասվում էր նաեւ Լիբիայից տեղափոխվածների մասին:  

 «Կոչ ենք անում շահագրգիռ պետություններին՝ գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի արգելվի օտարերկրյա ահաբեկիչների եւ վարձկանների անթույլատրելի մասնակցությունը հակամարտությունում, եւ նրանց անմիջապես դուրս հանել տարածաշրջանից»,- ասված էր ՌԴ ԱԳՆ հայտարարությունում: «Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ... Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհաքաղաքական սահմաններով»,- այս առիթով իր ՖԲ էջում գրել է ՀՀ վարչապետ Փաշինյանը՝ չպատասխանելով, սակայն, գլխավոր հարցին, որը հուզում է այսօր ողջ Արցախն ու Հայաստանը՝ ինչո՞ւ է հապաղում ռուսի օգնությունը:
 
Պուտինի դիրքորոշման մասին իմացանք թուրքից

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն սեպտեմբերի 30-ին, Anadolu գործակալության հաղորդմամբ, ՌԴ նախագահի եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցներում համաձայնության չի եկել Հայաստանին «ինքնահռչակ» հանրապետությունից հեռացնելու հարցում: «Ասում են՝ դադարեցրեք պատերազմը։ Պետք է հրադադար հայտարարել։ Պետք է, բայց ինչպե՞ս, երբ Հայաստանը չի հեռանում օկուպացված տարածքներից։ Արդյո՞ք այդ մասին ասվում է` ոչ։ Այդ դեպքում ինչպե՞ս կլուծվի հարցը»,- ասել է Չավուշօղլուն Anadolu գործակալությանը: Սա մեր ամենաուղիղ տեղեկությունն էր Պուտինի դիրքորոշման մասին: Երեկ, օրվա վերջում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները վերջապես համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որով դատապարտեցին «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում տեղի ունեցող բռնությունների աճը»՝ կոչ անելով դադարեցնել մարտական գործողությունները:  

Իրենք չեն պատրաստվում խաղաղ բանակցել

Հայտարարությունը խիստ հավասարակշռված է: Արդյո՞ք սա դիվանագիտական հաղթանակ է: Քաղաքագետ Անժելա Էլիբեգովան կարծում է. «Ամենակարեւոր դիվանագիտական հաղթանակը կլինի այն, եթե միջազգային կառույցները, համանախագահները հստակ նշեն, թե ով է ագրեսորը, որ Ադրբեջանը մեղավոր կողմն է կատարվողի, եւ պարտադրեն Ադրբեջանին վերջ դնել ագրեսիային ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ»: Կարո՞ղ է համանախագահողների հայտարարությունը գործուն դեր խաղալ կրակի դադարեցման հարցում: «Կարեւոր է հասկանալ, թե արդյոք կողմերը պատրա՞ստ են վերջ տալ ռազմական գործողություններին եւ անցնել բանակցությունների: Ադրբեջանի ղեկավարության արկածախնդրությունից ելնելով՝ ինձ մոտ տպավորություն է, որ իրենք չեն պատրաստվում խաղաղ բանակցել ու պատրաստվում են շարունակել իրենց ագրեսիան: Հետեւաբար, արդյոք արդյունք կտա՞, թե՞ Մինսկի խմբի համանախագահները ստիպված կլինեն ավելի կոշտ հայտարարությամբ հանդես գալ հետագայում, ժամանակը ցույց կտա»,- ասաց Էլիբեգովան: 

Առավելապաշտությունը մեր ամենավատ դաշնակիցն է

«Մենք պետք է դուրս գանք էյֆորիկ վիճակներից՝ ինչու այս բառը չկար, այն բառը չկար՝ շատ լավ հայտարարություն էր: Պետք է հասկանանք, որ աշխարհի երեք հզոր երկրների առաջնորդները, որոնք միմյանց հետ բազմաթիվ լուրջ խնդիրներ ունեն, Արցախի խնդրում միասնական ու խիստ հայանպաստ տեսակետ ունեն,- գնահատում է քաղաքագետ Գեղամ Նազարյանը։- Ճիշտ կոդերով նրանք դիմել են մեզ եւ հակառակ կողմին, որ դադարեցնենք կրակը եւ առանց վերապահումների վերսկսենք բանակցային գործընթացը: Եթե բանակը մեր զինվորականների, մեր տղերքի խելքի ու տաղանդի շնորհիվ կարողացավ բլից-կրիգը ձախողել, մենք պետք է շատ ճիշտ օգտագործենք համանախագահների հայտարարությունը: Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Արցախը պետք է ողջունեն այն, պատրաստակամություն հայտնեն՝ դադարեցնել կրակը եւ հետո համապատասխան երաշխիքների կամ բարենպաստ պայմանների առկայության դեպքում շարունակեն բանակցությունները, եւ մենք միանգամից ձեռք կբերենք երեք հզոր դաշնակիցներ, գումարած չորրորդը՝ Իրանը»: Ըստ Նազարյանի, ունենք մի շահավետ իրավիճակ, երբ Թուրքիայի կողմից իրավիճակը սխալ գնահատելու արդյունքում, որը Հարավային Կովկասը շփոթել է սիրիա-իրաքյան տարածաշրջանի հետ, որոշեցին ահաբեկիչներին տեղափոխել եւ ստացան արագ պատասխան»: 

Ունե՞նք մենք դիվանագիտական հաղթանակ, թե՞ ոչ 

Այս հարցին փորձագետը պատասխանեց. «Ոչ, մենք նման հաջողություն կունենանք, եթե ՀՀ ու Արցախի քաղաքական ղեկավարությունը ճիշտ արձագանքի համանախագահների շատ դրական ու կարեւոր հայտարարությանը՝ մի կողմ դնելով էյֆորիկ վիճակը, Բաքու գնալու պլանները եւ այլն»: Իրանի Խոդաֆարինի գյուղում արկից երեխա է վիրավորվել, ու սա միակ միջադեպը չէ: Հնարավո՞ր է, որ Իրանն ակտիվանա, ի՞նչ սպասելիք ունենանք այդ կողմից: «Եթե իր ռազմական ներկայությամբ Սիրիան պայքարում է իսլամ ծայրահեղական ահաբեկիչների հետ, ապա Իրանը երբեք ու երբեք թույլ չի տա, որ իր քթի տակ էրդողանաալիեւյան ջանքերով հայտնվեն այդ նույն ահաբեկիչները: Եթե Ադրբեջանի ղեկավարությունն օր առաջ չսթափվի, ծանր հարվածներ է ստանալու: Իրանն էլ, Ռուսաստանն էլ այսօր լեգիտիմ իրավունք են ստացել ռազմական ուղիղ գործողությունների Ադրբեջանի տարածքում՝ հաշվի չառնելով նույնիսկ Արցախի շուրջ իրավիճակը, որովհետեւ դրանք պետություններ են, որոնք բացահայտ պայքարում են իսլամծայրահեղական ահաբեկիչների դեմ: Այդ ահաբեկիչներն Ադրբեջանում չեն մնալու, նրանք ուղիղ հայտնվելու են Դաղստանում, եթե որեւէ գործողություն չկատարեն»: Փորձագետը հիշեցնում է, որ տարիներ առաջ մենք ունեցել ենք դիվանագիտական առումով լավ իրավիճակներ, բայց առավելապաշտության պատճառով կորցրել ենք: «Առավելապաշտությունը մեր ամենավատ դաշնակիցն է, որը կործանում է Ալիեւին եւ Էրդողանին: Թողնենք, որ նրանք կործանվեն»:

Ամենաընթերցված

×
Gallery Image